1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Սոցիալական ցանցերը հետզհետե լրջագույն քարոզչամիջոցների են վերածվում: Դիցուք, մեզ հայտնի ու անհայտ տարբեր կայքերի այցելուները միավորվել ու համատեղ պայքար են սկսել գնաճի դեմ: Հետաքրքիր մտահղացում է, ու չի բացառվում, որ այն արդյունավետ ավարտ ունենա: Ամեն դեպքում, այն, ինչը մարդկանց չի հաջողվում իրագործել իրական կյանքում, փորձ է արվում վիրտուալ աշխարհում իրականացնել... Այստեղ էլ պարզ է, որ շաքարավազի նոր գինն է համացանցից օգտվողների համբերության բաժակը լցրել: Դատելով «Երևան Սիթի» խանութները բոյկոտողների օրեցօր ստվարացող շարքերի տրամադրություններից` եթե բոյկոտը ոչ միայն վիրտուալ լինի, այլ նաև իրական ընդվզում դառնա չպատճառաբանված թանկացումների դեմ, ապա հայտնի օլիգարխն առաջիկայում հաճախորդների ու ֆինանսների կորուստներ է ունենալու: Եվ մինչ բոյկոտի գործընթացը թափ կհավաքի, առաջին հայացքից զարմացնող հարցադրումը, թե ինչու է նախաձեռնությունը հատկապես ինտերնետում սկիզբ առնում (և ոչ թե ասենք հենց խանութների մուտքերի մոտ), երևի թե արդեն գտնում է իր պատասխանը: Ինչ խոսք, գնաճը վաղուց է մեր երկրում ծավալվել, ու մեր հայրենակիցները թանկացած ապրանքների կարող են հանդիպել ամեն օր, ամեն անգամ խանութ մտնելիս: Այսուհանդերձ, ցանկացած հայաստանցու արդարացի զայրույթը միավորված ցասման չի վերափոխվում զուտ այն պատճառով, որ մարդիկ ոչ միայն վարժվել են թանկացումներին, այլ նաև սովորաբար նախընտրում են իրենց դժգոհությունը լավագույն դեպքում նեղ շրջանակներում արտահայտել: Եվ ահա այս պարագայում սոցիալական ցանցերն են դառնում բոլորի «հանդիպման» ամենահարմար վայրը, երբ իր և մյուսների բողոքն արտահայտված տեսնելով` քաղաքացին անվերապահորեն միանում է վիրտուալ ստորագրահավաքներին: Շաքարավազի թանկացումից հետո, օրինակ, նույն Լֆիկ Սամոյի դեմ վիրտուալ պայքար մղողները ճշտել ու հրապարակել են, որ օլիգարխը մեղմ ասած ստում է: Այսինքն, միջազգային շուկաներում շաքարավազի գինը բոլորովին էլ չի թանկացել: Կարելի է հուսալ, որ իրականության ճշգրտումն ավելի կմեծացնի պայքար մղողների թիվը` այս և մյուս թանկացումների հեղինակներին հասկացնելով, որ իրենց անազնիվ գործելաոճը կարող է նաև հաճախորդների` հետևաբար նաև նյութական կորուստներով եզրափակվի: