Սրբիր արցունքներդ, Մոնա Լիզա...


Ասում են, մեր օրերում հրաշքներ չեն պատահում: Ես էլ էի այդպես մտածում, մինչև որ երևանյան մի շոգ երեկո, առանց լուրջ ակնկալիքների, գնացի Սերգեյ Փարաջանովի թանգարան` տեսնելու Արա Երնջակյանի «Սոնատ թավջութակի համար» պիեսի նոր բեմադրությունը: Առաջին հարկի ցուցասրահ մտնելուն պես ամառային տապը մեղմող հաճելի սառնություն զգացի: Ուշադրությունս գրավեց զույգ կամարների միացման կետում տեղադրված սևազգեստ մանեկենուհին` հայացքը «Լացող Ջոկոնդային»: «Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ըստ երևույթին, վերադասավորել է ցուցանմուշները,- մտածեցի ես,- Վավա Խաչատրյանի 1920-ական թվականների փարիզյան զգեստով մանեկենուհուն իջեցրել ներքև, փոխել գլխարկը»: Մնացած ցուցանմուշները կարծես թե տեղաշարժ ված չեն. «Հորս տարօրինակ և ծիծաղելի կյանքը», «Սվետլանան ամպիր ոճով», «Հաղպատում գտնված ինքնանկարը», մաեստրոյի մեծադիր ժպտուն լուսանկարը, Պազոլինիի «Ավետարան ըստ Մատթեոսի» ֆիլմի մոտիվներով խեցեղենը, ընտանեկան լուսանկարները... Նստում եմ մանեկենուհու թիկունքում շարված աթոռներից մեկին` դասական մեղմ երաժշտության հչյունների հարուցած անսովոր տրամադրությամբ հայացքով թափառելով կամարների խորքում: Ահա հնաոճ սպասքապահարանը, կարմիր թավիշով ծածկված սեղանը, «1827 թվականի շոգեքարշը» և «Դիկտատորը», ավելի ցցուն` «Փղի վերածված մանկությանս ճամպրուկը» ...Չէ, ոնց որ թե շատ բան չի փոխվել Փարաջանովի տանը: Ինչ-որ խորհրդավոր անորոշություն է տիրում շուրջս, երբ վերևից հատու լսվում են ոտնաձայներ: Դանդաղ իջնում է սևազգեստ մի տղամարդ աստիճանների առաջին հատվածը, կանգնում «Բեսպրեդելի» մոտ ու սևեռուն նայում մանեկենուհու կողմը: ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն է. ուրեմն, ներկայացումն արդեն սկսվել է: Հեգնախառն ժպիտ է նկատվում Բաբախանյանի հերոսի աչքերում, վճռականություն` կեցվածքում, նախահարձակ լինելու տրամադրվածություն: Անշտապ հայտնվելով աջ կամարի ներքո` հանում է ձայնագրիչը. «Դուք երեք օր առաջ եղել եք այստեղ»: Նրա այս խոսքերից ասես ամպրոպ է ճայթում, ուժգնանում է երաժշտությունը` իր կախարդանքով մարդացնելով մանեկենուհուն, որի կերպարանքում անճանաչելի է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Մեջքով դեպի հանդիսատեսը` Տղամարդը շարունակում է իր չարտոնված հարցաքննությունը, ընթացքում, որպես մարտահրավեր, Կնոջ կողմը շպրտելով խաղաթղթերը: Զսպելով անսպասելի հարցաքննությունից բռնկված հոգեկան խռովքը` չի էլ մտածում որպես ֆլիրտ ընկալել անծանոթ տղամարդու հետաքրքրասիրությունը այս միս ու արյուն ստացած գեղեցիկ մանեկենուհին: Հանում է սև ակնոցն ու սև վերնազգեստի գլխանոցը, թակարդի մեջ ընկած հովազի նման ջանում ճողոպրել իրեն հետապնդող որսորդից: Երաժշտության ելևէջումներով համարժեք տոնայնությամբ սրվում է Կին և Տղամարդ հակադրամիասնության այս պայքարը: Նրանք փորձում են թաքնվել կամարները կապող պատի հակառակ կողմերում, բայց, հակառակի պես, իրար զգում ու տեսնում են նույնիսկ պատի միջով: Տղամարդն է հայտնվում Կնոջ նախնական դիրքում` «Լացող Ջոկոնդայի» առջև, արձանանում, մունջ աղոթողի նման ձեռքը կամկար դեպի վեր սահեցնում: Բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը, հավատարիմ իր նորարարական-փորձարարական գեղագիտական դավանանքին, այնպես է զարգացնում Տղամարդու և Կնոջ երկխոսությունը, հատուկ իմաստավորում ու ընդգծում սյուժետային ընթացքի պատրանք ստեղծող թեմատիկ ամեն մի անցում, որ հանդիսատեսը դառնում է պասիվ մասնակիցը թանգարանային ուշագրավ այս միջադեպի: Պիեսի ասելիքը խորացնող ու շահեկանորեն լրացնող թանգարանային ինտերյերը, ընտրված խաղաոճը, կտրուկ անցումները, երաժշտական-պարային օրգանական սինթեզը ապահովում են ստեղծագործական ներշնչանքի կենարար հորձանքը, որի մեջ կլանվելով` հոգեբանական ներքին ապրումի կերպավորման ուրույն կարողություններ դրսևորող դերակատարները կարողանում են հարստացնել իրենց խաղացած հերոսների մարդկային նկարագրերը կենսական իմպուլսներով` ընդհանրացման պատշաճ մակարդակի հասցնելով հանճարեղ արվեստագետի տառապանքը դառնացնող, անձնական կյանքը աներևույթ ու բացահայտ թունավորող մարդուկների հավերժական թեման: Հովհաննիսյան-Բաբախանյան դերասանական անզուգական դիալոգի արդյունքում պիեսի երևակայական նկարչի մեջ տեսնում ես չարակամ դիլետանտների մշտական հալածանքին ենթարկված Սերգեյ Փարաջանովին` մտովի ամբողջացնելով այս անտեսանելի կերպարը մաեստրոյի անձնական կյանքի հանգամանքներով: Եվ ձախ կամարին հենված «Մարդը և նրա դիմակը» արձանը (Բեատա Շուբերտ)` մի ձեռքին ծաղիկ, մյուսում` ասես իր դիմակը, վզին` իր արտաքուստ ճերմակության վրա հատկապես ցայտուն երևացող սև խաչ,- տեսարանից տեսարան դառնում է հավաքական սիմվոլը Տղամարդու և Կնոջ, մարդ արարածի երկակի էության, հոգեկան երկվության: Փարաջանովյան կինոմտածողությանը հարազատ գույներ ես տեսնում ներկայացման մեջ, փորձում մտապահել ամենակոլորիտային դրվագները, ասենք, Կնոջ` գնալով ավելի անկեղծացող խոստովանության կտորը` հովանոցներով, Տղամարդու` փոփոխվող դիմակներով ու երգասացության փոխվող խոսքով «ձևավորված»: Բայց: Ինքդ քեզ համար հայտնաբերում ես մի զարմանալի օրինաչափություն` ինչպես բանաստեղծությունը չի կարելի մանրակրկիտ պատմել, այնպես էլ այս ներկայացումը: Այն պարզապես պետք է տեսնել: Կլանվելով հնարամտորեն գտնված տեմպոռիթմով` ըստ էության Սերգեյ Փարաջանովի արած նկարչական աննախադեպ ձևավորման մեջ հմայվել դերասանական վարպետ կատարումներով, առանց որոնց անհնարին կդառնար թատրոնական այս հիպնոսը, որի ազդեցությամբ անհագ ցանկություն ես ունենում կրկին այցելել թանգարան` որոնելու մտապատկերումդ դաջված գեղանկարչական կենդանի կտավի արարչական ուժի գաղտնիքները... Հովհաննես Բաբախանյանի Տղամարդը քառասուն դերերից ավելի խաղացանկ ունեցող տաղանդավոր արտիստի հասուն կենսափորձի լավագույն արտահայտություններից է: Հիմա արդեն դժվար է պատկերացնել մի նոր դերակատարում, որում ճանաչված դերասանը չգրավի հանդիսատեսին իր խոսուն դիմախաղով, բեմական անբռնազբոսիկ վարքագծով, բնատուր օժտվածության բազմապլան դրսևորումներով: Այս դերակատարան մեջ նրան փոքր-ինչ խանգարում է կամերային պայմաններում ձայնի ուժգնությունը մեղմելու փորձի պակասը, որ ամենևին էլ չի նսեմացնում Տղամարդու կերպարի համոզչականությունն ու ներգործուն ուժը: Նազենի Հովհաննիսյանը չի զիջում խաղընկերոջը կերպարային անսխալ տրամաբանությամբ ու արտիստական հմայքով: Ափսոս, որ արդի հայ թատրոնում կին դերասանուհիների «դեֆիցիտի» պարագայում նրա լավագույն տարիները կլլում է հեռուստաեթերը: Երիտասարդ դերասանուհին առանց կեղծ սեթևեթանքի կարողանում է մարմնավորել հակասական բնավորությամբ մի գեղեցիկ կնոջ տպավորիչ կերպար, կին, որ սովորաբար ճակատագրական դեր է ունենում տաղանդավոր արվեստագետի կյանքում` սիրելով հանդերձ երբեմն, կամա թե ակամա, դառնալով նրա ֆիզիկական մահվան պատճառը: Եվ ներկայացման վերջում, վերստին անկենդան մանեկենուհի դարձած նրա հերոսուհու թիկունքից նայելով «Լացող Ջոկոնդային»` մտաբերում ես Փարաջանովի խոսքերը. «Երբ ես մահանամ, Ջոկոնդան կարտասվի ինձ համար»: Սրբիր արցունքներդ, Մոնա Լիզա, շարունակիր ջերմացնել անսեր մարդկանց կարծրացած հոգիները քո դարավոր առինքնող ու հեքիաթային ժպիտով, ինքնատիպ այդ արվեստագետն այսօր ավելի կենդանի է, քան 1924-ից 1990 թվականներն ընկած երկրային կյանքի կարճատև ակնթարթում...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ