Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-ում)

Սեփական աչքի առաջ, օրը ցերեկով նման հանցագործությո՞ւն:

Ոստիկաններին հակիրճ ներկայացնելով կատարվածը` փորձեց շարժվել դեպի խմբագրություն, բայց այս անգամ լրագրողների մի մեծ խումբ շրջապատեց իրեն:

- Քանի՞ հրազենային վերք կար…

- Մեքենայի մակնիշն ու պետհամարանիշը հիշո՞ւմ եք…

- Ի՞նչ տեսակի զենք էր…

Սամվելը նայեց շուրջը հավաքված լրագրողներին. յուրաքանչյուրը զինված էր տեսախցիկով: Տարօրինակ կաշկանդվածություն զգաց: Միշտ ուրիշներն էին իր ուշադրության կենտրոնում, իսկ այսօր` ինքը: Իր հագուստն ու ձեռքերն ամբողջովին արյունոտված էին, և րոպեներ անց իր լուսանկարները հեղեղելու էին մամուլը:

- Մի քանի րոպեից կայքում կտեղադրվի մանրամասները: Հիմա էլ չեմ կարող խոսել: Կներեք:

Սամվելը վերջապես կարողացավ դուրս գալ շրջափակումից ու մտնել շենքի մուտք:

Իր խմբագրակազմի գործընկերները` Արտակն ու Գոհարը, անմիջապես օգնության հասան:

- Վիրավոր չե՞ս, ցավեր չկա՞ն,- հարցրեց առաջինը մոտեցած Արտակը:

- Վիրավոր չեմ, ամեն ինչ լավ է: Ո՞վ կա խմբագրությունում:

- Ես եմ ու Գոհարը:

- Պատրաստո՞ւմ եք հոդվածը:

- Գրեթե պատրաստ է, երեք րոպեից կարող եմ տեղադրել:

- Շատ լավ, ես լվացվեմ, գնամ տուն` շորերս փոխելու: Լրագրողների հարցերին էլ դուք կպատասխանեք:

Լվացվելուց հետո, երբ Սամվելը մտավ աշխատասենյակ, առաջին գործը հեռուստացույցն ու համակարգիչը միացնելն էր:

Եթերում արդեն իսկ մի շարք հեռուստաընկերություններ հեռարձակում էին րոպեներ առաջ կատարվածը:

«…Բժիշկների գնահատմամբ վիրավոր փոխնախարարի վիճակը խիստ ծանր է: Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար: Արձակված գնդակներից չորսը դիպել են կրծքավանդակին»…

Հազիվ էր նստել, երբ դռան ետևից աղմուկ լսվեց: Գոհարն էր:

- Չեմ կարծում, որ կկարողանա խոսել Ձեզ հետ...

Դուռը թակեցին ու առանց սպասելու պատասխանի` բացեցին:

Շեմքին հայտնվեց բավականին հմայիչ ու նրբաոճ հագուկապով այն նույն կինը, ում քիչ առաջ տեսել էր Սամվելը մեքենայում:

Սամվելը հայացք գցեց շփոթված Գոհարի դեմքին, ով հայացքով փորձեց հասկացնել, որ չկարողացավ կանգնեցնել հյուրին:

Հյուրը, չսպասելով հրավերի, առաջ եկավ: Սամվելը փորձեց ոտքի կանգնել:

- Հուսով եմ` դուք չեք վիրավորվել, մենք պետք է զրուցենք հոդվածի վերաբերյալ:

«Հոդվածի վերաբերյա՞լ: Այս կինը կամ աննորմալ է կամ էլ դեռ շոկային վիճակում է»:

- Ի՞նչ հոդված տ...

- Կխնդրեի, որ մեզ մենակ թողեք,- Գոհարին դիմելով` շարունակեց կինը:

Գոհարը զայրութով լի հայացք ձգեց անկոչ հյուրի ուղղությամբ ու դուրս եկավ:

Դուռը փակվելուն պես կինը մեկ քայլով մոտեցավ սեղանին, ապա վերցրեց սեղանին դրված նոթատետրն ու գրչամանից մատիտ և սկսեց ինչ-որ գրառում անել թղթի վրա:

Սամվելին այս ամենը ծիծաղելի էր թվում: Երբ փորձեց ձայն հանել, կինը նորից միջամտեց.

- Գիտեմ, դժվար է խոսել այն ամենից հետո, ինչին այսօր ականատես եք եղել, բայց, որպես լրագրող, ես իմ աշխատանքն եմ կատարում:

«Լրագրո՞ղ: Չէ´, Տաթև Ստեփանյանն առնվազն հոգեկան խնդիրներ է ձեռք բերել, կամ էլ ուներ»:

Մեկ վայրկյան էլ ու նրա համբերությունը կհատներ այս խեղկատակությունից, բայց Տաթևը դեպի իրեն շրջեց նոթատետրը, որի վրա մանր ու գեղեցիկ տառերով գրված էր` «Մեզ կարող են ձայնագրել: Իմ ով լինելը պետք է գաղտնի մնա: Ես ամեն ինչ կբացատրեմ»:

Սամվելի գլխին ասես ցնցուղից սառը ջուր մաղեցին, ու նա լուռ նստեց աթոռին:

Տաթևը նիհարակազմ, բավականին գեղեցիկ դիմագծերով կին էր: Թեպետ տարիքը երեսունն անց էր, բայց ավելի փոքր էր երևում: Նրա ձեռքն արագ շարժվում էր թղթի վրա: Երբ ավարտեց երկրորդ գրառումը, մեկնեց որ Սամվելը կարդա:

«Հիմա ինձ չեք հասկանա, բայց հավատացնում եմ` խնդիրը ոչ միայն իմ կյանքի մասին է, այլ նաև հազարավոր մարդկանց»:

Սամվելը զարմացած նայեց Տաթևի դեմքին` հասկանալու համար` արդյոք այս ամենը խա՞ղ է թե ոչ: Բայց Տաթևի մտահոգ ու վախեցած դեմքը խոսում էր, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Նոր գրությունը չուշացավ. «Վերցրեք կոստյումն ու հետևեք ինձ»: Տաթևը նորից սկսեց գրել, բայց ավարտելուց հետո պատռեց էջն ու հաջորդ էջին նկարեց փոքրիկ կակաչ:

Սամվելը մի պահ վարանեց, բայց հետո կախիչից վերցրեց արյունոտված կոստյումն ու հետևեց Տաթևին:

Միջանցքում երևաց Գոհարը:

- Ամենաուշը մեկ ժամից կգամ,- հակիրճ ասաց Սամվելը:

Դիմացից քայլող կինը քմծիծաղ տվեց:

«Դժվար թե…»:

* * *

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մհեր Դարբինյանը վերջացրեց կարդալն ու մի կողմ դրեց աշխատանքից իր իսկ ազատման ծանուցագիրը: Հատկապես վերջին շրջանում վերադասի հետ հարաբերություններն է´լ ավելի էին բարդացել: Ավելին. ինքն ուներ բավական հիմքեր` մտածելու, որ իր անմիջական ղեկավարը մի շարք խարդախությունների մեջ է ներքաշված, բայց ոչ իր աշխատանքի բերումով, այլ` ընտանեկան բիզնեսի: Գաբրիելյանի ընտանիքի անդամները հանդիսանում էին խոշոր ընկերության բաժնետերեր, որը հիմնականում զբաղվում էր գյուղմթերքի արտահանմամբ և ներմուծմամբ: Տվյալ կազմակերպությունը վերջերս հաղթել էր կառավարության կազմակերպած գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի մեծ խմբաքանակի ներմուծման համար հայտարարված մրցույթում: Առաջին հայացքից թվում էր` արտասովոր ոչինչ չկա: Սակայն իրեն հայտնի էին դարձել գումարային մեքենայությունները: Մասնավորապես. Ընկերությունը հաշվետվությունում գրեթե կրկնակի թանկ է ներկայացնում գումարի չափը` կապելով ճանապարհածախսի հետ: Բացի այդ ամենից` Ընկերության գումարը փոխանցվել է մաս առ մաս` երկու տարբեր հաշվեհամարների, և մի Ընկերության, որը գրանցված է այսպես կոչված օֆշորային գոտում: Դասական փողերի լվացման եղանակ: Այս ամենին էլ միաժամանակ գումարվում է գյուղատնտեսության նախարարության մտահոգությունը: Հատկապես այն հարցում, որ ապրանքը գնվել է մի ընկերության կողմից, որի ստանդարտները, մեղմ ասած, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Նախարարության սննդի անվտանգության վարչությունը սննդամթերի անվտանգության և որակի ստուգման պետական ծառայությանը պատվիրել էր սերմացուի որակի լաբորատոր ստուգում անցկացվել: Արդյունքները ոչ միայն հուսահատեցնող էին, այլև դրանց հրապարակման դեպքում ներմուծող ընկերությունը և կառավարության որոշ պաշտոնյաներ կկանգնեին դատարանի առջև: Գաբրիելյանի ընտանիքին պատկանող բիզնեսը հօդս կցնդեր, իսկ ընտանիքի որոշ անդամներ հաստատ կհայտնվեին ճաղերի ետևում:

Օրեր առաջ կրքերն ավելի էին թեժացել: Գաբրիելյանին հատկապես մտահոգում էր այն հանգամանքը, որ Մհերի կինը գյուղատնտեսության նախարարության աշխատակից էր ու տիրապետում էր ողջ տեղեկա-տվությանը: Արդյունքը եղավ այն, որ այսօր ստացավ աշխատանքից ազատման ծանուցագիրը` առանց որևէ հիմնավորման:

Լսվեց բջջայինի ձայնը: Համարը ծանոթ էր: Միանգամից սեղմեց ընդունման կոճակը:

- Հա, Սերգեյ, ասա...

- Միացրու հեռուստացույցը, ցանկացած ալիք,- լսվեց Սերգեյի շնչակտուր ձայնը:

- Ինչի՞ համար:

- Միացրու` կհասկանաս:

- Լավ, միացնում եմ,- ավարտելով խոսակցությունը` ձեռքն առավ հեռակառավարման վահանակը:

«...Բժիշկներն այս պահին փորձում են անել հնարավորը` փոխնախարարի կյանքը փրկելու համար: Հիշեցնեմ, որ այսօր Կառավարական շենքի դիմաց զինված հարձակման է ենթարկվել գյուղատնտեսության փոխնախարար Անդրանիկ Սարգսյանը: Դեպքը կատարվել է րոպեներ առաջ: Ինչպես տեսնում եք` այս պահին ոստիկանները դեպքի վայրում են...»:

Մհերը տեղից վեր թռավ: Աշխատանքից հեռացումն այլևս նշանակություն չուներ նրա համար: Հիմա միայն մտածում էր նրա մասին:

***

- Հիմա ամեն ինչ կբացատրես, թե՞ նորից հանելուկներով ենք խոսելու,- դեռ շենքի մուտքից դուրս չեկած, զայրույթը մի կերպ զսպելով, խոսեց Սամվելը:

Տաթևը, որ մի քանի քայլ առաջ էր անցել, հետ եկավ ու ուղիղ նայելով Սամվելի աչքերին, որքան հնարավոր է ցածրաձայն խոսեց.

- Ինչպես ես, այնպես էլ դու մեծ վտանգի մեջ ենք: Րոպեներ առաջ կատարվածը վկայում է, որ որոշ մարդիկ դիմել են ամենածայրահեղ միջոցին: Ու ես քեզ վստահեցնում եմ` հիմա վտանգված է իմ, քո ու շատ շատերի կյանքը:

- Սպասե´ք, ես ի՞նչ կապ ունեմ…

- Նստենք մեքենան, կփորձեմ բացատրել: Եթե դժվար չէ, կխնդրեի` մոտեցնեիր մեքենան: Ես չեմ կարող դուրս գալ փողոց:

Սամվելն այս ամենն ավելի ու ավելի էր նմանեցնում սարսափ երազի: Նախ առավոտ շուտ այս ամենը, իր արյունոտ շորերն ու հիմա էլ` այս պաշտոնյան: Որքան հնարավոր է` ուշադրություն չգրավելով, նա անցավ ոստիկանների ու լրագրողների միջով ու մեկ րոպե անց մեքենան մոտեցրեց շենքի մուտքին:

Տաթևը շտապ նստեց մեքենան:

Սամվելն անջատեց շարժիչն ու հայացքը հառեց դեպի Տաթևը` սպասելով բացատրության:

(շարունակելի)