ԳԱԶԱՊԱՏՈՒՄ


Հերթական առիթն է ներկայացել` հայ¬վրացական հարաբերությունների անուրախ ֆոնին մի նոր մռայլ գույն են ավելացնում այս երկրի տարածքով անցնող ու Հայաստանը երկնագույն վառելիքով ապահովող գազատարի վաճառքի մասին թարմացված հայտարարությունները: Վրացական կողմի մինչև վերջերս պահպանվող լռությունը հույսեր էր ներշնչում, որ հարևան կառավարությունն առանց բարձրաձայնելու որոշել է հրաժարվել իր նախնական մտադրությունից և խողովակաշարը վաճառելու ցանկություն այլևս չունի: Պարզվեց սակայն, որ վրացական իշխանություններն ինչ¬ինչ ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով ձգտում են վաճառել նավթագազային ընկերության բաժնետոմսերի մի մասը: Ճիշտ է, գնորդ է որոնվում ամբողջ փաթեթի ընդամենը 25 տոկոսի համար, սակայն խնդիրն այն է, որ խնդրո առարկա խողովակաշարը հենց այդ հատվածի մեջ է ներառված ու այսպես թե այնպես` պետք է վաճառվի: Նախկին գնորդներից Ռուսաստանն ու Ղազախստանը նույն պատրաստակամությամբ նախատեսում են վաճառվելիք բաժնեմասի համար կռիվ տալ, իսկ նախկին գնորդների շարքում ամենահավակնորդ Ադրբեջանի նավթային ընկերությունը կարծես հրաժարվել է իր այդ հավակնություններից: Դեռ մեկ տարի առաջ պաշտոնական Բաքուն երկրի բարձրաստիճան ղեկավարների միջոցով հավաստիացնում էր, թե նույնիսկ առավելագույն գումարն է պատրաստ վճարել Հայաստանը սնուցող գազատարը ձեռք բերելու համար... Ներկայիս քար լռությունը հաստատում է, որ Բաքուն պատահաբար չի պապանձվել. այստեղ նախկինում էլ էին լավ հասկանում, թե ինչ կարող է հաջորդել` երբ հենց Ադրբեջանի նավթային ընկերությունը գազատարի գնորդը դառնա: Չի էլ բացառվում, որ խողովակաշարը գնելու ցանկություն Ադրբեջանն այն ժամանակ ևս չի ունեցել: Այսինքն, առիթը ներկայացել է, ու հեյդարօղլու հերթական քարոզչական փուչիկն է պայթում: Մինչ Բաքվում կհասցնեն վերստին գնահատել երկրի ղեկավարի հայտարարությունների լրջությունը, նշենք, որ հայ¬վրացական խողովակաշարի գնորդների շարքում կարող է հայտնվել նաև «Հայռուսգազարդը»: Այս դեպքում էլ հավանաբար ամեն ինչ «Գազպրոմի» տրամադրվածությունից է կախված: Հետևաբար, եթե ռուսական կողմը լուրջ խոչընդոտ չհանդիսանա գործարքը կյանքի կոչելու ճանապարհին, չի բացառվում, որ Վրաստանի կառավարությունը գազատարի անուղղակի սեփականատիրոջը` Հայաստանին համեմատաբար ցածր գին առաջարկի: Հավաստիացվում է, որ ժամանակին խողովակաշարի կառուցման շրջանում մեր երկիրը նույնպես շոշափելի նյութական միջոցներ է ներդրել: Եվ հիմա Հայաստանն ինչ¬ որ առումով կարող է պահանջատիրոջ դիրքերից հանդես գալ: Թե որքանով հաշվի կառնվի մեր բարոյական ակնկալիքը` կենսական այս խնդրում` դժվար է ասել: Այսուհանդերձ, փոքր¬ինչ հեռատես գտնվելու դեպքում հարևան Վրաստանը Հայաստանին պետք է ճանաչի որպես գազատարի ամենահարմար գնորդ: Բոլոր գործոններից զատ` Վրաստանը պետք է որ չշրջանցի կարևոր մի հանգամանք. գազատարն իրական սեփականտիրոջը համեմատաբար մեղմ գնով փոխանցելու դեպքում էապես կլիցքաթափվեն նաև հայ¬վրացական հարաբերություններում մերթ ընդ մերթ բռնկվող լարումները: