Լուսաբացներն առայժմ խաղաղ են


 

Վերջին օրերին հաճախակի են դարձել տեղեկատվություններն այն մասին, որ Սիրիայում առկա զարգացումներն իրենց արձագանքն են գտնում նաև Լիբանանում, որտեղ նույնպես ոչ փոքրաթիվ հայկական գաղութ կա: Լիբանանյան զարգացումների, դրանում տեղի հայության մասնակցության մասին է զրույցը Բեյրութի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կենտրոնի դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակի վարիչ Վարդան ԹԱՇՉՅԱՆԻ հետ:

- Լիբանանից անհանգստացնող լուրեր են ստացվում: Կարելի՞ է ասել, որ այդտեղ դարձյալ քաղաքացիական պատերազմ է:

Քաղաքացիական պատերազմը Լիբանանում տարբեր դրսևորումներ է ունեցել 1975-ից մինչև 1990 թթ.: Այսօր այն տեղի է ունենում Լիբանանի հյուսիսային նահանգում, որի կենտրոնը Տրիպոլին է: Բայց այն առայժմ լոկալ բնույթ ունի. այսինքն, զինված բախումները Լիբանանի մի հատվածում են: Հակամարտության մասնակիցները մի կողմից սունիական շարժումները ներկայացնող զինյալներն են, մյուս կողմից երկրի իշխող վարչակազմի հետ սերտ հարաբերության մեջ գտնվող ալևի հավատքի հետևորդների ներկայացուցիչները: Տրիպոլիում կան միմյանց շատ մոտ գտնվող և ավանդաբար հակամարտող թաղամասեր: Դրանցից մեկը համարվում է արմատականորեն տրամադրված սունիական բնակչության, իսկ մյուսը ալևիների կենտրոնավայր: Այս բախումներն, անշուշտ, սիրիական հակամարտության արձագանքն են լիբանանյան հողի վրա` որպես այդ հակամարտության մի դրվագ:

- Սիրիայում առկա հակամարտությունում ակտիվ մասնակցություն ունի Թուրքիան: Նրա ազդեցությունը չի՞ նկատվում լիբանանյան զարգացումներում:

Դրա ապացույցները շատ դժվար է երևան բերել: Բայց մի քանի հանգամանք թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիան անմասն չի: Կարելի է ասել` իր ազդեցությունն ունի Լիբանանում ընթացող բախումների վրա, թեկուզ` որպես ածանցված: Ապացույցների մասին կդժվարանանք խոսել, որովհետև դրանց վերաբերյալ հրապարակված տվյալներ չկան: Սակայն Տրիպոլիի սունիական միջավայրը մշտապես հոգեհարազատ հարաբերությունների մեջ է եղել Թուրքիայի հետ, և հենց այդ տարածքում է ամենաշատը զգացվել լիբանանյան պետական շփումների ինտենսիվությունը:

Անցած քաղաքացիական պատերազմում հայ համայնքն ընդհանուր առմամբ կարողացավ չեզոքություն պահպանել, չնայած` ստիպված էր զինված ջոկատներով պաշտպանել հայկական թաղամասերը: Այդ առումով, ինչպիսի՞ն է վիճակն այսօր, որքանո՞վ է հաջողվում չեզոքություն պահպանել:

- Ասացի, որ բախումները Լիբանանում խիստ լոկալ բնույթ են կրում` երկրի հյուսիսային հատվածի կենտրոն Տրիպոլիում: Այնտեղ ունենք փոքրաթիվ, բայց կենսունակ հայ համայնք` հայկական դպրոցով, հայ եկեղեցիով: Բարեբախտաբար, բուն բախումների շրջանը հայկական թաղամասերի հետ կապ չունի: Հայկական համայնքում մարդկային կորուստներ չկան, նյութական վնասներ չկան. Տրիպոլին մեծ քաղաք է, և հայկական թաղամասերը հեռու են բախումների գոտուց: Սա շատ կարևոր տարբերություն է այն վիճակի համեմատ, որ գոյություն ուներ 1975-90 թթ.: Այն ժամանակ ամենաբուռն բախումները տեղի էին ունենում հենց մայրաքաղաքում և նրա արվարձաններում, որտեղ կար հոծ հայ բնակչություն: Իսկ այսօր ո´չ մայրաքա-ղաքում, ո´չ արվարձաններում զինյալ բախումներ գոյություն չունեն: Այնպես որ` անհանգստանալու խնդիր չկա: Լիբանանյան բանակն էլ 1975 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակի համեմատ ավելի արդյունավետ է գործում, հենց Տրիպոլիում կարողանում է անվտանգության որոշակի խնդիրներ լուծել: Եվ անվտանգության հիմնական երաշխիքը մնում են Լիբանանի պետական զինված ուժերը:

Իսկ Հզբոլահն ի՞նչ դերակատարություն ունի առկա հակամարտության մեջ:

- Հզբոլահն այսօր հյուսիսում զգալի հենարան չունի, որովհետև այնտեղ, ինչպես ասացի, մեծ մասը սունի իսլամիստներ են կամ քրիստոնյաներ, և ալևիի փոքրամասնություն: Այնտեղ շիա մահմեդական բնակչություն չկա, որը Հզբոլահի համար համարվում է որպես ժողովրդական հենարան որևէ գործունեության համար:

Իհարկե տեղյակ եք, որ սիրիական զարգացումներում ԱՍԱԼԱ-ն հայտարարությամբ հանդես եկավ` զգուշացնելով Թուրքիային, որ հայ համայնքի դեմ ուղղված որևէ քայլի դեպքում ինքը հակամարտության մասնակից կողմ կդառնա: Հայտնի է, որ ԱՍԱԼԱ-ն Լիբանանում հիմնված կազմակերպություն է: Այդ առումով, նրա կողմից որևէ շարժ նկատելի չէ՞:

- Ոչ: ԱՍԱԼԱ-ն բացի այդ ծանոթ հայտարարությունից որևէ գործողության մասին չի հայտարարել: Գոնե ինձ հայտնի չէ: Բայց կարծում եմ, որ հայկական բոլոր ուժերն էլ պետք է զգոն լինեն` կանխելու համար այս իրավիճակից օգտվելու թրքական որևէ փորձ:

Իսկ Լիբանանում հայ համայնքի շրջանակներում Հայաստան ներգաղթելու միտում այս օրերին չի՞ նկատվում, ինչն առկա է Սիրիայում :

- Ոչ: Սիրիահայերի տեղափոխությունն անվտանգության խնդիրներով էր բացատրվում. Լիբանանում կյանքի անվտանգությանը սպառնացող իրավիճակ այսօր չկա: Լիբանանում առկա լոկալ բախումները չեն սպառնում մարդկանց ֆիզիկական գոյությանը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ