Ամեն երազ... լույսի չի հասնում


Անցյալ շաբաթ, «Սինոփսիս Արմենիայի» նոր մասնաշենք այցելության ընթացքում, Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող լրագրողները, օգտվելով առիթից, նրան ուղղեցին քաղաքական բնույթի մի շարք հարցեր, այդ թվում խնդրեցին արտահայտել իր վերաբերմունքը սեպտեմբերի 21-ին Հանրապետության 1-ին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ներկա իշխանությունների հասցեին հնչեցրած բացասական որակումների առթիվ: Ռոբերտ Քոչարյանը չընդունեց ներկա իշխանությունների կոռումպացվածության մասին Լևոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքը: «Հայաստանն այսօր աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն է, Հայաստանում ամենաարդյունավետ բարեփոխումներն են իրականացվում,-արձագանքեց Նախագահը,- և եթե Հայաստանը հնչած որակումների համատեքստում լիներ` մենք երբեք այսպիսի հաջողություններ չէինք ունենա»: Շեշտելով, թե «այդ հաջողությունները չտեսնելու համար մարդը շատ պիտի ինքնամեկուսանար, որպեսզի չնկատեր, թե ի՞նչ է կատարվում երկրում», Ռոբերտ Քոչարյանն ավելացրեց, որ ինքը «շուրջ 10 տարվա ընթացքում երբեք ոչինչ չի ասել առաջին Նախագահի հասցեին», որովհետև համարել է որ, իր բառերով, «անկախ պետականության հիմնադրման հետ կապված` առաջին Նախագահը պետք է որոշակի խորհրդավորության հանգամանքներում լինի, և այդ պատասխանատվությունը առաջին հերթին հենց ինքը պետք է զգա»: Նկատի ունենալով առաջիկա Նախագահի ընտրությունները` Ռոբերտ Քոչարյանն ավելացրեց. «Եթե նա մտնի քաղաքական պայքարի մեջ, դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ ստիպված շատ բաներ հիշեցնելու ենք…»: Եվ տեղն ու տեղը հիշեցրեց, որ 1997-ին, երբ ինքը` Ռոբերտ Քոչարյանը, դարձավ Հայաստանի Վարչապետ, ընդունեց 300 միլիոն դոլարի կարգի ծախսային մաս ունեցող բյուջե, այն էլ 40 միլիոն դոլարի դեֆիցիտով, «իսկ 2008 թվականին մենք արդեն ունենալու ենք 2,5 միլիարդ դոլարի կարգի բյուջե, այսինքն 8 անգամ ավելի»: Հարկ եմ համարում նկատել Հանրապետության 1-ին Նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթին Ռոբերտ Քոչարյանի այս անդրադարձը, մանավանդ ՀՀՇ-ի որոշ գործիչներ ձգտում էին մեր հասարակական լսարանին ներկայացնել իբրև «Լևոն Տեր-Պետրոսյանի Նախագահի թեկնածու առաջադրվելուց ներկա իշխանությունների ունեցած վախի» արտահայտություն: Մասնավորապես, անցյալ շաբաթ հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում հանրահայտ Արշակ Սադոյանի հետ ծավալված բանավեճում խնդիրն այդ լույսի տակ էր փորձում ներկայացնել ՀՀՇ ղեկավար գործիչներից Արամ Մանուկյանը: Իբր` շատ մարդ շատ բան է ասում, ինչու՞ ոչ մեկին չեն պատասխանում, իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանին անմիջապես արձագանքեցին: Ի՞նչ չակերտյալ «վախի» մասին կարող է խոսք լինել` անձամբ ես ուղղակի չեմ պատկերացնում: Մի՞թե Նախագահը պիտի արհամարհեր իր նախորդի ելույթը, որպեսզի ցույց տար, թե նրանից… չի¯ վախենում: Ինչպե՞ս կարող էր արհամարհել, երբ խոսում էր ոչ թե պատահական ինչ-որ մեկը, այլ` այս Հանրապետության 1-ին Նախագահը: Բազմիցս շեշտել եմ, որ Հանրապետության հիմնադիր-Նախագահի հանգամանքը Լևոն Տեր-Պետրոսյանի համար հավերժորեն մնայուն քաղաքական կապիտալ է: Իր 10-ամյա լռությամբ նա, անկախ իր անձի նկատմամբ յուրաքանչյուրիս մասնավոր վերաբերմունքից, անխաթար է պահել այդ քաղաքական կապիտալը: Եվ ես անձամբ վիճարկման ենթակա չեմ համարում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե կրկին քաղաքական պայքարի մեջ մտնելով` Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի կորցնելու է այդ առայժմ անձեռնմխելի կապիտալը, դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ, ում ո°վ ասես և ի°նչ մեղադրանք ասես` հասցեագրելու է: Մասնավորապես, 1-ին Նախագահին կարելի է հարցնել, թե իր ժամանակ իշխանությունները կոռումպացված չէի՞ն, ոտքերն ամպոտ հրեշտակնե՞ր էին: Ուրվականնե՞րը թալանեցին կոմունիստներից մնացած վիթխարի ազգային հարստությունները: Այն ժամանակվա իշխանությունները այդ համընդհանուր կողոպուտից անմա՞սն էին, դրա մեջ իրենց բաժինը չունեի՞ն: Էլի եմ նշել` չեմ ուզում վերհիշել 1-ին Նախագահի կառավարման տարիների դժոխքը: Ուստի վերադառնամ Արամ Մանուկյանի և Արշակ Սադոյանի հեռուստաբանավեճին: Այդտեղ Արամ Մանուկյանը ձգտում էր Արշակ Սադոյանից ուղղակի պատասխան կորզել, թե եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի և դառնա ընդդիմության միասնական թեկնածու, ամբողջ հանրությանը իր հավերժական ընդդիմադիր կեցվածքով հայտնի Արշակ Սադոյանը կկանգնի՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, թե՞ ոչ: Այս հարցադրմանը Արշակ Սադոյանը, ըստ իս` միանգամայն հիմնավոր կերպով պատասխանեց, թե խիստ կասկածում է Լևոն Տեր-Պետրոսյանի «միասնական թեկնածու» դառնալու հնարավորությանը հենց թեկուզ այն պատճառով, որ բազմաթիվ քաղաքական ուժեր ու գործիչներ արդեն իսկ հայտարարել են, որ առաջադրվելու են Նախագահի թեկնածու: Անցյալ շաբաթ Լևոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 21-ի ելույթին նվիրված ասուլիսներով հանդես եկան նաև ընդդիմադիր այլ գործիչներ` Շավարշ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը, Արամ Հարությունյանը: Շավարշ Քոչարյանն, օրինակ, գտնում էր, թե այդ ելույթով Հանրապետության 1-ին նախագահը «դրեց իր վերադարձի վերջակետը»: Տարակույս չունեմ, որ այս իշխանություններին ընդդիմադիր ոչ քիչ ուժեր ու գործիչներ անվերապահորեն հակառակ են լինելու նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում` նախկին Նախագահն ու նրա ՀՀՇ-ական վարչակազմը քչերին չեն «վառել», և անցած 10 տարին դեռևս չափազա¯նց փոքր ժամանակ է, որ հին վիրավորանքներն ու հին մեղքերը մոռացվեն: Գալիք` Նախագահի ընտրությունների առթիվ մի դիտարկում ևս կուզենայի ներկայացնել իմ ընթերցողին: Այս ընտրությունները, իմ կարծիքով, չեն լինելու «ընդդեմ» քվեարկություն: Ներկա իշխանություններից ամեն գնով, այդ թվում անգամ նախկին Նախագահին «ետ բերելու» գնով «ազատվելու» համընդհանուր հասարակական պահանջ մեզանում պարզապես գոյություն չունի: Ում ուզում է դուր գա-չգա` ներկա իշխանությունները Հայաստանի հասարակության մեջ ունեն իրենց բավական ամուր հենարանը, վայելում են ժողովրդի մի ստվար զանգվածի վստահությունը: Դրա անխաբ վկայությունը այս մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էին, որի ընթացքում կառավարող կոալիցիան ստացավ առավելագույն քվեներ: Խորհրդարանական ընտրություններից հետո հասարակական հոգեբանության մեջ որևէ լուրջ տեղաշա՞րժ է եղել: Եվ եթե «այո», հապա ո՞վ ասաց, որ այդ տեղաշարժը… ներկա իշխանությունների օգտին չէ: Այժմ տեղից վեր կացողը հայտարարում է, թե Նախագահի այս կամ այն թեկնածուին, բա չե¯ք ասի, սատարելու պատրաստակամություն են հայտնել 10-20 (կամ ավելի) «լու¯րջ» քաղաքական ուժեր: Հետո՞ ինչ: Մի՞թե այդ 10-20 (կամ ավելի) «լու¯րջ» ուժերի հետևում ավելի շատ զանգվածներ կան, քան հենց միայն «Հանրապետական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետևում: Իսկ նրանք արդեն ունեն Նախագահի իրենց իսկապես միասնական թեկնածուն` վարչապետ Սերժ Սարգսյանը: Եվ ընդհանրապես` ի՞նչ է նշանակում «լուրջ քաղաքական ուժ»: Մի՞թե «անլուրջ» քաղաքական ուժեր էլ են լինում: ժամանակին դեռ Մարքսն էր ասում, թե «գաղափարները նյութական ուժ են ստանում միայն այն ժամանակ, երբ տիրապետում են մասսաներին»: Այսօր, փաստորեն, մասսաներին ամենից ավելի տիրապետում են հենց «Հանրապետականն» ու «Բարգավաճը»: Իրենց ավելի փոքր, սակայն կայուն ընտրազանգվածներն ունեն նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական մյուս կուսակցությունների մի զգալի մասը: Մի՞թե նրանցից որևէ մեկը, իր թեկնածուին թողած, կգնա ուրիշի հետևից: Եվ եթե մեկը կամ երկու-երեքը նույնիսկ գնա` ընտրազանգվածի քվեների քանի՞ տոկոսն է ավելացնելու այդ «ուրիշի» ձայներին: Դա մի իրողություն է, որը կարող են հաշվի չառնել միայն քաղաքական գործընթացների տրամաբանությունը չհասկացող, հասարակության մեջ քաղաքական ուժերի իրական տեղաբաշխումը չտեսնող ու գնահատել չկարողացող, կյանքից կտրված ու պատրանքներով առաջնորդվող մարդիկ: Ի միջի այլոց, ոչ ոքի արգելված չէ պատրանքների տրվել: Ով ուզում է` ազատ է երևակայելու, թե վաղն ինքը դառնալու է ոչ միայն Հայաստանի նախագահը, այլև, ասենք, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը: Ինչու՞ ոչ: Եթե կարևորը երազելն է` ինչու՞ մեծը թողած` փոքր բանի մասին երազել: Բայց մեր ժողովուրդն իմաստուն խոսք ունի` «Ամեն երազ չէ, որ լույս է հասնում…»:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ