Կտրուկ շրջադարձերի վտանգները


Վաղուց արդեն արմատացած է այն կարծիքը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշում ները չեն կարող նույնանալ այն պարզ պատճառով, որ նրանք տարածաշրջանում ունեն իրար հակասող շահեր` ազդեցության ոլորտների հետ կապված: Սակայն այստեղ մի շատ կարևոր հարց կա, որը կարծես թե շրջանցվում է: Արդյո՞ք տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատումը անպայմանորեն մեկ գերտերության հաշվին մյուս գերտերության ազդեցության կտրուկ մեծացման հնարավորություններ է ստեղծելու: Մի՞թե անհնար է առկա ստատուս-քվոն պահպանել, ասենք, խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Դեռ այսօր էլ քաղաքական մեկնաբանների մի ստվար մասը հակված է պնդել իր դարն ապրած այն թեզը, թե իբր գերտերությունները (մասնավորապես Ռուսաստանը) բոլորովին էլ շահագրգռված չեն հակամարտության կարգավորմամբ, որովհետև դա կարող է նրանց զրկել տարածաշրջանի պետությունների վրա ազդելու գործուն լծակներից: Սույն վերլուծաբանները, չգիտես ինչու, խիստ թերագնահատում են գերտերությունների հնարավորությունները: Բանն այն է, որ թե° Արևմուտքը և թե° Ռուսաստանը տասնապատիկ ավելի օգուտ կարող են քաղել խաղաղ ու կայուն տարածաշրջանից` առանց դույզն ինչ նվազեցնելու իրենց ազդեցության չափը այսօր հակամարտող պետությունների վրա: Ամբողջ բարդությունը հակամարտության կարգավորումից հետո սպասվելիք օգուտներն իրար մեջ բաժանելու խնդիրն է: Եվ, իսկապես, աշխարհաքաղաքական զարգացումների ներկա բարդ փուլում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունն աստիճանաբար է°լ ավելի է սրվում, դժվար է պատկերացնել, որ վերջիններս ընդհանրապես Հարավային Կովկասին վերաբերող որևէ խնդրում կարող են նույն կոնցեպտուալ մոտեցումները դրսևորել, և, ի թիվս այլ հիմնախնդիրների, կտրուկ համաձայնությունների գալ նաև Արցախի հարցում: Այո, թե° Ռուսաստանը, թե° Արևմուտքը շահագրգռված են Հարավային Կովկասը խաղաղ ու կայուն տարածաշրջան դարձնելու գործում: Սա անժխտելի փաստ է և պարուրված չէ դիվանագիտական ծխածածկույթով: Միայն թե կա մեկ պայման, որն էլ, թերևս, թույլ չի տալիս այս ուղղությամբ գործել լիովին անկեղծ, միասնական և միակամ: Յուրաքանչյուրն այս տարածաշրջանն ուզում է տեսնել կայուն, բայց միայն որպես սեփական ազդեցության գոտի: Եվ վերը հնչեցրած հարցի պատասխանը միանշանակ է: Մեկի ազդեցության ուժեղացումը անխուսափելիորեն կատարվելու է մյուսի ազդեցության թուլացման հաշվին: Իսկ երբ ազդեցությունների վերաբաշխման խնդիր է առաջանում, հակամարտություն ների կարգավորման հարցերը, որպես կանոն, մղվում են երկրորդ պլան: Վերջին տարիներին Վրաստանի և Ադրբեջանի անթաքույց արևմտամետ կողմնորոշումը խարխլեց Ռուսաստանի դիրքերը և ռեալ հնարավորություններ ստեղծեց ԱՄՆ-ի համար` ամրապնդելու իր դիրքերը Հարավային Կովկասում: Ռուսաստանը դա «մարսել» չէր կարող: Հիմա պատկերացնենք, զուտ ռուսական շահերի տեսանկյունից, թե ինչ կարող է կատարվել ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո: ԱՄՆ-ը անմիջապես կձեռնարկի խոշոր ֆինանսական էքսպանսիա` հատկապես Հայաստանում` ներդրումների տեսքով միլիարդավոր դոլարներ մտցնելով խաղի մեջ: Այդ ճանապարհով փորձ կարվի Ռուսաստանից խլել տնտեսական ազդեցության լծակները: Ռուսաստանը, բնականաբար, դրան հակակշիռ կփորձի ուժեղացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Սակայն քանի որ միլիարդավոր դոլարները շատ ավելի մեծ դեր կարող են ունենալ, քան ռազմական ներկայությունը, Ռուսաստանն ամենայն հավանականությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման արևմտյան տարբերակին իր համաձայնությունը տալուց առաջ մի շարք նախապայմաններ կառաջադրի` մասնավորապես խոշոր տնտեսական ծրագրերին իր մասնակցության չափը ճշտելու նպատակով: Ահա թե որտեղից կարող են սկիզբ առնել խոշոր քաղաքական «բազարները», ինչն էլ, կարծում ենք, դիվանագիտական խողովակներով վաղուց ընթանում է: Գերտերությունների փոխհամաձայնության հաջորդ լուրջ գայթաքարը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում, իհարկե, խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարցն է: Սույն խնդիրը է°լ ավելի սուր բնույթ պետք է որ ստանար հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների խիստ վատթարացման պայմաններում: Բնականաբար, ԱՄՆ-ը ձգտելու է խաղաղության համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում տեղակայել ՆԱՏՕ-ի զորամիավորումները, որոնց միջուկը կկազմեն ամերիկյան զինվորները: Դա նրանց համար կրկնակի կարևորվում է Իրանի հյուսիսային սահմանների վերահսկողության առումով: Ռուսաստանը կդավաճանի իր դաշնակից Իրանին, եթե համաձայնվի այս ծրագրին: Առավել ևս` դա հարվածում է նաև բուն Ռուսաստանի շահերին, քանի որ արևմտյան ռազմակայանների տեղաբաշխումը Հարավային Կովկասում լրջորեն կփոխի ուժերի հարաբերակցությունը` հօգուտ Արևմուտքի: ԱՄՆ-ն էլ իր հերթին չի համաձայնի, որ խաղաղապահ առաքելությունը իրականացնեն միայն ռուսական զորքերը: Շահերի այսպիսի հակադրությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում ռուս դիվանագետներին հանգեցնում է այն տեսակետին, որ իրավիճակի սառեցումը, այսինքն` ստատուս-քվոյի պահպանումը, շատ ավելի անվտանգ է ռուսական շահերի տեսանկյունից: Ուստի Հայաստանին պետք է որ տրված լինեն որոշակի երաշխիքներ` արևմտյան ճնշումները դիմագրավելու առումով: Հիշեցնենք, որ դեռ մի քանի ամիս առաջ հենց Բաքվում Սերգեյ Իվանովը հատուկ շեշտեց «դրսի ճնշումների անթույլատրելիությունը» ԼՂՀ խնդրում և չժխտեց ռուս խաղաղապահների հնարավոր մուտքը հակամարտության գոտի: Կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք թեկուզ ոչ ուղղակիորեն, բայց կարևոր նշանակություն կարող են ունենալ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Դրանք են ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող զարգացումները, Վրաստանի և Ռուսաստա նի միջև լարվածության մեծացումը: Վերոհիշյալ բոլոր հանգամանքները նկատի ունենալով` կարելի է հետևյալ եզրահանգումն անել. Արցախի և Հայաստանի շահերը պահանջում են արտաքին քաղաքական կողմնորոշումներում կտրուկ շրջադարձեր չկատարել: Առավել ևս` առաջիկա տարիներին դրա պարտադրված անհրաժեշտությունը դժվար թե լինի:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ