Պայքար, պայքար մինչև վերջ...


Հանրապետության նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը կարող է փոփոխություններ առաջացնել ՀՀԿ մարտավարությունում: Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Թե ինչ փոփոխությունների մասին էր ակնարկում Գ. Սահակյանը, այն ժամանակ պարզ չէր: Բայց Լ. Տեր-Պետրոսյանը խոսեց, և շատ բան պարզվեց: Ընտրություններում թեկնածությունների պաշտոնական առաջադրումից ու պաշտոնական քարոզարշավից առաջ, այսօր արդեն տեսանելի է, թե ինչ ուղղությամբ կընթանա ընտրություններում քաղաքական բանավեճը: Հայաստանյան վերջին ընտրություններում ձերբազատվել էինք քաղաքական ուժերի կողմից ղարաբաղյան հակամարտության շահարկումից: Գոնե այս հարցում իշխանությունների և ընդդիմության միջև, մեծ հաշվով, տարաձայնություն թերևս չկար: Սակայն Լ. Տեր-Պետրոսյանը 9-ամյա համառ լռությունից հետո հրապարակային իր առաջին ելույթում անդրադարձավ այդ` ազգային ինքնագիտակցման, ազգային ինքնաճանաչման ու ինքնահաստատման առումով, հասարակության, ազգի համար նաև պատվախնդիր թեմային: Ըստ Լ. Տ.-Պ.-ի, այդ հարցում իշխանությունների վարած սխալ քաղաքականության պատճառով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մտել է փակուղի: Նա համոզված է` Ադրբեջանը ոչ մի զիջման չի գնա, բայց ինքը գիտի հակամարտության կարգավորումը փակուղուց հանելու և խնդրի լուծման ճանապարհը: Այս հայտարարությունը մի քանի լուրջ խնդիրներ ու հարցեր է առաջացնում: Դրանցից մեկ-երկուսին արժե անդրադառնալ: Առաջին. եթե Լ. Տեր-Պետրոսյանն, իրոք, գիտի այդ խնդրի` մեզ համար նպաստավոր, որ նույնն է` նաև պատմական առումով արդարացի լուծման ճանապարհը, ապա ինչո՞ւ այդ մասին չի ասում երկրի առաջին դեմքերին: Չէ՞ որ այդ հարցը համազգային նշանակության և ոչ թե կուսակցական, ներքաղաքական խաղերի խնդիր է: Երկրորդ. ըստ էության Լ. Տ.-Պ.-ի այս հայտարարությունը հիշյալ խնդրի տերպետրոսյանական լուծման բավական թափանցիկ ակնարկ է պարունակում: Ուշադրություն դարձնենք. Ադրբեջանը ոչ մի զիջման չի գնա, ասում է Լ. Տ.-Պ.-ն: Այսինքն, ըստ Հանրապետության առաջին նախագահի, միայն հայկական կողմը պետք է զիջումների գնա, եթե ցանկանում է վերջնականապես լուծել հակամարտությունը: Իսկ դա նշանակում է Ղարաբաղն անվերադարձ թողնել Ադրբեջանին` դրանից բխող բոլոր` հայության համար, մեղմ ասած, անցանկալի հետևանքներով: Դրա վառ ապացույցը Նախիջևանն է: Դեռևս տարիներ առաջ Լ. Տ.-Պ.-ի նշած կռվանների հետ մեր բանավեճը հիմնավոր դարձնելու համար, թերևս, հարցին մոտենանք իրատեսական, տնտեսական տեսանկյունից: Նա միշտ նշել է, որ Ադրբեջանը տնտեսապես հզոր է Հայաստանից, որ ադրբեջանական նավթը հետաքրքրում է աշխարհի հզորներին… Մենք առիթ ունեցել ենք փաստելու, որ աշխարհում շատ հարցեր, իրոք, նավթով է որոշվում, աշխարհը էներգետիկ խնդիր է լուծում: Բայց մարդիկ, ղարաբաղյան հարցում տրվելով զուտ հայրենասիրական, ազգային ռոմանտիզմին, մոռանում կամ պարզապես չեն նկատում շատ կարևոր իրողություններ: Իսկ այդպիսի իրողություն է այն, որ ակտիվացել են Հայաստանում նավթի ու գազի առկայության մասին խոսակցությունները: Ավելին, բոլորովին վերջերս կանադական էներգետիկ` նավթային ընկերությունները շոշափելի ներդրումներ են կատարում Հայաստանում, մասնավորապես, Արմավիրի մարզում գազի որոնման, հորատանցման համար: Եվ դա` Արմավիրի մարզում գազի արդյունահանման հնարավորությունն, այն աստիճան իրական է, որ դրանով հետաքրքրվել է նաև Ռուսաստանը և այդ գործում ներդրումներ կատարելու ցանկություն հայտնել: Ոմանք կարող են հեգնել, թե այդ ամենը դեռևս զրույցների մակարդակում է, ոչ մոտ ապագայի տեսլական: Բայց աշխարհի հզորներն աշխարհաքաղա քական իրենց պլանները կազմելիս չեն հենվում 5 կամ 10 տարվա հաշվարկների վրա: Անշուշտ, հաշվի է առնվում, թե տնտեսական-քաղաքական ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ տարածաշրջանում, եթե Հայաստանում սկսեն գազ արդյունահանել: Եթե… Բայց այսօր այդ մասին արդեն «եթե»-ով չեն խոսում, այլ իրական ներդրումներ են կատարվում: Այս դասագրքային իրողություններն, անշուշտ, հայտնի են Լ. Տեր-Պետրոսյանին: Եվ լավագույն դեպքում, կարելի է միայն զարմանալ Ղարաբաղի հարցում նրա մարտնչող պարտվողական դիրքորոշման համար: Թերևս, մնում է միայն հիշեցնել, որ ՀՀՇ-ն և Տեր-Պետրոսյանն իշխանության եկան ղարաբաղյան շարժման անկասելի ալիքի շնորհիվ: Եվ հենց այդ` ազգային-ազատագրական գաղափարներին դեմ գնալու պատճառով հեռացվեցին իշխանությունից: Հիմա ՀՀՇ-ականներն ասում են, թե 1998-ին Հայաստանում կատարվածը պալատական հեղաշրջում էր: Եթե անգամ այդպես էր, ապա ժողովուրդը կկանգներ ազգընտիր Նախագահի թիկունքին, եթե վերջինս իրոք ազգընտիր ու ազգային իղձերին ու նպատակներին դավաճանած չլիներ: «Իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը»,- սրանք 1998 թ. Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարական ելույթում ասված խոսքերն են: Իհարկե, նրա նման գործիչը լավ, գերազանց գիտակցում էր, թե դանդաղ գործողության ինչ հզոր ռումբ է դնում եկող իշխանությունների տակ իր այս մի հատիկ արտահայտությամբ: Այդ` եկող իշխանությունը նույն` հարազատ (՞) երկրի իշխանությունն էր: Հետևաբար, այդ վտանգավոր ռումբը Լ. Տ.-Պ.-ն դնում էր այդ նույն երկրի, նաև ի°ր գործուն մասնակցությամբ ստեղծված պետականության հիմքում: Եվ ահա, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա (Լ. Տ.-Պ.-ի ձևակերպումն է) համարող, իրեն իշխանության բերած` ղարաբաղյան շարժման մահախոսականի հեղինակն ու գերեզմանափորն այսօր ներքաղաքական պայքարում շահարկումների առարկա է փորձում դարձնել ազգային ամենանուրբ զգայարանները շոշափող` ղարաբաղյան հարցը: Ընդդիմադիր դաշտից ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց, թե իր այդ ելույթով Լ. Տ.- Պ.-ն «ոչ» ասաց ինքն իր թեկնածությանը: Ինչ վերաբերում է այսօր առկա կոռուպցիայի և այլ բացասական երևույթների մասին նրա ասածներին, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը տեղին է նկատել` այդ ամենի հիմքը դրվել է ՀՀՇ-ի օրոք: Իսկ բացասականը, վատը, ցավոք, միշտ հեշտությամբ է ներմուծվում և արմատակալելուց հետո դժվարությամբ է մաքրվում. դրա համար երկար ժամանակ է պահանջվում: Դաշնակցությունն ասում է` Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումը կնպաստի, որ պայքարն ընթանա գաղափարական դաշտում: Ըստ այդմ, ստացվում է, որ պայքարը պետք է ընթանա ազգային և ապազգային գաղափարախոսությունների միջև: Ինչ, 21-րդ դարասկզբում, երբ թվում է` մեր ազգային խնդիրների լուծման ճանապարհի հերթական հանգրվանին ենք հասել, դարձյալ պետք է պայքարե՞նք ապազգային դրսևորումների դեմ: Եթե այդպես է, ուրեմն ճիշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր` «Պայքար, պայքար, մինչև վերջ: Իսկ քանի որ մեր պայքարը վերջ չունի…»: Իրոք, մեր պայքարը վերջ չունի…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ