ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ


Հավանաբար, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում որոշել են հայաստանցիների նյարդերի դիմացկունությունը ստուգել կամ էլ սարսափելիորեն վախենում են Միխայիլ Բաղդասարովից: Եթե չվախենային, եթե «վախենալու բան» չունենային, ապա վերջապես կարձագանքեին բոլոր բողոքներին և ինքնիշխան օլիգարխին դուրս կդնեին ուղևորափոխադրումների դաշտից: Բայց քանի դեռ Բաղդասարովի սուրն աջ ու ձախ է կտրում, նա որոշել է վերջնականապես ծաղրուծանակի ենթարկել բոլոր նրանց, ովքեր օգտվում են «Արմավիայի» ծառայություններից:

Այսպես, երկու օր առաջ Երևան-Եկատերինբուրգ երեկոյան ժամը 18-ի թռիչքը հետաձգվել է: Ընկերության ներկայացուցիչն ուղևորներից պահանջել է գնալ տուն և առավոտյան ժամը 6-ին զանգահարել իրենց: Իհարկե, մի «լավություն» են արել ուղևորներին` առաջարկելով իրերը թողնել իրենց մոտ:

Աշխարհի բոլոր օդանավակայաններում չվերթերի հետաձգման դեպքում ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից, բացատրում պատճառները, անհրաժեշտության դեպքում մարդկանց ապահովում սնունդով և գիշերելու կացարանով: Այս ամենն, իհարկե, չափազանց հեռու է «Արմավիայի» գործելաձևից, որի սեփականատերը, երևի, Երևանի օդանավակայանը շփոթել է Աղդամի «կուկուրուզնիկների» կայանի հետ...

Մեզ հաջողվեց պարզել, որ ուղևորներին տուն ուղարկելու և չվերթը հետաձգելու պատճառն այն է, որ Բաղդասարովը կամենում է հերթական գերշահույթն ապահովել: Այս չվերթի համար վաճառված մոտ 60 տոմսին նա ուզում է գումարել նաև առավոտյան ժամը 8-ի չվերթի ուղևորներին և երկուսի փոխարեն մեկ չվերթ կատարելով` հերթական գումարները վաստակել: Մենք փորձեցինք այս ամենի մասին տեղյակ պահել Քաղավիացիայի գլխավոր վարչությանը, սակայն հետո փոխեցինք մեր մտադրությունը, որովհետև այս ամենի մասին շատ լավ գիտեն այդ գերատեսչությունում: Գիտեն ու հովանավորում են: Համենայն դեպս` համակերպվում են իրավիճակին: