Վերամարմնավորվե՞լ է ձեր հոգին


Պոետիկ տող չէ սա. պարզապես արևելյան փիլիսոփայության որոշ ներկայացուցիչներ աշխարհով մեկ տարածել են վերամարմնավորում (ռեինկարնացիա) կոչվող երևույթի մասին տեսությունը: Ավելի պարզ ձևակերպմամբ` դա հոգիների վերաբնակեցման հավատն է: Շատերին է գայթակղում այս տեսությունը, որովհետև հաճելի է մտածել, թե դու, դիցուք, ծաղկից մարդու ես վերածվել, հետո էլ ասենք` ինչ-որ կենդանու տեսքով ես աշխարհ եկել:

Վերամարմնավորման փիլսոփայության հետևորդներն առանձնացրել են 6 նախանշան, որոնցով, իբր, կարելի է տարբերակել, թե ում հոգին է շատ հին, որը նախկինում ևս ապրել է` ուրիշ մարմնի մեջ (պարտադիր չէ, որ դարձյալ մարդկային մարմնի մեջ):

ՄԱՐԴԸ ԿՐԿՆՎՈՂ ԵՐԱԶՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ.  Եթե երազում տեսնում եք, թե դուք այլ մարդ եք, ապրում եք ինչ-որ ուրիշ ժամանակաշրջանում, և այդ երազը կրկնվում է, ապա արևելյան իմաստունների կարծիքով` նախորդ կյանք եք ունեցել:

ՈՒԺԵՂ 6-ՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ.  Ներքին զգացողություն ունի յուրաքանչյուր մարդ: Բայց, որպես կանոն, երիտասարդ տարիքում այն բավական մակերեսային է, իսկ տարիքի և փորձառության հետ դառնում է ավելի ուժեղ և հստակ: Արևելյան ուսմունքները պնդում են, որ ի ծնե սուր ներքին զգացողությունը վերածնված հոգու նշան է:

ՉԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ.  Երբեմն մարդն ինչ-որ իրավիճակներ է հիշում, որոնք չէին կարող իր հետ կատարված լինել: Դիցուք, պատանու հիշողություններն իր ծերության տարիքից: Ի դեպ, այս երևույթը խիստ հազվադեպ է պատահում, բայց, ասում են` պատահում է:

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՐ.  Ինդուիզմը հնդկական կրոններից մեկն է: Անվանումը թարգմանվում է` «հավերժական կրոն», «հավերժական ճանապարհ» կամ «հավերժական օրենք»: Այն մոտ 1 միլիարդ հետևորդներ ունի աշխարհում: Ինդուիստները համարում են, որ երբեմն ապագան բացվում է մտքերի, զգացողությունների, տեսողութ յան միջոցով: Անալիտիկ հոգեբանության հիմնադիր, շվեյցարացի հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգը դա վերագրում էր կոլեկտիվ չգիտակցվածին: Դրա մեխանիզմը հայտնի չէ, բայց արևելյան փիլիսոփաները գտնում են, որ նախկին վերամարմնավորված մարդկանց մոտ դա հնարավոր է:

ԻՆՔԶԻՆՔԸ ՏԱՐԻՔՈՎ ՄԵԾ ԶԳԱԼ.  Եթե դուք ձեր տարիքից շատ ավելի իմաստուն եք ու ձեզ ավելի հասուն եք զգում, ուրեմն չի բացառվում, որ ձեր հոգին ձեր մարմնից առաջ անցյալ ունի:

ՄԱՐԴՈՒՆ ՇԱՏ ԵՆ ԴՈՒՐ ԳԱԼԻՍ ՈՐՈՇԱԿԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՆԵՐ ԿԱՄ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐ.  Դե, ասենք` 1984 թ. ծնվածը խելահեղորեն տարված է 20-ական թվականներով, կամ` անցյալ որևէ դարով: Կամ, զտարյուն գերմանացին իրեն շատ հարմարավետ է զգում, դիցուք, Սան-Ֆրանցիսկոյում` ինչպես հարազատ տանը: Ինդուիստների տեսության համաձայն` դա հենց այնպես չի լինում. այդ մարդիկ, ուրեմն, արդեն եղել են այդ ուրիշ վայրերում. բայց` նախորդ կյանքում: (interesno.nur):

Եթե իսկապես կա հոգու վերամարմնավորում, մնում է հասկանալ, թե ինչո՞ւ են այդ հոգիները նորից աշխարհ գալիս` տարբեր մարմիններով (այն էլ` ոչ միայն մարդկային): Չքաված մեղքե՞ր ունեն, որոնց համար պետք է հենց այս կյանքում հատուցեն, լիարժեք կատարելության հասնելու ձգտում կամ արժանի՞ք ունեն… Իսկ գուցե մարդկության վաղնջական անցյալն արմատախիլ չանելու նպատակով են Երկիր ուղարկվում: Ո՞˜վ գիտե: