«Ո՞վ կբերի Կրասոսի գլուխը»


 

ԵԿԵՔ ԲԱՑԵՆՔ ՓԱԿԱԳԾԵՐԸ

Նախապատմություն

«Հայֆիլմ» կինոստուդիան Հայաստանում կազմավորվել է 1924 թ., իսկ 1925-ին էկրան է բարձրացել հայկական առաջին խաղարկային ֆիլմը` «Նամուսը»: Եվ այդ ֆիլմով էլ սկիզբ է առնում խորհրդային շրջանի հայ կինոարտադրությունը: Մինչև 2005 թվականը իր հիմնադիր բեմադրիչ Համո Բեկ-Նազարյանի անունը կրող կինոստուդիան նկարահանել է մոտ 200 գեղարվեստական խաղարկային ֆիլմ: Այստեղ նկարահանված «Տերտերին ուխտը» կարճամետրաժ և «Բարև, ես եմ» լիամետրաժ ֆիլմերը մասնակցել են Կաննի միջազգային կինոփառատոնին: Վենետիկի միջազգային կինոփառատոնում Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Սիրանուշի դերակատարման համար Գալյա Նովենցն արժանացել է կնոջ լավագույն դերի համար սահմանված գլխավոր մրցանակին:

Այս կինոստուդիայում են ստեղծագործել հայկական կինոյի բոլոր նշանավոր վարպետները, այստեղ ֆիլմեր են նկարահանել Սերգեյ Փարաջանովը, Անդրեյ Տարկովսկին…

2005 թ. «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառվեց: Որպես գնորդ հանդես եկավ «ArΗeniΖ Studios» ընկերությունը, որը հանդիսանում է CS MEDIA CITY հոլդինգի մի մասը: Մենք համապատասխան պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ վաճառքի են հանվել կինոստուդիայի հիմնական միջոցները. գլխավոր մասնաշենքը, մյուս մասնաշենքերը, կինոստուդիայի կից կառույցները, որոնք կազմել են 24,2 հազ. քառ. մ:

Իսկ կինոստուդիայի հողատարածքը, որը կազմում է 32,6 հեկտար, տրվել է վարձակալության: Գնորդներին իրավունք է տրվել 50 տարի օգտվել կինոստուդիայի ֆիրմային նշանից: Վաճառողի և գնորդի միջև կնքված պայմանագրի համաձայն, գնորդը պարտավոր է տասը տարվա

ընթացքում ներդնել 70 միլիոն դոլար: Այս գումարների հաշվին պիտի արդիականացվեն կինոստուդիայի տեխնիկական միջոցները, պիտի պահպանվեր ողջ կինոարխիվը, որը պիտի ենթարկվեր թվայնացման: Պայմանագրի համաձայն, սեփականաշնորհումից հետո, առնվազն մեկ տարի, պիտի պահպանվեր մոտ 300 աշխատատեղ, իսկ աշխատավարձը պակաս չպետք է լիներ 116 ԱՄՆ դոլարից: Նախատեսված էր, որ պետք է տարեկան նկարահանվեր չորս լիամետրաժ գեղարվեստական, հինգ կարճամետրաժ և երեք մուլտիպլիկացիոն ֆիլմ:

Ո՞վ և ինչո՞ւ վաճառեց կինոստուդիան

Տևական ժամանակ, երբ խոսվում էր կինոստուդիայի վաճառքի մասին, բոլորը զայրացած պնդում էին, թե հատկապես իշխանություններն էին շահագրգռված կինոստուդիայի վաճառքի հարցում, որպեսզի ազատվեին ավելորդ ֆինանսներ ծախսելու պարտականությունից և առաջնորդվելով շուկայական տնտեսության օրենքներով` կինոն դարձնել ազատական արտադրություն: Գուցե իշխանությունները նման մտադրություններ ունեցել են, գուցե իսկապես իշխանությունների մտքով անցել է ազատվել կինոարտադրության բեռից, սակայն մենք չգտանք կառավարության որևէ որոշում կամ առաջարկություն, որտեղ խնդիր դրված լիներ սեփականաշնորհել կինոստուդիան: Սեփականաշնորհումը տեղի է ունեցել մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի պաշտոնավարման շրջանում, բայց պարզվում է, նախարարին բաժին է հասել միայն փաստն արձանագրելու գործառույթը: Իսկ ահա կինոստուդիայի սեփականաշնորհմամբ շահագրգռված են եղել կինեմատոգրաֆիստնե րը: Ճիշտ այնպես, ինչպես դրանից առաջ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը համաձայնեց Նիկիտա Միխալկովի գործարքին և Մոսկվային թողեց ֆիլմաֆոնդի հսկայական արխիվները` հայկական կինոն զրկելով իր մեծագույն հարստություններից: Այդ գործարքի մասին որոշ կինեմատոգրաֆիստներ աղմուկ բարձրացրեցին, սակայն հետո լռեցին: Այդպես նաև վերջերս Կինեմատոգրաֆիստների միությունը համաձայնեց զրկվել իր շենքի մի մասից, հատկապես ճակատից` թույլ տալով, որ Կինոյի տան վրա բազմահարկ էլիտար շենք կառուցվի: Գիտենք, որ ոմանք այդ գործարքից շահեցին, ավելացրեցին Երևանում ունեցած իրենց բնակարանների թիվը, ստացան բավական մեծ ֆինանսական շահույթներ... Բայց վերադառնանք «Հայֆիլմի» խնդրին: Կինոստու դիայի վաճառքի հարցը աղմուկ ծնեց, շատերը դեմ եղան, սակայն հենց մի խումբ կինեմատոգրաֆիստներ խանդավառ ելույթներ ունեցան: Օգտագործելով իրենց կապերն ու ազդեցությունները` նրանք հեռուստաեթեր բերեցին Գաֆեսճյան ընտանիքի ներկայացուցչին, ով սկսեց գունագեղ հեքիաթ պատմել ապագայի մասին, ուրվագծեց հայկական Հոլիվուդ` բազմաթիվ տաղավարներով, գերհագեցած սարքավորումներով, տարեկան մի քանի տասնյակ ֆիլմերով: Այս ֆանտազիան գայթակղեց շատերին, ոմանք հեշտությամբ խաբվեցին և տվեցին իրենց համաձայնությունը: Իսկ սեփականատերը խոստանում էր ստեղծել 1500 աշխատատեղ:

«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գևորգ Գևորգյանին և գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին միացան ուրիշները, գրեթե ողջ կինոբոմոնդը մեղադրեց նրանց, ովքեր դեմ էին սեփականաշնորհմանը:

Յոթ տարի անց

«Հայֆիլմ» կինոստուդիան գնող ընկերությանը մնացել է երեք տարի` ավարտելու իր պայմանագրային պարտավորությունները: 2008 թվականին իրականացվեց առաջին պլանային ստուգումը: Ինչպես պարզվեց, սեփականատերը ոչինչ չէր արել և կարծես ցանկություն էլ չուներ ներդրումներ կատարելու և իրականացնելու ամրագրված իր պարտավորությունները: Խոստացված 70 մլն դոլարից ոչ մի ցենտ չէր ներդրվել, հենց առաջին ամիսներին աշխատանքից ազատվել էին գրեթե բոլոր աշխատակիցները, խաթարվել էր կինոարտադրության շարունակականությունը: 2012 թ. երկրորդ ստուգումներն են: Եվ դարձյալ` նույն վիճակը: Մինչև օրս` ոչ մի ներդրում, ոչ մի շինարարական աշխատանք, ոչ մի գնված սարքավորում, ոչ մի կառուցված տաղավար, ոչ մի կանաչապատում... Ավելին, «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոյով նկարահանված ֆիլմերին ոչ մի ֆինանսական աջակցություն: Կինոստուդիայի սեփականատերերը հրաժարվում են ասել, թե ինչքան գումար են ներդրել այս յոթ տարվա ընթացքում: Դա համարում են առևտրային գաղտնիք: Միակ բանը, որը, ըստ սեփականատիրոջ հայտարարության, արված է, ֆիլմերի թվայնացումն է: Ասում են, որ թվայնացվել են կինոստուդիայի բոլոր տարիների ֆիլմերը: Մինչդեռ մենք գիտենք, որ թվայնացվել է դրանցից մոտավորապես երկու տասնյակը: Մենք ունենք օրենք, համաձայն որի` պարտավորությունները չկատարող սեփականատիրոջը դատական պատասխանատվության են ենթարկում: Մեզ մոտ վախենում են Գաֆեսճյաններին հիշեցնել, որ իրենք չեն կատարել պարտավորությունները, հետևաբար պիտի չեղյալ համարվի սեփականաշնորհման պայմանագիրը:

Այստեղ է, որ պետք է հնչեցնենք հռետորական հարցումը, թե` «ո՞վ կբերի Կրասոսի գլուխը»: Ո՞վ կլինի այն համարձակը, որ հայկական կինոարտադրությունը ոչնչացրած միլիոնատիրոջը կհիշեցնի, որ պետք է հարգել այն երկրի օրենքները, որտեղ բիզնես ես իրականացնում:

Յոթ տարի անց հիմնովին փոշիացվել է կինոարտադրությունը, մենք կորցրել ենք կինոհանդիսատեսին, հայկական կինոն կանգնել է փակուղու առջև: Գաֆեսճյաններին, բնականաբար, այս ամենը չի հետաքրքրում, մանավանդ որ հիմա էլ շրջանառության մեջ է դրվել այսպիսի հասկացություն` այս պայմանագիրը միջանկյալ է: Այսինքն, եթե տասը տարվա ընթացքում ևս ոչինչ չարվի, Գաֆեսճյանները կարդարացնեն իրենց, ասելով, թե «անցումային» պայմանագիրն ընդամենը գործի սկիզբն է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ