Մեր անպաշտպան, մեր աղտոտ հողը


Հայրենի բնապահպանները լուսաբացից մինչ երեկո կարող են խոսել մեզ շրջապատող բնությունը, շրջակա միջավայրը, բնական հարստությունը պահպանելու մասին: Սակայն խոսելը մի բան է, գործելը` մեկ այլ բան: Եվ բոլորովին այլ բան է իրավիճակը: Միայն վերջին տարիների հսկայածավալ անտառահատումները բավական են` վնասելու, փչացնելու, խաթարելու ողջ էկոհամակարգը: Անտառների զանգվածային ոչնչացումը մի շարք այլ մարդածին ու արհեստական գործոնների թվում արագացրեց անապատացման գործընթացը: Պաշտոնապես թույլատրված է հատել 60-70 հազ. խմ փայտանյութ, միջազգային փորձագետների ուսումնասիրության տվյալներով այն տարեկան կազմում է 100 հազ. խմ: Էլ ավելի սահմռկեցուցիչ է անկախ փորձագիտության տվյալը` իրականում հատումները հասնում են 1 մլն խմ-ի: Գործնականում ոչնչացվել են բնակավայրամերձ անտառները, ինչպես նաև անտառապաշտպան արհեստական գոտիները: Արդյունքում` Հայաստանի ամբողջ տարածքի շուրջ 80 տոկոսը այժմ ենթարկված է անապատացման: Գործընթացը շրջելի դարձնող, հողի արագընթաց դեգրադացիան, գերշահագործման հետևանքով դրանց քայքայումը կասեցնող միջոցառումներ այսօր չեն ձեռնարկվում: Բնությունն էլ իր հերթին է ուղղակիորեն նպաստում նշված գործընթացներին: Կլիմայի համամոլորակային փոփոխությունը` մոլորակի ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրացումն արտահայտվեց նաև Հայաստանում` 2000 և 2006 թթ. ամառների խիստ չորայնությամբ և տեղումների բացարձակ բացակայությամբ: Մասնագետների հաշվարկներով հողածածկույթն այս ամենի հետևանքով խիստ տուժում է: Մասնավորապես` հողի խոնավորությունը կարող է նվազել 10-30, բերքատվությունը` 8-14 տոկոսով, արոտավայրերի ընդհանուր մակերեսը և դրանց բերքատվությու նը` 4-10 տոկոսով: Առավել արժեքավոր արոտավայրերի մակերեսները կրճատվում են 19-22 տոկոսով: Բնապահպանության նախարարությունը լավ էլ ժամանակին որոշել է զբաղվել հողերի պահպանությամբ ու պաշտպանությամբ և հողերն աղտոտումից պահպանելու, աղտոտվածության աստիճանի գնահատման չափանիշների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծ է մշակել: Առայժմ կարևոր է դասակարգել հողերը` ըստ աղտոտվածության աստիճանի (խիստ աղտոտված, միջին և քիչ աղտոտված): Հետո միջոցներ կճարվեն, հետո հայեցակարգ կմշակեն, հետո... Վերջին 50 տարում աշխարհում քայքայվել է 6 մլն հա վարելահող: Ի՞նչ է պատահել, մի քանի հազար հեկտար էլ թող Հայաստանում քայքայվի: Հողը համբերող է, հողն ամեն ինչ տանում է: Կսպասի, մինչև սկսենք իրեն պաշտպանել ու պահպանել:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ