Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ Է ՏԱՊԱԼԵԼ


 

Օրերս երգչուհի և պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը ցնցող հայտարարություն է արել Եվրատեսիլ-2011-ի մասին` ասելով, որ ոչ թե Էմմին է տապալվել, այլ Ադրբեջանն է տապալել:…

Ի՞նչ նկատի ունի անվանի երգչուհին և ԱԺ նախկին պատգամավորը, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Էմմիի վատ երգի ու վատ կատարման հետ: Սխալ չգրեցինք` վատ երգ և վատ կատարում: Բայց, հավանաբար, Նադեժդա Սարգսյանն ավելին գիտի և չի ուզում ասել: Սակայն մենք չենք կարող անտարբեր անցնել այս հայտարարության կողքով, որովհետև շոշափվում է Ադրբեջան բառը. մի երկրի անուն, որը բազմաթիվ անգամներ, քարոզչական պատերազմ մղելով, ձգտել է խոչընդոտներ դնել հայ արվեստագետների և մարզիկների առջև, տարածել ապատեղեկատվություն, փողի միջոցով գնել շատ հաղթանակներ:

Պետք է ենթադրել, որ ադրբեջանական իշխանություններն են կաշառել շատ քվեարկողների և մասնագիտական ժյուրիի անդամներին` ձայներ չտալ Հայաստանի ներկայացուցչին: Գիտենք, որ ամենակաշառվող ժյուրիներից մեկն է Եվրատեսիլի մասնագիտական հանձնախումբը, որն աշխատում է բավարարել տարբեր քաղաքական շահեր: Ուրեմն, իսկապես այս ժյուրին և Ադրբեջանը գործել են համատեղ… Իսկ որպեսզի այս ժյուրին չծախվի և օբյեկտիվություն պահպանի, անհրաժեշտ է, որ հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու նրա ընկերները Եվրատեսիլը չդարձնեն հերթական հանգստի միջոցառում` վայելելով տարբեր երկրների բնության հրաշալիքներն ու իրենց հաճույքն արձանագրած լուսանկարները տեղադրեն ֆեյսբուքյան էջերում: Նրանք պետք է պահանջեն, որպեսզի ժյուրին ընտրվի Հեռարձակողների միության բոլոր անդամների կողմից, և դրանում ընդգրկվի նաև Հայաստանի ներկայացուցիչը: