Աշնանը կցրվի՞ քաղաքական մառախուղը


Քաղաքական կյանքի պասիվությամբ մշտապես «աչքի ընկնող» հերթական ամառն ավարտվեց: Քաղաքական իրադարձությունների դեֆիցիտի պատճառով` այն ամփոփելու համար մի քանի նախադասությունը լիովին կբավականացնի: Ինչպես և սպասվում էր, քաղաքական վերադասավորումները, հատկապես ընդդիմադիր ճամբարում, այդպես էլ միս ու արյուն չստացան: Ամռան ընթացքում միակ նշանակալից իրադարձությունը ՀՀԿ արտահերթ համագումարն էր, որն ուրվագծեց, թե մոտավորապես ինչ տրամաբանությամբ է ընթանալու մրցակցությունը իշխանական թևերի միջև: Թեև դա էլ խաբուսիկության ոչ քիչ տարրեր է պարունակում: Որքան էլ վերլուծաբանները փորձեն ուռճացնել ՀՀԿ - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև եղած ու չեղած հակասությունները և սպասվելի ք դաժան հակամարտության վերաբերյալ ենթադրություններ անեն, դժվար թե այս երկու ուժերի միջև բևեռացումը հասնի ահագնացող չափերի: Ավելի հավանական է այն տարբերակը, որ սահմանը նախօրոք է գծված, և ՀՀԿ-ն ու «ԲՀ»-ն նախապես կարող է պայմանավորված լինեն` ինչքան էլ սրվի մրցակցությունը, նախանշված սահմանը ոչ մի դեպքում չանցնել: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա չափազանց դժվար է կանխատեսել, թե աշնանը ինչպիսի գործընթացներ և զարգացումներ են սպասվում վերջիններիս ճամբարում: Ակնհայտ է միայն, որ ամբողջ ընդդիմության կամ նրա մեծագույն մասի համախմբումը գրեթե անհնար է: Ավելի հավանական է թվում, որ քաղաքական ուժերի վերադասավորումների վերջնական արդյունքում ձևավորվեն տարբեր ուղղվածություն ու դիրքորոշում ունեցող կուսակցությունների մի քանի խմբեր: Սակայն արդյո՞ք այդ խմբերը ԱԺ ընտրություններում հանդես կգան միասնական դաշինքով. դժվար է ասել: Չափից ավելի խայտաբղետ ընդդիմադիր դաշտի լիդերները իրարից տարբերվում են ոչ միայն ծրագրերով, գաղափարախոսությամբ, աշխարհընկալմամբ, այլև հոգեկերտվածքով. այսինքն` մարդկային տեսակով: Հավակնոտությունը տվյալ քաղաքական գործիչների մոտ եղել և մնում է դոմինանտ: Գերիշխողն էլ սեփական վարկանիշի օբյեկտիվ գնահատականի բացակայությունն է: Այնուամե նայնիվ, ընդդիմադիր ուժերից երկու կուսակցություն կարող են միայնակ, առանց դաշինքի հաղթահարել առնվազն 5 տոկոսի շեմը: Եվ պատահական չէ, որ տվյալ կուսակցությունների լիդերները հաճախ են հայտարարում ԱԺ ընտրություններին միայնակ մասնակցելու հաստատակամության մասին: Քիչ թե շատ բարձր վարկանիշ ունեցող այս երկու ընդդիմադիր ուժերի ինքնամեկուսացումն արդեն իսկ բացառում է ընդհանուր ճակատով հանդես գալու հնարավորությունը: Մշուշված է մնում ՕԵԿ-ի ապագան: Պոպուլիստական «բարձր» տեխնոլոգիաներով կրկին ժողովրդին գայթակղելու նրանց մարտավարությունը, բնականաբար, վաղ թե ուշ պետք է սպառեր իրեն: Թե ինչ նոր «ֆոկուսներ» կարող է կիրառել Արթուր Բաղդասարյանը սեփական կուսակցության վարկանիշը բարձրացնելու համար, դժվար է կռահել: Ենթադրաբար, վերջինս կփորձի որպես դրոշ թափահարել իշխանությունից իր կուսակցության դուրս գալու փաստը` հանրությանը ներկայանալով հալածյալի փշեպսակով: Բայց այս բեմադրությունը ամենայն հավանականությամբ կտապալվի: Թեպետ պետք է խոստովանել, որ ՕԵԿ լիդերը այնքան էլ վատ երևակայություն չունի, և նրա դեմագոգիկ մարտավարության զինանոցում կարող են հայտնաբերվել բավական անսպասելի և անակնկալ «զինատեսակներ»: Նորահայտ ընդդիմադիրը, չի բացառվում, որ հրապարակ նետի սենսացիոն, սկանդալային կոմպրոմատներ, որոնք խնամքով ու հեռատեսորեն հավաքվել են սեփական կուսակցության իշխանության մեջ եղած տարիներին: Ընդդիմադիր դաշինքի առայժմ միակ հավանական ձևաչափը համարվում է «Հանրապետություն», «Ժառանգություն», ԱԺՄ, ՀԱԱԿ, որոշ վերապահումներով նաև ՀՀՇ կուսակցությունների համախմբումը, որոնց հնարավոր է միանան ավելի փոքր տրամաչափի, բայց արմատական դիրքորոշում ունեցող մի քանի այլ քաղաքական ուժեր: Չի բացառվում, որ կուսակցությունների մի խումբ էլ փորձի ներկայանալ, որպես «երրորդ ուժ» և դաշինք կազմի այդ արհեստական դրոշի ներքո: Թերևս, դրանք կլինեն նախկին կամ ներկա իշխանամետ այն ուժերը, որոնք նախորդ ընտրություններում մշտապես քողարկված կամ բացահայտ աջակցել են իշխանություններին, բայց այդպես էլ արժանի փոխհատուցում չեն ստացել, այսինքն` հայտնվել են ԱԺ պատերից դուրս: Դրանց ցանկը չարժե թվարկել, քանզի վերջիններս շատ են, և բավական պատկառելի ցուցակ կստացվի: Ի դեպ, մի քանի խոսք «երրորդ ուժ» կատեգորիայի մասին: Սա Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների նորամուծությունը կարելի է համարել: Սխալ կլինի այս դիրքորոշումը որակել որպես քաղաքական «նորաձևություններին» ինքնանպատակ տուրք տալու անբովանդակ ձգտում, քանի որ այն բավական խորամանկ, խորքային ենթատեքստ ունեցող, դեմագոգիկ որոշ տարրեր պարունակող երևույթ է, որը բխում է հետևյալ իրավիճակային եզրահանգումներից. ժողովուրդը հոգնել և հիասթափվել է թե° իշխանություններից, թե° ասպարեզում եղած արմատականներից: Ուրեմն, մերժելով երկուսին էլ` կարելի է հայտնվել առավել նպաստավոր «լույսի տակ»: Մի խոսքով, «երրորդ ուժականները» հակադրվելով և վարկաբեկելով թե° իշխանություններին, թե° արմատական ընդդիմությանը, կփորձեն ժողովրդին մատուցել ճշմարտություններից և հորինվածքներից պատրաստված մի «շիլա», որի համը, թարմությունը ժողովրդի քիմքին, իրենց կարծիքով պետք է որ հաճո լինի: Իհարկե, բոլորովին էլ պարտադիր չէ, որ սույն կուսակցությունների համախումբը իրեն անվանակոչի հենց «երրորդ ուժ»: Այլ, հարմար անվանում էլ կա` «կառուցողական ընդդիմություն»: Երևույթ, որի «անունը» եղել է, բայց «ամանում» չի եղել: Ինչևէ, քաղաքական դաշտի վերադասավորումների ուրվագծերը առայժմ մի կերպ կարելի է «հանել» թանձր մշուշի միջից և այն էլ միայն կիսատ-պռատ: Իսկ մշուշի ցրման նշաններ աշնան առաջին ամսվա ընթացքում դժվար թե ի հայտ գան:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ