Հայ երգի դեսպանը


Մայր բնության շնորհած պարգևները բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատվում են ժամանակին ու խնամքով ամրապնդվում: Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԻ ներկայիս միջազգային ճանաչման նախապայմանը սա է: 5 տարեկանում այլևս կասկած չհարուցող ձայնային բնատուր տվյալների նպատակասլաց մշակմամբ 2 տարի անց որպես մեներգիչ սկսեց հանդես գալ Երևանի մանկական ֆիլհարմոնիկ երգչախմբում` վաստակելով «Փոքրիկ Կարուզո» մականունը: Լինելով կոնսերվատորիայի II կուրսի ուսանող` իր շքեղ ձայնը հնչեցրեց օպերային թատրոնի բեմից` արժանանալով Տաթևիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի և հայ երգարվեստի մյուս մեծերի մասնագիտական հետաքրքրությանը: Հայաստանի սոխակի ղեկավարությամբ ավարտելով ասպիրանտուրան` որպես Բելկանտո ազգային վոկալ մրցույթի դափնեկիր 1997-ին մասնակցեց մոսկովյան «Աշնանային սերենադ» միջազգային փառատոնին: Ելենա Վասիլևնայի «վարպետության դասընթացները» առաջին ազդեցիկ խթանը հանդիսացան միջազգային ասպարեզում հայտնվելու: Մերժելով օպերային արվեստում գերիշխող ռեժիսորական դիկտատը, որի արդյունքում երգիչը դառնում է բեմադրության հեղինակի հլու կամակատարը, նախընտրում է մենահամերգների ուղին: Ձայնային հզոր կարողությունների «թույլտվությամբ» հաջողությամբ հաղթահարում է Բախի, Հենդելի, Վերդիի, Դոնիցետիի, Չայկովսկու, Գունոյի, Պուչինիի և Սեն-Սանսի ամենաբարդ ստեղծագործությունները` դրանց կատարումներով հմայելով արտերկրի ունկնդրին: Ռուբեն Էլբակյանի արտիստական կենսագրության մեջ բախտորոշ նշանակություն է ստանում մասնակցությունը 1999-ին Փարիզում կայացած Վալ դը Մարնի ազգային երաժշտական դպրոցների մրցույթին: Արժանանալով ոսկե մեդալի` մասնագետների առաջարկությամբ մնում է Ֆրանսիայում` կատարելագործվելու «Սկոլա կանտարե»-ում: Մոտ 8 տարի ֆրանսիական երկացանկով շրջագայելով մի շարք քաղաքներով` Էլբակյանը վերգնա տենորի «վեհաշուք ձայնով և բեմական փառահեղ կեցվածքով» նվաճում է նորանոր համերգասրահներ` տարածելով իր կատարողական արվեստի համբավը ողջ Եվրոպայով: Ամենևին էլ պատահական չէ, որ հայ արվեստագետներից առաջինը նա է արժանանում Ֆրանսիայի Սենատի նախագահի հրավերով Լյուքսեմբուրգյան պալատում մենահամերգ տալու պատվին (2000, 2004): Զինվորական նվագախմբի հետ ձայնագրում է ազգային օրհներգը` «Մարսելյեզը»: Հայրենի երգարվեստի գոհարներն էլ չեն դադարել հնչել Ռուբեն Էլբակյանի շուրթերից, հատկապես միջնադարյան շրջանի: 2006-ին թողարկած «Կոմիտաս» ալբոմը ֆրանսիական քննադատների կողմից բարձր է գնահատվել և արժանացել հանրահայտ FNAC սկավառակավաճառի «Սրտի ընտրություն» մրցանակին: Փոխելով բնակավայրը` երգիչը չի դավաճանել իրեն ծնած ու սնած ծննդավայրին ու հայրենանպաստ ձգտումներով քանիցս բարեգործական մենաելույթներ է ունեցել: Բոլորովին վերջերս, 7-ամյա անջատումից հետո Երևանում գտնվելով «Նեապոլիտանական երգեր» սկավառակի ձայնագրման առիթով` նա միջազգային բեմերում ճանաչված դաշնակահար Աննա Մանդալյանի հետ միասին մեր օպերային թատրոնում հանդես եկավ բարեգործական մենահամերգով, որի հասույթը փոխանցեց Վլ. Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` համերգից հետո անցկացնելով նոր ձայներիզի շնորհանդեսը: «Ես Հայաստանը չեմ լքել, ես փոխել եմ իմ հասցեն,- ընդդիմանում է Ռուբեն Էլբակյանը հետաքրքրասեր լրագրողներին:- Ապրելով Փարիզում` ես ավելի օգտակար եմ ինքս ինձ ու հայրենիքիս: Եթե կուզեք, իսկական արվեստագետը ունի ծննդավայր, բայց չունի հայրենիք: Արտասահմանում ասում են` Դուք Հայաստանի դեսպանն եք: Ինձ համար Բախն էլ է հայ, Վերդին էլ…»: