Մութ, բայց կռահելի պատմություն


 

Վաղ առավոտյան ոստիկանական կարգախումբն իր ծառայությունն էր կատարում Երևանի Թումանյան փողոցում: Տղաների այդ օրվա հերթափոխը խաղաղ ավարտ կունենար, եթե ժամը 07.40-ի սահմաններում «Ատլանտիկ» ակումբի մոտից բղավոցի ձայներ չլսվեին: Շտապեցին ձայնի ուղղությամբ: Եվ այն պատկերը, ինչին ականատես եղան ոստիկանները, իր մեջ ակնհայտորեն հանցակազմ էր պարունակում. 18-20 տարեկան մի երիտասարդ շնչակտուր վազելով մի կնոջ հետևից` անընդհատ բղավում էր` «փողերս տուր»:

Օրենքի պահապաններին հաջողվեց կասեցնել ասես կրոսավազքի դուրս եկած տարօրինակ զույգին:

Երիտասարդը` 1994 թ. ծնված Հ.-ն, կցկտուր հայտնեց, որ կինը, ում հետևից վազում էր ինքը, «Վան» հյուրանոցային համալիրում իր գրպանից գողացել է 55.000 դրամ:

Կինը բերման ենթարկվեց բաժին: Իսկ թե առավոտ ծեգին ի՞նչ գործ ուներ այդ անհամապատասխան զույգը հյուրանոցային համալիրում, և կինն ինչո՞ւ էր Հ.-ի գրպանից գողացել գումարը` կպարզի ընթացող հետաքննությունը: