ԻՍԿ ԵԹԵ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ ՎՆԱՍԸ...


 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր երկրում ամենից շատ շրջանառվող լուրերից մեկն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր, Կենսաթոշակային հիմնադրամի նախկին տնօրեն Վազգեն Խաչիկյանին: Ավելի ճիշտ` նրա ձերբակալությանը:

Ինչպես վկայում են պաշտոնական ատյանները, Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Պատկառելի գումար է, այնպես չէ՞: Բայց, ըստ էության, հազիվ թե սա ամբողջական պատկերը լինի, որովհետև ժամանակին շշուկներ կային, թե տարեկան մոտավորապես 50 միլիոն դոլարին համարժեք դրամ է «շրջանառվում» կենսաթոշակային ոլորտում: Եվ այդ գումարները մաս-մաս հասնում էին որոշ պաշտոնատար անձանց: Ըստ պաշտոնական տեղեկությունների, պետությանը հասցված վնասի և խարդախությամբ կորզվածի մի որոշ մաս արդեն վերադարձվել է: Այսպես, 42 մեղադրյալի կատարած հանցագործությամբ պետությանը պատճառված 327.441.206 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 51.533.305 ՀՀ դրամը: Դատարան ուղարկված գործերով պետությանը պատճառված 14.556.174 դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 12.227.369 դրամը: Քանի որ գումարի այսքան մասը վերականգնվել է, բնականաբար, մեղադրյալ կոչվածներից ոմանք ազատվել են պատժի կրումից: Այսինքն, եթե Վազգեն Խաչիկյանն էլ հայտարարի, որ վերադարձնում է այդ գումարները, ապա նրա նկատմամբ ևս այլ պատիժ կկիրառվի: Դիցուք` երեք տարի նա իրավունք չի ունենա պետական պաշտոններ զբաղեցնե՞լ... Սա մեր ենթադրությունն է, որը հեռու չէ իրականությունից և տրամաբանությունից: Բայց հեռու է օրինականությունից և բարոյականությունից: Հասկանալի է, որ Վազգեն Խաչիկյանը մեն-մենակ չէր կարող յուրացնել այդքան գումարներ, հասկանալի է, որ գործել է կազմակերպված ավազակախումբ` պետական պաշտոնյաների լիազորություններով: Սակայն զարմանալին այն է, որ ինչպես սոցապ, այնպես էլ ֆինանսների նախարարները չեն հետաքրքրվել, թե ուր են գնում գումարները, թե ինչպես է պատահում, որ նախարարության համակարգում տեղի է ունենում նման հանցագործություն:

Այս հանցագործությունը բացահայտվել է 2011 թվականին: Այսինքն, պատկան ատյանների պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերը չէին կարող ծածուկ մնալ բոլոր նրանցից, ովքեր պատասխանատվություն են կրում պետական բյուջեի համար: Բացահայտման դեպքում, ինչպես ընդունված է օրինահարգ երկրներում, համապատասխան ոլորտների կառավարության անդամները հրաժարական են տալիս: Մեզանում, իհարկե, հրաժարականներ չեղան: Պատճառներից մեկն այն էր, որ հանցագործությունը կատարելու ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը գլխավորած անձինք վաղուց հեռացել էին իրենց պաշտոններից: Բայց արդյո՞ք նրանք պատասխան չեն տալու կատարվածի համար, արդյո՞ք ամեն ինչ ավարտվելու է Վազգեն Խաչիկյանով` նրան դիտարկելով որպես բուրգի ամենաբարձր «գագաթ»...

Այս հարցն այսօր շատերին է հետաքրքրում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ