ՏՈՆ ՆՈՐՈԳՈՒՄԻ


Օգտակար լինելու անկեղծ մղումը նախադուռն է արարումի, որը մարդկային հոգուց է բացվում և բարյաց պարտեզ դառնում այլոց համար: Հատկապես նրանց` ովքեր կարիքը ունեն ճշմարիտ բարեսիրության: Օտար ափերում բնավորված մեր հայրենակիցներից ոմանց համար Հայրենիքը սեփական բարեկեցության չափանիշ է. չե՞ն գտել իրենք ոսկեբեր երակը` հայրենի եզերքը մնում է սոսկ դեպքից-դեպք կենաց-բաժակային հիշողություն: Ոմանք էլ, բարեբախտաբար, հոգու կանչին ականջալուր` փորձում են շենացնել թեկուզ գողտրիկ մի անկյուն, նոր շունչ պարգևել իրենց բնօրրանին` կաթիլ առ կաթիլ լեցուն դարձնելով հավատո ըմպանակը: Աշխարհին Գանձասար պարգևած արցախյան Վանք գյուղն այլևս ձերբազատվել է հետպատերազմյան բոլոր տեսակի բարդույթներից: Գյուղում ամուր և առողջ արմատներ ձգած Հայրապետյան գերդաստանի մի շառավիղը` մոսկվաբնակ Լևոնը, արժանի զավակի և բծախնդիր տանտիրոջ հոգածությամբ նորոգում է իր ոստանը: Շենանում է գյուղը` նորակերտ ու ինքնօրինակ կառույցներով: Եվ վանքեցին, արդ, վերագտել է այն հպարտությունը, որն հիրավի վայել է աստվածապարգև Գանձասարի տերերին: Այդօր կրկին տոնը գյուղ էր մտել և ծվարել բոլոր հոգիներում: Ժամանակակից կրթօջախին վայել բոլոր միջոցներով հագեցած հոյակերտ նոր դպրոցի շահագործման սկիզբն էր ազդարարում Լևոն Հայրապետյան բարեսերը, ով իր ապրած կյանքում մեծագույն վայելքը համարում է մարդկանց օգտակար լինելը, մնայուն արժեքներ ստեղծելը: Արժեքներ, որոնք հանուրի սեփականությունն են դառնում և մղում են կրկնել հին ճշմարտությունը` անհատի լավագույն այցեքարտը նրա գործերն են: Լևոն Հայրապետյանը փոքր-ինչ այլ կերպ է ձևակերպում այս իմաստնությունը` «Ամեն ինչ անում եմ սրտիս թելադրանքով և ժողովրդի համար»: Գյուղում ինքնատիպ շինություններ կառուցող գործարարին անցյալ տարի դպրոց են հրավիրել և, չի կարողացել անտարբերության մատնել դպրոցական հին շենքի վիճակը: Ուսումնա կան մեկ տարին բավարար էր, որպեսզի գյուղի սկզբնամասում շքեղատես նոր կրթօջախ հառնի` նորագույն գույքով ու տեխնիկայով հագեցած: Ինչպես հյուրերից մեկը կատակեց` հարմարավետ դասասենյակներում արժեր հավերժ աշակերտ մնալ: Դե, իսկ համակարգչային տեխնիկան, մարզասրահը, լողավազանը, նույնիսկ մեծ քաղաքների դպրոցներից շատերի համար դեռևս դժվարիրականանալի երազանքի է նման: Ի դեպ, այս դպրոցում տարիներ առաջ տնօրեն է եղել բարերարի հայրը, ում հիշատակը չի խամրել սաների հոգում: Եվ պատահական չէ, որ հենց համագյուղացիների ցանկությամբ կրթօջախը կրելու է Գուրգեն Հայրապետյանի անունը: Այսուհետ դպրոց գնացող-եկողին բարին է մաղթելու հարգված այս մտավորականի ճաշակաձույլ կիսանդրին` քաջալերող ժպիտով… Հիրավի տոն էր Վանք գյուղում. մեծ իրադարձություն` ուսման հարգն իմացող, կրթությունն արժեվորող վանքեցիների և այդ առիթով գյուղը «պաշարած» հյուրերի համար: Իսկ սահմանամերձ բնակավայրում հատկապես երիցս կարևոր է նման ձեռնարկումը: Դպրոց` նախևառաջ ասել է` մայրենիի պահպանում: Նորոգ դպրոցը երաշխիքն է հիմնավոր գիտելիքների ձեռքբերման: Եվ, ամենակարևորը` հայրենասիրության այբուբենը շեն պատերի ներքո է շունչ ու ոգի դառնում: Բակո ՍԱՀԱԿՅԱՆ Ընդգծված վերաբերմունք գործարարությանը ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո ՍԱՀԱԿՅԱՆԸ կրթությունը, գիտությունը և դպրոցաշինությունը երկրի զարգացման ռազմավարական ուղին է համարում: Որպես խոսուն վկա բարի կամքի` նա մատնացույց է անում Գուրգեն Հայրապետյանի անվան դպրոցը և գործարարության զարգացմանը նպաստելու իր ծրագրերի մասին մեր հարցին պատասխանում հակիրճ, բայց` համոզիչ: - Այս կառույցը հենց դրա արտահայտությունն է: Առանց գործարարության, գործարարներին չաջակցելով` բարեսիրության մասին մտածել չի կարելի: Մենք միշտ էլ ընդգծված վերաբերմունք ենք ունեցել գործարարության նկատմամբ, և Լևոն Հայրապետյանն այդ բնագավառի լավագույն օրինակներից է: Եվ շարունակելու ենք մեր քաղաքականությունն այդ խավի ներկայացուցիչների նկատմամբ` հաշվի առնելով, որ գործարարությունը հիմնական միջոցներից մեկը կարող է հանդիսանալ մեր երկրի զարգացման ճանապարհին: Հնարավորություն ունեցողներն անպայման պետք է օգնեն ժողովրդին: Ես ասում եմ` նախ մտածենք ժողովրդի, ազգի մասին, հետո` ընտանիքի: Կանցնի 10-15 տարի, և պետությունն էլ պահանջ չի ունենա ու ինքը կհոգա մեր բոլորի, մեր երեխաների կարիքները: Սեյրան ՕՀԱՆՅԱՆ. Նույնքան դժվար է նվաճումը պահպանելը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հենց այս իրողությունն էլ կարևորում է` ասելով. - Կրթության ոլորտը մի շարք նմանություններ ունի բանակի հետ` կրթական ծրագրերի, ուսուցման կազմակերպման, դաստիարակչական աշխատանքների և մանկավարժական մեթոդների առումով: Եվ Զինված ուժերի ղեկավարության համար անչափ կարևոր է նման կրթօջախների գոյությունը` հատկապես սահմանամերձ գոտում: Այսինքն` հարմարավետ, ուսուցման որակին նպաստող դպրոցը երաշխիք է, որ սահմանամերձ գյուղի բնակիչները, նրանց զավակները չլքեն իրենց բնակավայրը: Չէ՞ որ նրանք երկրապահ են` այդ բառի ամենաիսկական իմաստով: Իսկ Վանքում այս իրադարձության առանձնահատկությունն այն է, որ դպրոցը կառուցող անհատը` Լևոն Հայրապետյանը, պատերազմի ողջ ընթացքում միշտ աջակից լինելով մեր պայքարին, հետպատերազմյան տարիներին էլ նպաստում է հայրենի օջախի շենացմանը: Հաղթանակելուց, ինչ-որ բան ձեռք բերելուց ավելի դժվար է և ավելի` կարևոր` այն պահպանելը: Ես միշտ ասում եմ, որ խաղաղության պայմաններում աշխատանքով և ծառայությամբ կատարվող սխրագործությունները ոչնչով չեն զիջում մարտական քաջագործություններին: *** Արցախ աշխարհին պատուհասած դառն փորձությունների ճամփան հաղթանակով անցած լեգենդար Կոմանդոսը` գեներալ-մայոր Արկադի Տեր-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ նաև իր ու հանուն հրաշալի այս պահի իրենց կյանքը նվիրած բոլոր քաջորդիների տոնն է համարում իրադարձությունը: Եվ իրեն բնորոշ անմիջականությամբ փաստում. - Մարտի դաշտում մենք չէինք էլ մտածում այսպիսի օրերի մասին: Ոչ թե չէինք հավատում հաղթանակին ու խաղաղությանը, այլ մտածում էինք միայն դրանք նվաճելու մասին: Երազելու, ապագան պատկերացնելու ժամանակ չկար: Մեկ խնդիր ունեինք` օր առաջ երկիրը մաքրել անարգ թշնամուց և զոհ չդառնալ դավադիր գնդակին: Հանուն ա°յս օրվա, հանուն խաղաղության պարգևած ձեռքբերումների` արժե°ր մարտնչել: Հաղթանակի վայելքը ուրիշ է… Դպրոցական շենքը Լևոն Հայրապետյանի միակ նվերը չէ իր ծննդավայրին: Եվ ոչ էլ` վերջինը: Անշահախնդրորեն օգտակար լինելու մղումով նաև մնայուն արժեքներ է ստեղծում` փոքրիշատե թեթևացնելով հայրենակիցների հոգսը: Խոսել չի սիրում, առավել ևս` պատմել կատարած գործերի մասին: Իսկ ծրագրերը շատ են ու արդեն իսկ` որոշակի. - Հիվանդանոց պետք է կառուցենք, մարզադաշտ, ռազմական ուսումնարան` մեր երիտասարդության առողջությունն ու կամքը կոփելու, հայրենասեր մարտիկներ դաստիարակելու: Ճանապարհներ պիտի կառուցենք… Գյուղի միջով հոսող գետը ուզում եմ, որ ժողովրդին ծառայի. ձկնարդյունաբերությանը զարկ տալու ծրագրեր ունեմ: Իհարկե, նաև զբոսաշրջությանը պետք է զարկ տալ… *** Արցախցին վարժվել է արդեն` նշանակալի բոլոր առիթներով իր կողքին տեսնել Հայ Առաքելական եկեղեցու արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ: Այդօր նույնպես Սրբազան հայրն իր հոտի կողքին էր: Եվ գոհունակությունն առ Աստված ուղղելուց առաջ նա դիմեց պատվարժան վանքեցուն: - Դուք միշտ էլ եղել եք Արցախի հետ, միշտ էլ արել եք հնարավորինը և շարունակելու եք անել. վստա°հ եմ: Այսօր Դուք շենացնում, ծաղկեցնում եք Ձեր հարազատ Վանք գյուղը, և տա° Աստված, որ այսպես հասնեք Ձեր ամենամեծ նպատակներին` մեզ հետ միասին: Մեր խորին շնորհակալությունը` Ձեզ: Ձեզ` երկար տարիների առողջ կյանք և շարունակ բարեգործություն ու ներդրում Արցախ աշխարհում: Սրբազանն ի խորոց սրտի նաև աղոթք է հղում Բարձրյալին Ամենակալ. - Օ¯, Տեր ամենակալ և ամենակարող Աստված. Դու` պարգևիչը ամեն բարիքների և բոլոր հաջողությունների. ահա այս ծառայդ քո և բարերարը մեր` Լևոն Հայրապետյանը, անդուլ կերպով աշխատեց և տքնեց քո սուրբ երկյուղով: Եվ հիմա հասել է պահը, որ վայելի իր տքնաջան աշխատանքի և արդար վաստակի արդյունքը: Արդ` օրհնիր իրեն, Տե°ր, և շնորհիր, որ քո օրհնությամբ անվրդով կերպով վայելի իր աշխատանքի արդյունքը` գոհությամբ և ուրախությամբ: Օրհնիր նաև այս դպրոցը` անվամբ Գուրգեն Հայրապետյանի` զդասախոսական կազմս և զաշակերտութ յունս և այն հեռու պահիր ամենայն չարիքից ու փորձանքից: Քո ողորմության շնորհքը առատ արա այս դպրոցի վրա… Գոհար ԲՈՏՈՅԱՆ Արցախ. Վանք-Երևան ՉԱՐԵՆՑԱՎԱՆ¬ 60