Ղարաբաղյան հակամարտությունը և փախստականների խնդիրը


Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի կարևորագույն և վիճահարույց հիմնահարցերից է փախստականների և տեղահանվածների խնդիրը, որը մինչև այսօր առաջնայիններից է` հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված բոլոր փաստաթղթերում: Հիմնահարցի լուծման դժվարությունը կապված է այն փաստի հետ, որ հակամարտության կողմերը` հայերը և ադրբեջանցիները, տարբեր կերպ են ընկալում «փախստական» կամ «տեղահանված անձ» հասկացություններն ու տարբեր մոտեցումներ ունեն խնդրի կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանական տեսակետի համաձայն` «փախստականներ» են համարվում Հայկական ԽՍՀ-ից 1989-1990 թթ. տեղահանված ազգությամբ ադրբեջանցիները (մոտ 160.000 մարդ), իսկ «ներքին տեղահանված անձանց» կարգավիճակ ունեն Լեռնային Ղարաբաղից (35.000 մարդ) և հարակից շրջաններից (մոտ 300.000) տեղահանված ադրբեջանցիները: Իհարկե ադրբեջանական արտաքին քարոզչամեքենան ներկայացնում է չափազանցված տվյալներ` փախստականների և ներքին տեղահանվածների թիվը հասցնելով 1 միլիոնի (խոսքը վերաբերում է միայն ազգությամբ ադրբեջանցի փախստականներին): Իրականում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և ԼՂ հարակից շրջաններից հեռացած ադրբեջանցիների թվաքանակը միասին վերցրած չի անցնում 500 հազարը: Ըստ 1989 թ. մարդահամարի տվյալների` Ադր. ԽՍՀ-ում ապրում էր մոտ 7 մլն մարդ, որից 2 միլիոնը` Բաքվում, Սումգայիթում և Գյանջայում, 350.000-ը` Նախիջևանում, մոտ 200.000¬ը` ԼՂԻՄ-ում: Այսինքն, Ադրբեջանի մնացյալ շրջաններում բնակվում էր շուրջ 4.5 մլն¬ը: Ազատագրված տարածքները կազմում են Ադրբեջանի բուն տարածքի մոտ 15%-ը: Ադրբեջանական տրամաբանության համաձայն (հաշվի առնելով նրանց կողմից ներկայացվող փախստականների թիվը)` Ադրբեջանի ընդհանուր տարածքի 15%-ում ապրել է բնակչության մոտ 25%-ը: Ավելին, նշյալ տարածքները համարվում էին ծայրամասային և բավարար նպաստավոր պայմաններ չունեին (մայրաքաղաքամերձ շրջանների հետ համեմատած). չկային մեծ քաղաքներ և արդյունաբերական հիմնարկներ: Թերևս նման աննախադեպ խիտ բնակեցումը կարող էր միայն միտումնավորության և ինչ-որ ետին մտքերի արդյունք լինել: Տրամաբանական հարց է ծագում` իսկ որտեղի՞ց է վերցված 1 միլիոն թիվը: Իրականում նման թիվ գոյություն ունի, սակայն դրա ուղիղ կեսը` 500 հազարը, Ադրբեջանի ազգությամբ հայ այն քաղաքացիներն են, ովքեր 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկ զտումների և հայատյաց գործողությունների (որոնք կարելի է որակել նաև ցեղասպանություն) պատճառով ստիպված թողեցին իրենց ողջ ունեցվածքը և կյանքին սպառնացող անմիջական վտանգից մազապուրծ` հայտնվեցին իրենց պատմական հայրենիքից դուրս: Պետք է նշել, որ միջազգային իրավունքի համաձայն` «փախստականի» կարգավիճակը կարող է տարածվել միայն այդ 500 հազար մարդկանց վրա, ովքեր հակամարտության պատճառով հայտնվել են անմխիթար վիճակում: Հենց այս պատճառով էլ ադրբեջանական դիվանագիտությունը, խոսելով հիմնահարցի հրատապ լուծման մասին, հասկացության փոխարեն օգտագործում է ոչ թե «փախստական», այլ «տեղահանված անձ» արտահայտությունը` լավ հասկանալով, որ այս պարագայում «փախստական» իրավական կատեգորիայի կիրառումը չի բխում Ադրբեջանի շահերից: Թերևս փախստականներ կարելի է համարել միայն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիներին, այն էլ որոշակի վերապահումներով: Նախ և առաջ Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը հեռացել է խաղաղ պայմաններում, իսկ տեղահանումը կազմակերպվել է ԽՍՀՄ համապատասխան զինված ստորաբաժանումների ուղեկցությամբ: Մինչ տեղահանումը ադրբեջանցիների մեծ մասը հասցրել էին իրենց տները և ունեցվածքը վաճառել կամ փոխանակել Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից և այլ վայրերից մազապուրծ եղած հայերի հետ: 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքով տուժած ադրբեջանցիները ստացել էին ունեցվածքի համարժեք փոխհատուցում և իրենց բնակության վայրերը լքել էին ելնելով սոցիալ-տնտեսա կան ծանր պայմաններից: Միջազգային իրավական սահմանումը հստակ է` «փախստական է համարվում այն անձը, որը ռասսայական, դավանանքի, քաղաքացիության, քաղաքական կամ էլ որոշակի սոցիալական խմբին պատկանելության համար հետապնդումների հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող օգտվել այդ պետության պաշտպանությունից կամ էլ չի ցանկանում օգտվել այդ պաշտպանությունից` վերը նշված սպառնալիքի պատճառով»: Այնպես որ, ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ցանկացած հարմար առիթով բարձրաձայնվող 1 միլիոն փախստականների գոյությունը միֆ է, և նպատակ ունի ադրբեջանցիներին միջազգային հանրությանը ներկայացնել որպես հակամարտության միակ զոհ: Մինչդեռ վերջին հաշվով այդ մարդիկ ոչ թե տուժել, այլ ավելի շատ շահել են: Ադրբեջանական հակահայ քաղաքականության հետևանքով Ադրբեջանից մազապուրծ եղած հայերն այնտեղ թողել են մոտ 110.000 բնակարան, որոնց մեծ մասը Բաքվում, Սումգայիթում և մյուս խոշոր քաղաքներում: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ադրբեջանական ընտանիքների մեծամասնությունը ունեին հինգից ոչ պակաս անդամներ, ապա այսօր Ադրբեջանում պետք է չլինեին անօթևան «փախստականներ»: Այլ հարց է, որ տեղի իշխանությունները մի քանի հազար մարդու պահում են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում (´վրաններում)` այդ կերպով փորձելով շարժել միջազգային հանրության և զանազան մարդասիրական կառույցների գութը: Ռազմական նպատակով միլիարդներ ծախսող Ադրբեջանը չի կարողանում (՞) միջոցներ գտնել սեփական ժողովրդի բարեկեցությունը ապահովելու համար և ապավինում է միջազգային կառույցների օգնությանը: Միջազգային հանրությունը երկար ժամանակ հսկայական գումարներ է ուղարկել Ադրբեջան` հակամարտության ընթացքում տուժած մարդկանց կարիքները հոգալու, բնակարանային պայմանները բարելավելու: Իսկ ադրբեջանական իշխանություններն այդ գումարները օգտագործել են ոչ նպատակային. գրանցվել են կաշառակե րության բազմաթիվ դեպքեր: Դա են վկայում միջազգային մի շարք կառույցների, այդ թվում և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի զեկույցները:

Արմեն ԱՆՏՈՆՅԱՆ