Խեղդվող Թուրքիան կառչել է փրփուրներից


Հյուսիսային Իրաքում գտնվող Քուրդիստանի ինքնավար հանրապետությունը դե ֆակտո անկախ է: Ունի իր կառավարությունը, բանակը, դրոշը, ինչպես նաև` ներկայացուցչություններ աշխարհի տարբեր պետություններում: Եվ, փաստորեն, սիրիական ճգնաժամով փորձ է արվում եղածին ավելացնել հյուսիսային Սիրիայի քրդական շրջանը: Սա է իրականում ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության հիմնական նպատակը, որը հնարավորություն կտա Թուրքիայի սահմանի հարևանությամբ` Իրաքի հյուսիսից մինչև Եփրատ գետն ընկած հատվածում, բարելավել քրդական պետության դիրքերը: Մինչդեռ թուրքական զորքերի ցամաքային գործողությունների նպատակն է խոչընդոտել այս երկու քրդական շրջանների միավորումը: Եվ այս առումով բավական ուշագրավ էր սկզբում սիրիական հատվածում ռուսական ներկայության ամրապնդումը, ապա նաև իր ազդեցությունը մեծացնելուն միտված քայլերը:

Ստեղծված բավական բարդ վերադասավորումները միջազգային փորձագիտական տարբեր շրջանակների կողմից տարբեր կերպ են մեկնաբանվում, սակայն մեկ բան ակնհայտ է` գնալով առավել բացահայտ է դառնում, որ իրականում խաղասեղանին է Թուրքիայի մասնատման հարցը, իսկ թուրքական իշխանությունները փորձում են ամեն կերպ դիմակայել դրան: Որքանո՞վ են նման կանխատեսումներն իրատեսական, և արդյո՞ք այդ ճանապարհին Հայաստանը չի ներքաշվի թուրք-քրդական կոնֆլիկտում` Թուրքիայի մասնատման հարցը վերջնականապես իրականություն դարձնելու համար: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը թուրքագետ Հակոբ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:

- Գնալով ավելանում են Թուրքիայի մասնատման մասին խոսակցությունները: Մյուս կողմից դեռևս հասկանալի չէ, թե ինչո՞ւ թուրքական իշխանությունները Սիրիա ցամաքային զորք մտցնելու որոշում կայացրեցին: Արդյո՞ք սա սոսկ ռուս-թուրքական սիրախաղը վավերացնելու հետևանք է, թե՞ այլ պատճառներ նույնպես կան:

- Թուրքերը հայտարարեցին, որ հակառակ Միացյալ Նահանգների ցանկության, իրենք այս քայլով խոչընդոտում են, այսպես ասած, քրդական միջանցքի ձևավորմանը: Այդ հարցը քննարկելու համար Թուրքիա էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Եվ ըստ երևույթին նրան Թուրքիա էր բերել ռուս-թուրքական մերձեցումը, քանզի ակնհայտ է, որ երկու երկրների գործողությունները խոսքից գործի են վերածվել: Եթե հիշում եք` ռուս-թուրքական կոնֆլիկտից հետո Ռուսաստանին ուղղված հայտնի նամակում Թուրքիայի կառավարությունը ներողություն էր խնդրել ռուսներից: Ռուսական կողմը հայտարարեց, որ ներողություն խնդրելը բավարար չէ, և Թուրքիան պետք է վերանայի Սիրիայի հանդեպ վարվող իր քաղաքականությունը: Դա նշանակում է, որ ԴԱԻՇ-ից պետք է Թուրքիան ազատագրի սիրիական տարածքները, և դա էլ հենց Ռուսաստանի ակնարկած գործնական քայլերն են: Ուստի ես կարծում եմ, որ Թուրքիայի քայլերը համաձայնեցված են ռուսական կողմի հետ: Այնպես որ` շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, քանի որ Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը սկսել է համագործակցել ռուսների հետ:

- Ինչո՞ւ է Թուրքիան փորձում խոչընդոտել երկու քրդական միավորների միացմանը:

- Քրդական շրջանի ձևավորումը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգության համար: Իրաքից մինչև Եփրատ Թուրքիայի սահմանի հարևանությամբ երկու քրդական տարածքների ստեղծումը և իրար միավորումը մեծ ոգևորություն կառաջացնի Թուրքիայի սահմանում գտնվող քրդաբնակ բնակավայրերի բնակիչների համար, որոնք ներկայումս արդեն իսկ սկսել են ոտքի կանգնել:

- Ավելի վաղ Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ կռվելու անվան տակ օգնում էր ԻՊ խմբավորումներին: Մտավախություն չկա՞ արդյոք, որ հիմա Թուրքիան հնարավո րություն է ստացել ավելի բացահայտ կերպով իրականացնելու իր սև գործը` մի կողմից շարունակելով համագործակցել ԻՊ-ի հետ, մյուս կողմից էլ քրդերին բնաջնջելու իր քաղաքականությունը լեգիտիմացնել:

- Ես չեմ կարծում, որ Թուրքիային կհաջողվի քրդերին բնաջնջել, քանի որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման հայտարարեց, որ Սիրիայի տարածքում գտնվող քրդերն իրենց ցամաքային զորքերն են: Եվ եթե ԱՄՆ-ը նախագիծ ունի հերթական միջանցքը ձևավորելու, ապա նա այդ նախագծից երբեք էլ չի հրաժարվի և անպայման կիրականացնի: Ուղղակի, իմ կարծիքով, Անկարան փորձում է այս ամենը հետաձգել: Այսինքն, Թուրքիան կամ պետք է ԱՄՆ-ի առջև ընկրկի և աչք փակի քրդական շրջանների ձևավորման վրա, կամ պետք է Ռուսաստանի հետ միասին ազատվի ԴԱԻՇ-ից: Խոսակցություններ կան նաև, որ նույնիսկ իր կողմից ազատագրված տարածքները Թուրքիան պետք է հանձնի Ասադին: Այս դեպքում արդեն նա կբարելավի նաև Սիրիայի հետ իր հարաբերությունները, քանի որ Սիրիայի մասնատումը ենթադրում է Քրդական պետության հիմնում, որը չի բխում Թուրքիայի ազգային շահերից:

- Փաստորեն ստացվում է, որ տարածքային ամբողջականությունը պահելու նպատակով Թուրքիան իր նախասիրություններում բավականին կտրուկ շրջադարձ կարող է կատարել:

- Այո, սկզբում Էրդողանը ցանկանում էր գրավել Դամասկոսը, սակայն, երբ դա նրան չհաջողվեց, հիմա այլ ելք չի մնում, քան բարելավել հարաբերությունները ասադյան վարչակարգի հետ: Ես կարծում եմ, որ դա նույնպես համաձայնեցված է Ռուսաստանի հետ, որից իրականում Ռուսաստանն է շահում:

- Բայց, տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանը թուլացրել է իր դիրքերը:

- Ոչ, իրականում Ռուսաստանը Թուրքիայի և նրա դաշնակիցների հարաբերություններն է սրում: Ի դեպ, երբ Ռուսաստանը մուտք գործեց սիրիական տարածք, դրանով Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը Ուկրաինայից տեղափոխեց Սիրիա, իսկ հիմա էլ սրում է ԱՄՆ-ի և իր դաշնակցի հարաբերությունները:

- Ուշագրավ է, որ շատ փորձագետներ սկսել են հայտարարել, թե արդեն սկսվել է Թուրքիայի մասնատումը: Ձեր կարծիքով` այսօրինակ հայտարարություն ներն իրատեսակա՞ն են:

- Թուրքիայի մասնատման մասին դեռ վաղ է խոսելը: Այդ մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ Սիրիայի քրդերը կարողանան ստանալ այն նույն կարգավիճակը, ինչ կարգավիճակ որ ունեն Իրաքի տարածքում գտնվող Քուրդիստանի քրդերը:

- Այս ամենին ինչպե՞ս են արձագանքում Թուրքիայի ներքաղաքական շրջանակներում:

- Թուրքիայում ընդդիմություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և ներկայումս հեղաշրջման փորձից հետո համատարած ձերբակալություններ են: Դա նաև մեծ հարվածի տակ դրեց թուրքական բանակը, քանի որ բավականին գեներալներ են ձերբակալվել, և այսօր բանակը կազմալուծման եզրին են հասցրել:

- Արդյո՞ք այս տարածաշրջանային լարվածությունն իր ազդեցությունը կունենա ղարաբաղաադրբեջանական հակամարտության սրման հարցում:

- Չեմ կարծում, որ այս փուլում որևէ ազդեցություն ունենա, բայց կարող է ազդեցություն ունենալ այն ժամանակ, երբ Թուրքիային հաջողվի իր նպատակներին հասնել Սիրիական հարցում և չեզոքացնել քրդական գործոնը:

- Ներկայիս քայլերի հետևանքով Թուրքիան արդյո՞ք մեկուսացման մեջ չի հայտնվի իր դաշնակիցների կողմից:

- Քրդական հարցից ձերբազատվելը նրան բավարար է: Ավելին, Ռուսաստանը և Թուրքիան տարբեր «քաշային կարգերում» են: Բացի այդ, ողջ արաբական աշխարհում Թուրքիայի հանդեպ բավական բացասական վերաբերմունք կա: Իրականում ռուս-ամերիկյան մրցակցություն է գնում տարածաշրջանում և այդ մրցակցության շրջանակներում Ռուսաստանին հաջողվեց իր կողմը գավել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որը աշխարհաքաղաքական առումով բավականին լավ դիրքերում է: Բայց, այս ամենը ամերիկյան կողմը երբեք էլ չի մոռանա և Էրդողանի քայլերի համար անպայման պատասխան կպահանջի Անկարայից:

Մի խոսքով` իրավիճակը դեռևս քաոսային է, իսկ երկու գերտերությունները փորձում են այդ քաոսային իրավիճակն իրենց համար վերահսկելի դարձնել: Որոշ միջազգային վերլուծաբաններ Էրդողանի այս քաղաքականությունը համարում են սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար. Իրաքի հետ հարաբերությունները շատ վատ են, Իրանը նրան չի ներում, Եգիպտոսը հրաժարվում է վերականգնել հարաբերությունները և արդեն մեկ տարուց ավելի է` դեսպան չունի Թուրքիայում: Այլ կերպ ասած` Թուրքիան արդեն իսկ մեկուսացված է տարածաշրջանում, և այդ է պատճառը, որ ինչպես շատ վերլուծաբաններ են ասում` սկսել է փրփուրներից կառչել: Նման ասացվածք կա չէ՞ խեղդվողը փրփուրներից է կառչում. այս պարագայում պետք է նկատի ունենալ Ռուսաստանին: Այնպես որ, առայժմ դեռ պարզ չէ, թե ինչ զարգացումներ կլինեն, բայց ռուս-թուրքական սիրախաղը չեմ կարծում, որ երկար տևի:

Զրուցեց Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ