ՈՒԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ


Վերջին շրջանում մի շարք կայքերում եռանդորեն տեղադրվում են հայտնի «ՎիկիԼիկս»-ի «բացահայտումները» Հայաստանի մասին, որոնք, բնականաբար, վերաբերում են արդեն անցած ժամանակներին և չեն պարունակում այնպիսի բացառիկ տեղեկատվություն, որը շոկային վիճակ ստեղծեր Հայաստանում: Սակայն կան նաև այնպիսի տեղեկություններ, որոնց մասին կարելի էր ենթադրել, կամ դրանք հայտնի են եղել միայն իշխանության մեջ գտնվող սակավաթիվ մարդկանց: Այսպես, «ՎիկիԼիկս»-ը հրապարակել է Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի նամակները` ուղղված թուրքական բարձրաստիճան պաշտոնայաներին, մասնավորաբար վարչապետ Էրդողանին: Հրապարակումների մեջ տեղ է գտել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Այս ամենից զատ, կայքը հրապարակել է հայ օլիգարխների մասին տեղեկություններ, որոնք այժմ թեթև ժպիտով են ընդունվում, քանզի հազիվ թե Հայաստանում գտնվեն մարդիկ, ովքեր չիմանան Գագիկ Ծառուկյանի, Հարություն Փամբուկյանի, Սամվել Ալեքսանյանի կամ էլ Հրանտ Վարդանյանի ունեցվածքի մասին: Չի գտնվի նաև մեկը, ով չիմանա, որ Խաչատուր Սուքիասյանի գործընկերը բիզնեսում Վանո Սիրադեղյանն է, կամ էլ Միխայիլ Բաղդասարովն ում դասընկերն է և ում կողմից է հովանավորվում իր մեծածավալ բիզնեսում… Շատ վաղուց բոլորին է հայտնի, որ միասեռականները մեր ոստիկանության որոշ աշխատակիցների համար դարձել են «փող բերողներ», քանզի նրանց նկատմամբ բռնություններ գործադրելով` համազգեստավորներից ոմանք շանտաժի ու ահաբեկչության միջոցով կարողանում են իրենց ֆինանսական դրությունը բարելավել: Այս ամբողջ տեղեկատվության հրապարակումը, անշուշտ, ստվեր է նետում մեր երկրի վրա, նպաստում, որ հասարակություն-իշխանություն հարաբերություններում մեծանա անվստահությունը, ձևավորվեն այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են ճակատագրական լինել: Ինչո՞ւ հայտնի կայքը Հայաստանի մասին տեղեկատվությունը հրապարակեց հենց հիմա, երբ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի բառերով ասած` առկախվել է` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, երբ Թուրքիան չեղյալ համարեց հայ-թուրքական արձանագրությունները: Սրանք պարապ ու ժամանակավրեպ հարցեր չեն, այլ իրավիճակից բխող և հուշումների տանող խնդիրներ են, որոնց կողքից չի կարելի անտարբեր անցնել: Կարելի էր կայքի հրապարակումները զուգադիպություն համարել, եթե այնտեղ գրեթե լղոզված կերպով չներկայացվեր նաև 1999 թ. Հոկտեմբերի 27-ի փաստը և չնշվեր, որ հենց այդ ահաբեկչությունը որոշակի անվստահություն ձևավորեց իշխանական վերնախավի հանդեպ: Հենց սա էլ հուշում է, որ կան ընդգծված տրամադրություններ և ցանկություններ` Հայաստանում նոր իրավիճակի ստեղծման համար: Մի շարք քաղաքագետներ այն տեսակետն են ներկայացնում, թե աշխարհաքաղաքական նոր զարգացումների մտահոգություններով տարված` գերտերություններն այսօր ցանկանում են հատկապես Հարավային Կովկասում փոխել իրավիճակն ու Հայաստանին վերապահել առաջատար դեր: Եվ վիկիլիկսյան բացահայտումներն էլ, ըստ նրանց, հայ իշխանություններին և հանրությանն ուղղված «մեսիջներ» են, որոնց ենթատեքստում դրված է վերափոխման, առավել ժողովրդավար երկիր դառնալու հրամայականը: Անտարակույս, լավ ցանկություն է: Մանավանդ որ, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, Հայաստանն իրապես ունի նկատելի ձեռքբերումներ ժողովրդա վարության ասպարեզում. արդեն իսկ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը փշրեց շատ կարծրատիպեր և հիմնավորեց քաղաքական նոր մշակույթի իրողությունը, որը բացակայում է հարևան երկրներում: Հայաստանում նաև բացակայում են այլատյացությունը, հարգվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, մամուլը նկատելիորեն գործում է ազատ: Սակայն հազիվ թե գերտերությունները շահագրգռված լինեն մեծացնել Հայաստանի դերակատարությունը, եթե դա չբխի սեփական շահերից: Իսկ սեփական շահերն առկա են: Եվ որպես գերակա շահ` դիտարկվում է Թուրքիայի առաջխաղացումը զսպելու ու նրան տարածաշրջանային զարգացումներից զերծ պահելու ծրագիրը, որին էլ ուղղված էին հայ-թուրքական արձանագրությունները: Անտարակույս, արձանագրություններն առաջաքայլ էին հայկական հարցի դիտանկյունից, բայց դրանք առաջին հերթին դառնում էին զսպաշապիկ Թուրքիայի համար. ԱՄՆ-ը կամենում էր և´ շարունակել համագործակցությունը Թուրքիայի հետ, և´ միաժամանակ նրան պահել յուրատեսակ շրջափակման մեջ: Միացյալ Նահանգների այս ռազմավարությունը վերջին տարիների նրա դրական քայլերից մեկն էր, որը, չնայած տարածաշրջանում մեծացնում էր լարվածությունը, բայց և Հայաստանի անկախ քաղաքականության կարևոր պայմանն էր: Տևական ժամանակ պաշտոնական Անկարան այն հույսն էր փայփայում, թե հայկական հարցը հնարավոր կլինի չեզոքացնել իր դաշնակից համարվող ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությամբ, սակայն այսօր արդեն այդ պետությունը կանգնեց կոտրած տաշտակի առաջ: Արևմտյան քաղաքականության մեջ Հայկական հարցը մշտապես օգտագործվել և օգտագործվում է Թուրքիայի դեմ: Իսկ վերջինիս բնավ էլ պետք չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, եթե Հայկական հարցը չի հանված Արևմուտքի օրակարգից: Սրանից զատ, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ գերտերությունների «ստվերային հուշումներով» Թուրքիային մղել են դեպի Մերձավոր Արևելք, որտեղ նրան կամենում են ներքաշել տարածաշրջանային գլոբալ պատերազմի կամ էլ ուռճացող ռազմական գործողությունների մեջ: Անկարան այլևս հնարավորություն չունի ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին ու Բալկաններին և մոռացության է մատնել Կենտրոնական Ասիան: Այսօր այնտեղ նաև նկատելի է դարձել տնտեսական ճգնաժամի ուրվականը: Այս ամենը զրկում է Թուրքիային ինքնուրույնությունից և նորից տանում դեպի ԱՄՆ-ի հովանու տակ` հերթական անգամ վերածելով հլու կամակատարի: Իր քաղաքական օրակարգից հանելով արձանագրությունների հարցը, Թուրքիան, ըստ էության, կատարեց ճշգրիտ քայլ. նա այլևս չի կարող թույլ տալ, որ Հայկական հարցի հանդեպ իր քաղաքականությունը կասկածի տակ առնվի: Անկարան հասկացավ, որ ցանկացած պահի արձանագրությունների գոյությամբ իրեն կստիպեին ծնկի գալ, և նախընտրեց որոշակի ազատությունը: Գերտերությունները, վերլուծելով Թուրքիայի քայլերը, վիկիլիկսյան հրապարակումներով հուշում են Հայաստանին, որ ներկայացված փաստերը կարող են լուրջ խոչընդոտ ներ դառնալ մեր երկրի հետ ունեցած իրենց հարաբերություններում, մինչդեռ Հայաստանին տրված է պատմական շանս` վերածվելու նոր ու վստահելի գործընկերոջ: Գործընկերության պայմաններից մեկն էլ այն է, որպեսզի իշխանությունները շատ ավելի հակվեն դեպի ընդդիմության պահանջների կատարումը: Այսինքն, Արևմուտքը կամենում է «երևութական ժողովրդավարությունը» դիտարկել որպես նոր Հայաստանի գրավական…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ