ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ  ԱՊԱՑՈՒՑՎԱԾ

Խելացի կնոջ հետ կյանքը երկարում է

-Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ` խաչբառեր լուծելով ու շախմատ խաղալով:

Հին ու բարի հեքիաթների վերջաբանն այսպես կարելի է ձևափոխել` բրիտանացի գիտնականների վերջին ապացույցներին ծանոթանալով: Իսկ նրանք հիմնավորում են, որ խելացի կնոջ հետ ամուսնությունն օգնում է պայքարել մեծ տարիքում մարդկանց սպառնացող շատ հիվանդությունների դեմ:

Խելացի կինը յուրատեսակ տոնուս է տղամարդու ուղեղի համար. սա են փաստում հետազոտության արդյունքները: Աբերդինի համալսարանին առընթեր բժշկական քոլեջի պրոֆեսոր Լոուրենս Ուելլին պնդում է, որ ճիշտ սնունդը և մտքի մշտական վարժանքներն ակտիվ են պահում ուղեղը և նախազգուշացնում են, դիցուք, ծերունական թուլամտության հնարավոր առաջա-ցումից: Ահա թե ինչու երիտասարդ տղամարդկանց պրոֆեսորը խորհուրդ է տալիս կյանքի ուղեկից ընտրելիս նախապատվությունը տալ խելացի կանանց:

Առողջ սննդից զատ գերազանց ինքնազգացողության կարևոր գործոններից են նաև լավ կրթությունը, հանգիստ մանկությունը և ծնողների հետ ներդաշնակ հարաբերությունները: Հետազոտությունները փաստել են, որ, դիցուք, մինչև 5 տարեկան հասակը ծնողներից մեկին կորցնելը հետագայում նյարդային հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ:

Գիտնականներն, իհարկե, չեն պնդում, թե կանայք տղամարդկանցից ավելի խելացի են, սակայն անվիճելի է այն փաստը, որ ժամանակի ընթացքում կինը դադարել է լինել լոկ տնային օջախի պահապան (Jiznenno.ru): Այնպես որ, կամա թե կամա` կնոջը գերագնահատելու ևս մեկ հիմնավորում է ներկայացվել: Այն էլ` գիտնականների կողմից: