Նախատոնակ` անուրախ մտորումներով

Եվ ո՞վ է ոսկեղենիկ հայոց լեզվի աղավաղումների պատասխանատուն

Այսօր ամռան վերջին օրն է: Ասել է թե` ուսումնական ամանորի նախատոնակ` նոր սկզբի սպասում, նպատակների իրագործման նոր հույսեր և անելիքների նախանշում: Իսկ այդ ամենը չի´ կարող առանց մտահոգության լինել: Մանավանդ` անտարբերությունը տանտեր կարգած մեր հասարակությունում: Ու այսօր բոլոր մաղթանքների, քաջալերանքների ու սին ինքնագովության փոխարեն` մեր տագնապն ենք բերում. մեր հայրենիքում խոշտանգվում է մեր Մայրենին: Այլ կերպ չես արտահայտի սրտիդ ցավը, երբ շատերը չգիտեն, դիցուք` օ - ո-ի,է-ի կիրառումը` բառամիջում և բառասկզբում, իսկ փոքրատառ ևեվ են գրում նույնիսկ մեծածավալ գովազդային վահանակներին... Չես կարող ցավ չապրել համատարած դարձող օտարաբառ և օտարատառ ցուցանակների կողքով անցնելիս: Պարտադրում են օտար լեզո՞ւ գիտենալ. պարտադրել պետք չէ, իրեն հարգող ամեն ոք պիտի ձգտի և ձգտում է այլ լեզուների ևս տիրապետել, բայց դա չի´ նշանակում` վտարել մայրենին:

Եվ ո՞վ է ոսկեղենիկ հայոց լեզվի աղավաղումների պատասխանատուն: Ո´չ միայն դպրոցը, իհարկե, թեև կրթության որակի մեծագույն պատասխանատուն հենց մանկավարժներն են: Պարզունակ մի հարց` տառասխալով գրող աշակերտը ո՞նց է դպրոց, հետո էլ բուհ ավարտում: Դեռ ավելին, այդպիսի մեկը կարող է նույնիսկ եթերից լացացնել մեր լեզուն: Ո՞վ է տվել դրա իրավունքը, ո՞վ պետք է կասեցնի այս և նման խոշտանգումները:

ՀՀ ԿԳ նախարարն օրերս մի վիճակագրություն ներկայացրեց. Հայաստանում 1 մանկավարժին «բաժին է ընկնում» միջին հաշվով 9,4 աշակերտ: Տնտեսական առումով` այո, դա վատ ցուցանիշ է, սակայն կրթական առումով այն պետք է որ անպատկերացնելի դրական արդյունքներ գրանցեր:

Ճապոնիայի վարչապետը, որպես իր երկրի աննախադեպ հաջողության նախապայման, նշել էր.

- Մենք դպրոցի ուսուցչին տվել ենք նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսեր չափ պաշտամունք:

Մեր պարագայում` թույլ տվեք կասկածել: Նախ, մանկավարժների վարձատրությունն ամենաստորին սահմանում չէ` եթե հաշվի առնենք նրանց զբաղվածության չափը: Բացի այդ, արդյո՞ք բարձրաբարձր աշխատավարձ ստացող մեր պատգամավորներն ու նախարարները օրինակելի տքնողներ են: Վերջին հաշվով` իրական բարեխղճութ յունը («նվիրվածություն» բառն արդեն վաղուց պաշտոնաթող է մեր հասարակության մեջ) աշխատավարձի չափով չի չափվում. ինքնաբուխ է, մարդկային որակներից ու արժանապատվությունից բխող:

Հասարակական կարգը ոստիկաններն են պաշտպանում, մարդու իրավունքների պաշտպան պետական ու ոչ պետական հազարումի կառույցներ կան: Իսկ ո՞վ է մեր լեզուն պաշտպանում գռեհիկ աղավաղումներից և տարատեսակ ոտնձգություններից:

Խորհենք այս մասին: Չհուսալքվենք, բայց և չմոռանանք, որ ժամանակն անզոր է` կորցրածը վերադարձնելու համար:

Պաշտոնապես Գիտելիքի օր է հայտարարված սեպտեմբերի 1-ը. բայց ուսումնառության ամեն օրն է գիտելիքի. ոմանց համար` գիտելիքներ հաղորդելու, ոմանց համար` գիտելիքներ ձեռքբերելու և հարստացնելու:

Կկարողանա՞նք այս մտայնությամբ ուսհաստատություն մտնել ամեն օր...