ՀԱՐԱԶԱՏ ՕՋԱԽԻ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ


Երբ տարիները դառնում են վաստակած կենսագրություն, հոբելյաններն էլ առանձնահատուկ խորհրդով են իմաստավորվում` վաստակն արժեվորելու, արվածն ի մի բերելու և անելիքները հստակեցնելու առումով: Իսկ երբ խոսքը կրկնակի հոբելյանների մասին է, 40-ամյան անխաթար ընթացքի ուղենիշ է դառնում և փաստում նորանոր նպատակամետ ձեռնարկումների մասին, երաշխիք դառնում դրանց արդյունավետության: Եվ երևի սոսկ պատահական զուգադիպությամբ չէ, որ համատեղվել են Նոր Նորք համայնքի հիմնադրման ու նրա ղեկավար Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ծննդյան 40-ամյա հոբելյանները: Համայնքը` Նոր Նորք ԱՅՑԵՔԱՐՏ. Երևանի հյուսիս-արևելյան բարձունքում Նոր Նորքի I-IX զանգվածները և Ջրվեժի «Բանավան» ու «Մայակ» թաղամասերն են: Համայնքը սահմանակից է Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի և Կենտրոն համայնքներին, Կոտայքի մարզին: Մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրն էլ այս համայնքի տեղանքում է. 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից բլուրը ծովի մակերևույթից բարձր է 1315 մետրով: Տարածքի կառուցապատումն սկսվել է 1960-ականների սկզբում: Իսկ 1972-ից այն ձևավորվեց որպես տարածքային ինքնուրույն միավոր` Երևանի Խորհրդային շրջանը: ՀՀ անկախացումից հետո վերակազմավորվեց որպես համայնք: Նոր Նորքն զբաղեցնում է 1451 հեկտար տարածք` 145 հազար բնակչով, 163 բազմաբնակարան շենքերով, հանրակրթական 21 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոցներով, 23 նախակրթարաններով: Այստեղ են հիմնադրվել ու գործում նաև Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, 2 քոլեջ, 2 պրոֆտեխուսումնարան, կենտրոնական գրադարան, մշակույթի կենտրոն, երաժշտական և արվեստի դպրոցներ: Այստեղ է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, գործում են 2 մարզադպրոց, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ և «Մինասյան» բժշկական կենտրոնները, մանկական նյարդաբանական հիվանդանոցը, 6 համաբուժարան... Ի դեպ, ամռան տապը զովացնող «Ջրաշխարհը» նույնպես: Իրենց գործունեությամբ հայտնի են «Ավանգարդ-մոտորսը», «Ավտոթերմը», «Հայ-Կոլան», «Գապեքս», «Գաջ» ԲԲԸ-ները, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, «Վան» ԲԲԸ-ն, «Կոնիկա» ՍՊԸ-ն, «Օրբիտա» ԲԲԸ-ն, «Էլեկտրամաշ» ԲԲԸ-ն, «Պրոգրես» ՍՊԸ-ն, «Լազերային տեխնիկա» «ԼՏԸ-պիրկալ» և այլ գործարաններ ու ձեռնարկություններ: Նոր Նորքը շահեկանորեն տարբերվում է մայրաքաղաքի շատ համայնքներից իր բնակլիմայական պայմաններով ևս: Շահեկան` հատկապես ամռան տապին: Ամենակարևորը` նորնորքեցիները սիրում են իրենց բնակավայրը և բնակության նոր հասցեներ չեն որոնում: ԱՅՑԵՔԱՐՏ. Համայնքի ղեկավար Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ Ծնվել է 1966-ի սեպտեմբերի 21-ին, Երևանում, մտավորականի ընտանիքում: 1983-ին, ավարտելով Երևանի N 90 միջնակարգ դպրոցը, ընդունվել և 1987-ին ավարտել է ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսավարկային ֆակուլտետը: Աշխատանքային մկրտությունն ստացել է նախկին Օրջոնիկիձեի (ներկայումս` Էրեբունի համայնք) ֆինբաժնում, իբրև ավագ տնտեսագետ: Աշխատանքին զուգահեռ 1992-ին ընդունվել և 1996-ին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1996-ին ընտրվել է Նոր Նորք համայնքի ավագանու անդամ: 1997-ից աշխատանքի է անցել Խորհրդային տարածքային հարկային տեսչությունում` որպես իրավաբան, մեկ տարի անց` ֆիզիկական անձանց եկամուտների հարկման բաժնի պետ: 2001-ի օգոստոսից մինչև 2001-ի դեկտեմբերը ստանձնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վերահսկողության տեսչության պետի տեղակալի պարտականությունները: 2002-ի դեկտեմբերին ընտրվել է Նոր Նորք համայնքի ղեկավար: Երեք տարի անց` 2005-ին, համայնքի բնակիչները կրկին իրենց վստահության քվեն տվեցին Դավիթ Պետրոսյանին: ՀՀ համայնքների միության վարչության անդամ է, «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակեր պության բյուրոյի անդամ: - Դավիթ Պետրոսյանը լավ թաղապետ լինելուց առաջ լավագույն մարդ է` բարի, սրտացավ, իր համեստությամբ ակամա զարմանք առաջացնող: Նաև օրինակելի հայր է իր երկու զավակների համար,- նրան այսպես են ներկայացնում ճանաչողները, ովքեր նաև փորձում են հիմնավորել իրենց կարծիքը: Իսկ թաղապետարանի մամլո խոսնակ Վալերի Հարությունյանը հավելում է. - Ազնիվ, արդարամիտ, բարի ու կարեկից մարդ, ով ունի «քաջություն»` մերժելու պարապությունը, սուտը, երեսպաշտությունը, չարությունը: Մարդ, ով ամեն օր իր խղճին է պատասխան տալիս, անում է ամեն ինչ` բնակիչների շահերի, իրավունքների պաշտպանը մնալու և գայթակղություններին չտրվելու: - Եթե քո սիրտը չի բաբախում բոլորի համար, դու լավ ղեկավար չես: Քո սրտում միշտ տեղ պահիր մարդու համար: - Պետական մտածողություն և տիրոջ զգացողություն. ահա ամենակարևոր արժանիքները, որոնց կրողն է մեր համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը: Իր հորից` ճանաչված մտավորական, իրավաբանների քանի՜ սերունդ կրթած անվանի դասախոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանից ժառանգած սկզբունքայնությամբ և տիրոջ հոգածությամբ է Դ. Պետրոսյանը ղեկավարում համայնքը: Իսկ ղեկավարել մեծ ընտանիքը, որտեղ ինքդ ես ապրում, նշանակում է ամենայն մանրամասներով ճանաչել բնակիչներին հուզող խնդիրները, ավելի մոտ լինել նրանց հոգս ու ցավին: Երկրորդ անգամ ստանալով համայնքի բնակիչների վստահության քվեն, Դավիթ Պետրոսյանն առավելագույն պատասխանատ վությամբ է ձեռնամուխ եղել համայնքի շենացմանը: Նրա գործուն աջակցությամբ է թաղապետարանին հարակից տարածքում տեղադրվել համայնքի առաջին ղեկավար Պավել Սաֆյանի կիսանդրին` ի նշան երախտագիտության և իբրև հավաստիք գնահատանքի: Իսկ արձանի հարևանությամբ ուրախ ցայտերով նորնորքեցիներին ամեն երեկո, իրենց մոտ են հրավիրում թաղապետի ջանքերով կրկին գործարկված շատրվանները: Համայնքում ակնառու են հաջողություններն ու ձեռքբերումները: Վերանորոգվել են բազմաթիվ բազմաբնակարան շենքերի տանիքներ, տեղադրվել են երկաթյա դռներ: Շարունակվում են սոցիալ-մշակութային շենքերի հիմնանորոգման աշխատանքները: Համայնքի փոքրիկներն իրենց հանգիստն են վայելում Նանսենի անվան մանկական զբոսայգում, տարբեր պուրակներում և նրանց համար կառուցված շուրջ երկու տասնյակ խաղահրապարակներում: Չորս տասնամյա կենսագրություն ունեցող համայնքն առանձնանում է իր հուշարձաններով` Հայկ Նահապետ, Հայկ Բժշկյանց, Տորք-Անգեղ, Տիգրան Մեծ արքա, հայ ժողովրդի բազում անկաշառ բարեկամների... Նոր Նորքի 5-րդ զանգվածում են Վերածննդի հուշակոթողը, Սուրբ Սարգիս եկեղեցին, որը դարձել է բնակիչների հոգևոր հավաքատեղին: Համայնքի տարեկից նրա ղեկավարը անթաքույց և օրինական հպարտությամբ է խոսում օրեցօր շենացող Նոր Նորքի և աշխատասեր ու արարող նորնորքեցու մասին: - Ոչ որպես համայնքապետ, այլ իբրև շարքային թաղաբնակ, ես իմ հարազատ օջախն եմ համարում Նոր Նորքը, ուր ծնվել և ապրում եմ, ուր ծնվել ու հասակ են առնում իմ զավակները: Համոզված եմ, որ հաճելի այս զգացողությունը բոլոր «մասիվցիներն» ունեն: Նաև վստահ եմ, որ նրանք էլ սիրում են իրենց համայնքը` մեր հայրենիքի հանգրվաններից մեկը, որը 145 հազար մարդու համար դարձել է կենաց տուն: Նոր Նորքը նաև իմ հայրական օջախն է, իմ եղբայրների ու քրոջ տունը, մեր սերունդների անփոխելի հասցեն, իմ կենսագրության արժանապատիվ շարունակությունը: Այսօր առավել, քան երբևէ, մենք ապրում ենք սեփական ձեռքերով սեփական հայրենիքը զորացնելու գիտակցությամբ: Հայ մնալու, մարդ մնալու գերագույն արժանապատվությամբ ու հավատով: Մեր հավատը Հայրենիք ունենալու հավատն է, հող հայրենին նորոգ պահելու վճռականությունը, արարելու, քարը քարին դնելու ազնիվ մղումը: Ու մեծագույն այդ հավատով էլ համայնքում ի սկզբանե կարևորվում են բնակիչների, հատկապես մատաղ սերնդի դաստիարակության խնդիրները: Թաղապետարանը և անձամբ համայնքի ղեկավարը լուրջ ուշադրություն են դարձնում երեխաների գեղագիտական դաստիարակությանը: Թաղապետարանի մշտական հոգածության ներքո են նախակրթարանները: Բայց դա չի նշանակում, թե անտեսվում են դպրոցները, թեև դրանք համայնքի ենթակայությամբ չեն: Այս առումով թաղապետի կարծիքը միանշանակ է, առարկություն չընդունող. - Այնտեղ սովորում են մեր երեխաները, մեր մանկավարժներն են տքնում: Դ. Պետրոսյանն անչափ կարևորում է մշակութային միջոցառումները, որոնց մասնակիցներն են դառնում գրեթե բոլոր նոր նորքեցիները. - Ինչքան էլ ծանր լինեն ժամանակները, մենք իրավունք չունենք հեռու կանգնելու հոգևոր և մշակութային արժեքների ստեղծումից ու զարգացումից,- համոզված է հայ մարդու կենսակերպով մտահոգ պաշտոնյան: Եվ ճանաչելով նրան ու իր գործը` անկարելի է վստահ չլինել, որ բազմաթիվ նոր ծրագրեր կկենսակոչեն ու ավանդույթ կդարձնեն 40-ամյա կենսագրություն կերտած նոր նորքեցին և Նոր Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը... Երկու հասակակից և մեկ կենսագրություն` գիրկընդխառն: Իրարից անբաժան և անդավ իրարու` շարունակում են իրենց ընթացքը համայնքն ու իր ղեկավարը: Եվ երկուսի համար էլ առաջին 40-ամյա հոբելյանը ցնծությունից զատ նոր պատասխանատվություն է, երկրորդ չորս տասնամյակը ավելի վեհ գործերով նշանավորելու արժանապատվություն:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ