ՍԱ ԷԼ Է ՄԵՐ ԿԵՐՊԱՐԸ


 

58-ամյա Նորա Քանարյանը նամակ է գրել երկրի նախագահին, ուր ասում է. «24-ամյա դստերս հետ ապրում եմ Վանաձորի ուսանողական 14 հանրակացարանի 327 սենյակում: Մենք գաղթական ընտանիք ենք: Ես այրի եմ, չքայլող հաշմանդամ, անտուն, թոշակառու: Որդիս 3 տարի է` հիվանդ է, և քանի որ իմ 13 հազար դրամ թոշակս բավարար չէր նրա դեղերին, դիետիկ սնունդ գնելուն և այլ անհրաժեշտ ծախսերին, ես այդ ամենն ապառիկով էի վերցնում: Հիմա այնպիսի իրավիճակում եմ, որ ոչ ոք չէր դիմանա այսքան: Այս տարի էլ տղաս ծանր նոպաներ ունեցավ և ունի, և մեր պարտքերն ավելացան: Ինչը հնարավոր էր, պետպատվերով կատարվեց, իսկ սննդի և ստուգումների հարցերը վճարովի են: Հիմա ունեմ 3 տարվա սննդի համար կուտակված շուրջ 180 հազար դրամի պարտք, դեղերի համար` 70 հազար դրամի և պարտքով վերցրած հրատապ հոգսերի դրամի պարտքեր»:

Այս նամակը երևի եզակի չէ իր բովանդակությամբ, քանի որ Հայաստանում այսօր քիչ չեն նման վիճակում հայտնված մարդիկ: Սակայն տարօրինակն այն է, որ հատկապես գաղթականները մեր երկրում մոռացության են մատնվել, որ տարբեր բարեգործական հիմնադրամներ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակը ուշադրություն չեն դարձնում նման մարդկանց, երբեմն արհամարհում են նրանց հանապազօրյա խնդիրները: Զարմանալի է նաև, որ ծանր նոպաներ ունեցող տղային չեն թոշակավորել, համապատասխան կարգ չեն սահմանել: Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, մի՞թե Վանաձորում անհնար էր մի աշխատատեղ գտնել 24 տարեկան աղջկա համար: Ու դա արդեն ոչ թե իշխանությունների, այլ հենց այդ աղջկա առաջնային խնդիրը պիտի լիներ...