Համախմբվելն օրվա պահանջ է


 

- Վազգեն Սիսլյան, ինչո՞ւ գրավեցիք թուրքական հյուպատոսարանը:
Վազգենը դատավորի հարցին հարցով է պատասխանում.

- Պարոն դատավոր, ի՞նչ կպատկերացնիք Արարատ ասելով:

- Իհարկե հայերիդ ու Հայաստան:

- Պարոն դատավոր, ադոր ու մեր իրավունքին համար էլ գրաված էինք թրքական հյուպատոսարանը…...

                                                               Հատված «Վան» գործողության մարտիկների դատավարությունից

Օրեր առաջ լրացավ ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) պատմական «Վան» գործողության 31-ամյակը: Պատմական, քանի որ ըստ էության այն առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում:

Հայ դատի նվիրյալները` գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, փոխհրամանատար Գևորգ Գյուզելյանը, Հակոբ Ջուլֆայանը և Արամ Բասմաճյանն ընդամենը 20- 24 տարեկան երիտասարդներ էին...

Իսկ ի՞նչ կարծիք ունեն այն տարիների հայրենասեր երիտասարդներն այսօրվա սերնդի մասին:

- Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ազգայնական դաշտը: Գոյություն ունեն տարբեր խմբեր, որոնց անդամներն իրենց ազգայնական են համարում: Տրամաբանորեն նրանք պիտի նույն գաղափարի շուրջ համախմբված լինեին, սակայն եթե ոչ թշնամանք, ապա գոնե հակասություններ նրանց միջև այնուամենայնիվ նկատելի է:

- Այո, իսկապես կա այդպիսի բան: Ես ինքս էլ դա նկատել եմ: Բազմիցս հանդիպել եմ տարբեր երիտասարդական խմբերի հետ և առաջարկել, որ անկախ ամեն ինչից, եթե անգամ չեն կարող միասնական լինել, գոնե ժամանակ առ ժամանակ` 3 ամիսը մեկ միասնական քննարկումներ կազմակերպեն: Մեկն ասում է ազգայնական եմ` այսինչ գաղափարներով, մյուսն ասում է` նժդեհական, մյուսը` ցեղակրոն, մյուսը չգիտեմ ինչ: Ինձ համար բոլորն ընդունելի են, սակայն պիտի հասկանանք, թե ազգայնական ասելով ի՞նչ ենք հասկանում, դեպի ո՞ւր ենք ուզում գնալ: Դեպի նժդեհապաշտությո՞ւն: Նժդեհը կոչ էր անում գործել, հայրենիքի մասին մտածել, հայրենիքի համար պայքարել, հայրենիք ազատագրել: Ոչ թե միայն գրվածքներն ուսումնասիրել ու տողեր փնտրել: Բեյրությում ես Նժդեհից 2 նախադասություն չգիտեի: Դա նշանակում է, որ ես ազգային չէի՞: Քանի որ առիթ ունեմ, նորից կոչ կանեմ երիտասար դական կազմակերպություններին, որ կտոր- կտոր չլինեն: Եվ եթե անգամ ոչինչ չեն ձեռնարկում, գոնե հանդիպումներ կազմակերպեն: Ոչ թե մեկը մյուսին հետամուտ լինեն ու միմյանց մասին չարախոսեն:

- Մեր երիտասարդությունը, փաստորեն բավարար ներուժ ունի, սակայն համախմբվել չեն կարողանում կամ չեն ուզում:

- Բարեբախտաբար` ներուժ ունի: Այսօր ես տեսնում եմ, որ հակառակորդը փորձում է ԱՍԱԼԱ-ն ներկայացնել որպես ահաբեկչական կառույց: Եվ այսօր հաճախ են հարցնում` ԱՍԱԼԱ-ն գոյություն ունի՞, թե՞ ոչ: Ես գիտեմ, որ գոյություն ունի, քանի որ այն պայքարի գաղափար է: Ես ուզում եմ, որ ամեն մարդ իրեն ոչ թե ԱՍԱԼԱ-յական զգա (ես այդ բարձրագոչ բառերից հեռու եմ), այլ գիտակցի, որ ինքն էլ պարտք ունի հայրենիքի նկատմամբ: Ես ու իմ ընկերներն ինչո՞ւ մտանք այդ կազմակերպության մեջ: Ոչ թե որպեսզի ԱՍԱԼԱ գովաբանենք կամ երգենք. համախմբվեցինք, քանի որ պայքար կար այնտեղ: Համախմբվեցինք` պայքարելու, հայրենիքին օգտակար լինելու, հայրենիքն ազատագրելու:

- Ըստ Ձեզ` ո՞րն է մասնատվածության պատճառը:

- Ամեն մեկն ուզում է առաջնորդ լինել: Կան, անշուշտ, երիտասարդական խմբեր, որոնք փորձում են աշխատել, ինչն իհարկե գովելի է: Ի տարբերություն ականջակալներով փողոցում քայլող երիտասարդների` նրանք գոնե փորձում են օգտակար լինել: Բայց պետք է երկրորդական հարցերը մի կողմ դնեն և միասնական լինեն` գլխավոր գաղափարների շուրջ:

Համախմբվելն օրվա պահանջ է: Եվ դա է հաղթանակի գրավականը: Նախքան «Վան» գործողությունը Ֆրանսիայում Ապրիլի 24-ին բոլոր կուսակցություններն առանձին-առան ձին էին հանդես գալիս, տարբեր վայրերում. և ընդամենը մի քանի հարյուր հոգի էին հավաքվում: Դա ընդհանուր ամոթ էր հայի համար: Մեր գործողությանը հաջորդող Ապրիլի 24-ին 10 հազար մարդ հավաքվեց` առանց կուսակցական պատկանելությունն ի ցույց դնելու: Հասկացան, որ գոնե այդ օրը համախմբվել է պետք:

- Ձեր պատգամը` հայ երիտասարդին:

- Շատ բան կարելի է ասել… Հայ երիտասարդն ամբողջ հոգով պիտի գիտակցի, որ ինքը հայ է: Պետք է հասկանա, թե ինչ պարտավորություններ ունի` անկախ իր անձնական կյանքից: Մեր ազգը տարբերվում է աշխարհի բոլոր ազգերից: Մենք այլ կերպ պիտի վարվենք: Պիտի յուրաքանչյուրը փորձի օգտակար լինել հայրենիքին: Հայ երիտասարդն առաջին հերթին իր հայությունը պիտի պահի, օտարամոլ չլինի: Մենք պարտավո´ր ենք: Դա´ է հայրենասիրությունը, դա´ է ինձ համար ազգայնականությունը: Հայ ու Հայաստան… Միշտ Արևմտյան Հայաստանը պիտի մեր սրտերի մեջ մնա, մինչև ազատագրենք: Ես այդ հույսով եմ ապրում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ