Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԵՐԿՆՔՈՒՄԳԵՐՎԱԾՆԵՐԸ


 

(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-62-ում)

ՏԻԳՐԱՆ _ Դու ի՞նչ հարազատներ ունես, Շողեր:

ՇՈՂԵՐ _ Հայր ու մայր: Աղջիկ: Այսպես ասած` ապօրինի ծնունդ: Ուսանող է: Իմ կյանքում ինչ-որ բան, մի շատ կարևոր բան չստացվեց: Եվ այդ պատճառով էլ հոգիս աշխարհից խռովեց… Գրեթե գերազանց ավարտեցի դպրոցը, ընդունվեցի ինստիտուտ, դարձա նկարիչ, բայց… Երևի ճակատագիր էր:

ՍԵՆԻԿ _ Ես մեծացել եմ մանկատանը: Մայր չեմ տեսել: Երևի չեմ էլ ունեցել… Հայրս էր հաճախ այցելում: Նրա հոգին էլ, ինչպես որ իմը, երբեմն-երբեմն… վշտանում էր: Իսկ ես երևի հենց նրա համար դարձա դերասան, որ ի ցույց դնեմ մարդկային հոգու մեծ խռովքները…

ՍԵԴԱ _ Իմ թոռնիկը աղջկաս բալիկն է: Ամուսինս կա: Ինքը իր համար: Ունեմ հայր ու մայր` արդեն ծերացած: Եթե դերասան ես չդառնայի ու չխաղայի դերեր բազմատիպ, երևի թե միշտ խելառ լինեի:

ՇՈՂԵՐ _ (Քիչ անց, Տիգրանին` Երկնային ձայնի տոնայնությամբ) Իսկ դո՞ւ ինչու չես խոսում: Ի՞նչ է, դու ոչ ոք չունե՞ս:

ՏԻԳՐԱՆ _ Մորս մասին արդեն ասացի: Ունեմ ընտանիք` կին, երկու որդի: Ապրում էին ինձանից հեռու` ուրիշ երկրում: Նկարչական շնորհը մեր արյան մեջ է: Նկարիչ է նաև որդիս:

Լսվում է մոտեցող ծանր քայլերի ձայն: Ներս է գալիս հանդերձյալ աշխարհի նույն էակը:

ՏԻԳՐԱՆ _ (Նրան նայելով) Հաշվետվությո՞ւնը:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ_ Չէ´: Այս անգամ ես եկել եմ Տիրոջ կողմից` որպես պատվիրակ: (Բոլորն սպասում են, թե ինչ է ասելու): Ձեր երկնային դատը արդեն ավարտվեց:

ՍԵՆԻԿ _ Ինչպե՞ս: Առանց մե՞զ:

ՍԵԴԱ _ Եվ այսպես արա՞գ: Իսկ քառասուն օ՞րը:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Տերը որոշեց այսպես: Եվ ես լիազորված եմ հիմա հայտնելու որոշումը ահեղ դատաստանի: (Բոլորը շունչները պահում են): Ձեր բոլորի համար վճռվել է նույնը: Ծանր էր նժարը ձեր բարի գործերի: Նման դեպքում, գիտեք, բացվում են դռները երկնային դրախտի… (Ոչ ոք այլևս չի կարողանում ուրախությունը զսպել: Ակամայից ճչում են, բղավում, փաթաթվում իրար):

ՍԵԴԱ _ Դրա˜խտ… Դրա˜խտ…

ՇՈՂԵՐ _ Ես զգում էի… Ես հավատում էի…

ՏԻԳՐԱՆ _ Դրա˜խտ… դրա˜խտ…

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Սակա˜յն… Սակա˜յն… (Ձայնը ավելի է բարձրացնում): Սակա˜յն… (Կրկին տիրում է լռություն): Քանի որ դուք ձեր կյանքից հետո հայտնեցիք այնպիսի մտքեր, դրսևորեցիք այնպիսի վարք, որն աններելի է դրախտային էակներին, ուստի կայացվեց… Ուստի կայացվեց աննախադեպ վճիռ… Որոշվեց ձեզ վարքի համար հետմահու… ուղարկել դժոխք… (Տիրում է մեռելային լռություն):

ՏԻԳՐԱՆ _ Ինչպե՞ս… Վարքի համար հետմահո՞ւ:

ՍԵՆԻԿ_ Ուրեմն մենք մեր երկրային կյանքով արժանի էինք դրախտի ու դժոխք ենք ընկնում մահվանից հետո՞ արածի համար:

ՍԵԴԱ _ Ես այսպիսի բան լսում եմ առաջին անգամ:

ՇՈՂԵՐ _ (Գրեթե լացելով) Պատկերացնո՞ւմ եք` ողջ կյանքում ապրել դրախտին արժանի և դժոխք ընկնել հետմահու վարքի համար … Կարելի է գժվել:

ՍԵԴԱ _ Իսկ ինձ թվում է, որ մեզ այստեղ պարզապես դրել են գժի տեղ:

ՍԵՆԻԿ _ Եվ վերջնակա՞ն է այդ որոշումը: Այն ենթակա չէ՞ վերաքննության:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Ամեն որոշում այստեղ լինում է կշռադատված: Ուստի` վերջնական:

ՏԻԳՐԱՆ _ Լավ, ընդունեցինք: Բայց դուք մեր ո՞ր մի ասածը այդպես դյուրին հերքեցիք:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Դուք անհավատի մտքեր հայտնեցիք:

ՍԵԴԱ _ Ու չափից ավել քննադատեցինք:

ՍԵՆԻԿ _ Եվ քանի որ, դիցուք, Աստծուն անհաճո մտքեր ասացինք, ուստի… դրա համար պիտի… Աստծո թշնամի չար դևը տանջի… (Ակամայից ծիծաղում է):

ՏԻԳՐԱՆ _ Չէ´: Այստեղ իսկապես ինչ-որ մի բան այն չէ: (Արդեն վրդովված, հանդերձյալ աշխարհի էակին) Բայց դուք նախ համոզե´ք, ապացուցե´ք, խնդրեմ, թե մենք այստեղ սխալ ինչ ենք ասե´լ, արե´լ:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Խստությամբ) Մենք ձեր` մարդկանց առաջ հաշվետու չենք, տիա´ր:

ՇՈՂԵՐ _ Այ հենց դա´ է սխալ:

ՍԵՆԻԿ _ Ես հասկացա արդեն, թե աշխարհը ինչու անարդար է այսքան… (Կարճատև դադարից հետո) Քանզի իր արածի և չարածի´ համար և´ ոչ մեկի առաջ հաշվետու չէ… Աստված:

ՍԵԴԱ _ (Քիչ անց) Հա´: Իսկապե´ս: Իսկ ձե´ր, ձե´ր արածի համար, անգործության համար ինչո՞ւ պատիժ չկա:

ՇՈՂԵՐ _ Դե իհարկե´ դուք անթերի, դուք անբիծ եք: Անձեռնմխելի˜…

ՏԻԳՐԱՆ _ Ինչ ուզեք` կանեք: Ի´նչ ուզեք` կասեք: Ուզեք` կտանեք դրախտ: Ուզեք` կտանեք դժոխք:

ՍԵԴԱ _ Ես մեր ասածների, արածների համար չեմ զղջում բնավ: Եթե այստեղ էլ անկեղծ խոսելը համարվում է մեղք, տարեք ինձ դժոխք:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Այս ի˜նչ սրբապիղծ մտքեր եմ լսում: (Բոլորն անցնում են կռվազան տոնի: Երկնային ոգին, անակնկալի գալով, շփոթվում է):

ՇՈՂԵՐ _ Ի՞նչ է, քեզ հետ ազատ, ազնիվ խոսել չի՞ կարելի:

ՍԵՆԻԿ _ Չէ´, դու մեր, մեր հարցերին պատասխանիր:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Ո՞ր հարցերին:

ՍԵՆԻԿ _ Է´ն, որի համար մեզ տանում եք դժոխք:

ՍԵԴԱ _ Հա´, եթե դուք այդպես արդար եք, ազնիվ, ինչո՞ւ չեք բռնում հապա ձեռքերը մարդասպանի:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Դա ձեր գործը չէ:

ՍԵԴԱ _ Լավ էլ մեր գործն է: Պիտի ասես` տանում ենք դժոխք: Է´, ձեռքը բռնեք, բերեք խելքի, ոչ ինքն ուրիշին հասցնի դժոխք, ոչ էլ դուք` իրեն: Այդպես չի՞ լինի: Ամո՞թ կլինի: (Երկնային ոգին ուզում է ինչ-որ բան ասել, բայց նրան այլևս խոսել չեն թողնում):

ՏԻԳՐԱՆ _ Եվ ստի ոտքն էլ ինչո՞ւ եք թողնում, որ լինի երկար…

ՇՈՂԵՐ _ Լավ: Բա որ ժանտախտը մի քաղաք հնձեց, ինչո՞ւ թույլ տվիք: Բոլորը այնտեղ իժի ծնունդներ, անհավա՞տ էին: Եվ մինչև անգամ նորածիննե՞րը…

ՍԵՆԻԿ _ Իսկ հեղեղնե՞րը, երկրաշարժնե՞րը… Չէ´, չէ´… Դու ապացուցիր, որ դրանց բոլոր զոհերը իրոք բարոյազրկված, արնախում էին:

ՏԻԳՐԱՆ _ Ո˜չ, ի՞նչ արնախում… Արնախումների գլուխը նրանք քնքուշ շոյում են, ձեռքները տալիս թուր ու յաթաղան ու ասում. «Խնդրե´մ, անհավատների այս հոտին մորթե´ք»:

ՍԵԴԱ _ Մի երևելի դրվածք եք դրել, մեզ էլ դատում եք:

ՍԵՆԻԿ _ Մահը` հասկացանք, բա ծերությո՞ւնը: Չէ´, չէ´… Դու ասա, թե ծերությունը` պառավ մարմինը, կորացած մեջքը ու քոռ աչքերը ինչի՞ են նման: Դու կուզեի՞ր այդպես ապրել թեկուզև մեկ օր:

ՇՈՂԵՐ _ Եվ ինչո՞ւ պիտի մենք մեր այս (ցույց է տալիս ստամոքսը) անհագ անասունի համար միշտ արյուն թափենք: Սա՞ է ձեր բարի, ձեր աստվածային արդար դրվածքը:

ՍԵՆԻԿ _ Եվ ինչո՞ւ եք ներոններին գահի վրա նստեցնում… Գիտե´նք, գիտե´նք. Տերն է տալիս իշխանություն: (Այլ հնչերանգով) Ուստի նրանց հնազանդվեք խոնարհ, հլու: Այսպես է, չէ՞, ասված Գրքում:

ՍԵԴԱ _ Մենք էլ այդպես հեզ ու հլու թողեցինք մեզ քաշել մորթի… Կարդում եք, չէ՞, պատմագիրք:

ՍԵՆԻԿ _ Լա´վ, մենք խոնարհ, մենք սուս ու փուս ելանք մորթի, բա դո՞ւք հանգիստ ոնց նայեցիք… Չէ´, չէ´… Հանգիստ: Դու մեզ լսիր: Մենք ենք հիմա դատավորը:

ՏԻԳՐԱՆ _ Եվ ինչո՞ւ, ասա´, կարճ կյանքում գործած սխալի համար դժոխքում պետք է տառապել հավերժ:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Բավակա´ն է: Ես ասացի որոշումը: (Ուզում է գնալ):

ՍԵՆԻԿ _ (Կանգնում է նրա առաջ և թույլ չի տալիս): Ո´չ: Ոչ մի տեղ: Դու այստեղից տեղ չես գնա:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Մինչև հիմա այսպիսի բան չէի տեսել, Տե´ր: Նույնիսկ այստե՞ղ ըմբոստություն:

ՇՈՂԵՐ _ Հա´: Ի՞նչ կանես: Կմիջնորդես դժո՞խք տանել:

ՏԻԳՐԱՆ _ Լսիր հիմա` ինչ ենք ասում: Մենք քեզ այստեղ… պատանդ ենք վերցնում:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Նայում է վերև): Այս ի՞նչ են ասում, Տե´ր: Ո՞վ է նման բան լսել: Դժոխային ոգին` պատա՞նդ:

ՍԵՆԻԿ _ Հա´, հենց այդպես: Նստիր այստեղ: (Ուժով նստեցնում է աթոռին):

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Ու ի՞նչ է հիմա ձեր ասելիքը: Պատանդ վերցնելիս պահանջ են դնում:

ՏԻԳՐԱՆ _ Մենք ուզում ենք պատասխանը: Պատասխանը մեր հարցերի: Բյո´ւր հարցերի…

ՍԵՆԻԿ _ Ես ուզում եմ թեկուզ մեկ բան, հասարակ բան հասկանալ: Ինչո՞ւ չեք բռնում գոնե ձեռքը այն, որը Աստծո տաճար է պղծում, տաճար է քանդում:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Ախր Աստված…

ՇՈՂԵՐ _ Իսկ եթե նա էլ ամենազոր չէ, չի կարողանում, ուրեմն, տիա´րք, ինչո՞ւ եք ստում:

ՍԵԴԱ _ Պատվիրանները, ինչ է, չգիտե՞ք:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Մի´ եղեք, մարդի´կ, ապերախտ այդպես: Աստված ձե´զ համար երկիրն արարեց: Երկինքը անհուն: Ողջ տիեզերքը:

ՏԻԳՐԱՆ _ Ի˜նչ: Ընդամենը` սուտ: Նույնիսկ մանկանը այդպես պարզունակ ստով չեն խաբում: Այս մեծ եզերքը, անսահման, անվերջ այս տիեզերքը, որի մի չնչին, աննշան մասն ենք միայն մենք տեսնում, որի ծայրին մինչև իսկ մտքով չենք կարող հասնել, ինչպե՞ս կարող է ախր արարված լինել մեզ համար:

ՏԻԳՐԱՆ _ Ու աշխարհում էլ ձեր եղբայրները այնպես են ասում, թե Աստված նույնիսկ իր միակ որդուն…

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Հա´: Սխա՞լ են ասում:

ՏԻԳՐԱՆ _ Չէ´, սխալ չեն ասում: Բայց դուք, թե իրոք ազնվամիտ եք, պիտի ասեք նրանց. «Միակ լինելու հանգամանքն այդպես աչք մի´ խոթեք, տիա´րք, քանի որ Աստվա´ծ այդպես կամեցավ»:

ՍԵԴԱ _ Թե չէ դուրս է գալիս, որ Տերն էլ մարդ էր մի թշվառ ու անճար, որ, Աստծո կամոք, հանկարծ մի արու զավակ ունեցավ:

ՏԻԳՐԱՆ _ Եվ իր որդուն էլ նա այդ մինուճար ուղարկեց մարդկանց` գազանների մեջ:

ՍԵԴԱ_ Եթե ցանկանար, բյուր հազար որդի կծնվեր իրեն: Ի՞նչ է, այդպես չէ՞: Այդպես է: Անշո´ւշտ: Դե ուրեմն նախ ազնիվ եղեք դուք:

ՍԵՆԻԿ _ Մի խոսքով` էլ ոչ մի խոսք. դու մնում ես պատանդ: (Ուզում է սավանով հադերձյալ աշխարհի էակին կապել):

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Այս ի՞նչ ես անում: Խելքի´ եկ, տիա´ր… (Դիմադրում է):

ՏԻԳՐԱՆ _ Հանգի´ստ… Հանգի´ստ…

ՍԵԴԱ _ Հա, ի միջի այլոց, այս ի՞նչ է գլխիդ: Կարծես լինի դնովի: (Շոշափում է, մնում զարմացած): Ի՞նչ է, դիմա՞կ է: (Ուզում է հանել, բայց երկնային ոգին կրկին փորձում է թույլ չտալ):

ՏԻԳՐԱՆ _ Հանգի´ստ… Հանգի´ստ…

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Այս ի՞նչ են անում, Տե´ր Աստված: Ով է տեսել` հանգուցյալները պոկեն գլուխը երկնային ոգու: (Գլուխը թափահարելով` փորձում է Սեդային թույլ չտալ, որ դիմակը հանի, բայց չի հաջողվում: Սեդան հանում է դիմակը, և... բոլորը զարմանքից մնում են քարացած: Միանգամից տիրում է լռություն):

ՍԵՆԻԿ _ (Ուշքի չեկած, երկնային ոգուն նայելով) Բժի՞շկ…

ԲԺԻՇԿ _ Այո´: Սա ես եմ: Հիմա ամեն ինչ կբացատրեմ:

ՇՈՂԵՐ _ Ուրեմն դո՞ւ էլ ես մեռել:

ՍԵԴԱ _ Ու այստեղ արդեն ունես պաշտո՞ն:

ԲԺԻՇԿ_ Հիմա կասեմ: Քանդեք կապերը:

ՏԻԳՐԱՆ_ Ոչինչ չեմ հասկանում… Պիտի որ դու էլ մեզ հետ մեռած լինես միաժամանակ: Այդ դեպքում ե՞րբ հասցրին քո բարի ու չար գործերը կշռել, նշանակել պաշտոնի:

ԲԺԻՇԿ _ Հիմա կիմանաք: Այդպես չէ: Ես հիմա էլ բժիշկ եմ:

(շարունակելի)