600 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ


Օրերս հրապարակվեց պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հրամանով նախարարի նախկին խորհրդական Արմեն Գևորգյանը նշանակվել է Գյումրու Տեխնոպարկի տնօրենի խորհրդական` 600 հազար դրամ աշխատավարձով: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին պաշտոնանկ էին արել շատ կարևոր խորհրդակցության ժամանակ պոռնոկայքեր դիտելու պատճառով: Նախկին պաշտոնում Ա. Գևորգյանը ստանում էր 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ ահա պատժելուց հետո սահմանել են չորս անգամ ավելի բարձր վարձատրություն, ինչի մասին կերազեին մեր ակադեմիկոսները, նախարարները, կրթության ու առողջապահության շատ անվանի մասնագետներ, արվեստագետներ… Ժամանակ առաջ մենք անդրադարձանք այն խնդրին, որ Հայաստանում միջին աշխատավարձ համարվող 115 հազար դրամը ոչ թե իրականության պատկերն է, այլ հաշվարկված է մարդկանց ոչ մեծ խմբի վարձաչափով` այսպես տպավորություն ստեղծելով, թե մեզանում սոցիալական վիճակը բարվոքվում է: Եթե միջին աշխատավարձը հաշվարկվում է մոտ 400 ԱՄՆ դոլար, ապա ստացվում է, որ Հայաստանը շատ քիչ է զիջում Միացյալ Նահանգներին (ուր միջին աշխատավարձը 620 դոլար է) և առաջ է անցել եվրոպական մի շարք զարգացած երկրներից: Սակայն մենք գործ ունենք բոլորովին այլ իրականության հետ: Այսպես, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը Հայաստանի ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյան է` ամսական 1 մլն 425 հազար դրամով: Այս աշխատավարձը կազմված է երեք գործոնից` դատարանի քրեական պալատի նախագահի ու վերաքննիչ դատարանի դատավորի դրույքաչափեր և աշխատանքային ստաժի հավելավճար: Ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյաների երկրորդ հորիզոնականում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, ով նույն սկզբունքով ամսական ստանում է 1 մլն 360 հազար դրամ աշխատավարձ: Երրորդ հորիզոնականում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է, ում ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 345 հազար դրամ: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանն ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյաների ցանկում չորրորդն է` 1 մլն 300 հազար դրամով: Հինգերորդ տեղում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է 1 մլն190 հազար դրամ աշխատավարձով: Իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աշխատավարձը կազմում է 1 մլն 176 հազար դրամ: Հիշատակված պաշտոնյաների ընդհանուր վարձաչափը կազմում է 6 միլիոն 496 հազար դրամ, որն էլ եթե բաժանենք վիճակագիրների կողմից ներկայացված 115 հազարի, կստացվի, որ մոտ 60 մարդու միջին աշխատավարձ Հայաստանում, այո, 115 հազար դրամ է: Միջին հաշվարկով` 4 մարդու աշխատավարձ պիտի ստանա նաև Տեխնոպարկի տնօրենի խորհրդականը… ՀՀ նախագահի աշխատավարձը 400 հազար դրամ է, մինչդեռ շարքային խորհրդականի համար պետությունը վճարում է 200 հազարով ավելի: Հազիվ թե այս խորհրդականը շատ ավելի մեծ արժեք ներկայացնի մեր երկրի ու ազգի համար, քան, ասենք, ճշմարիտ ազգային արժեք համարվող ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, բայց ականավոր դերասանուհու աշխատավարձը 80 հազար դրամ է` գումարած ժողովրդական արտիստի կոչման համար տրվող 40 հազար դրամ պատվովճարը: Աննկարագրելիորեն բարձրացվել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձերը. Գարեգին Ազարյանն այսուհետև ստանալու է 600 հազար դրամ` ընդամենը այն բանի համար, որ հինգ տարվա ընթացքում հանձնաժողովը պիտի կազմակերպի ՀՀ նախագահի 1, խորհրդարանական 1 և ՏԻՄ 1 ընտրություններ: Հնարավոր են նաև ոչ ավել, քան 15-50 համայնքային մեկական ընտրություններ: Արդյո՞ք կարելի է խոսել սոցիալական արդարության, մարդկանց իրավահավասարության մասին, երբ մի պետության մեջ հարյուր հազարավոր մարդկանց վճարելով 45-50 հազար դրամ աշխատավարձ` ստիպում են մի կերպ գոյատևել, մինչդեռ ոմանց համար ստեղծվում են նաև ֆինանսական արտոնյալ պայմաններ: Սոցիալական պետության գաղափարախոսությունը հենվում է հավասարության վրա: Խոսքն, իհարկե, համահարթեցման մասին չէ: Ոչ ոք մեր իշխանություններից չի պահանջում համահարթեցում, սակայն անընդունելի են նաև վայրիվերումները, ոչ ողջամիտ հաշվարկները, որոնք էլ հասարակական բևեռացումների պարարտ հող են դառնում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ