Աշակերտներից կախյալ ուսուցիչներ


Շվեդական դպրոցներում բարքերը բոլորովին այլ են: Մինչև 6¬րդ դասարան արգելված են գնահատականները: Ասում են, թե իբր դա կարող է անհավասարության մթնոլորտ ստեղծել և ազդել ցածր առաջադիմություն ունեցողների հոգեբանության վրա: Դասը խանգարողներին պատժելը նույնպես հակացուցված է. դասարանից հեռացված անկարգ պատանին իրեն կարող է ստորացված զգալ և չարանալ ողջ հասարակության դեմ: Ծնողներն էլ ձգտում են դիտողություն չանել` չսովորելու համար. դա կարող է թունավորել ընտանեկան բարի տրամադրությունը: Արդյունքում Շվեդիան, ասում են` դարձել է ամենաուրախ, ամենաազատ և ամենալկտի աշակերտների ու միաժամանակ` ամենատանջված, ամենամռայլ ուսուցիչների երկիր: Բայց հուլիսի 1¬ից մանկավարժների` առանց այդ էլ դժվարին կացությունն է´լ ավելի է ծանրացել. այսուհետ աշակերտների կամ նրանց ծնողների դիմումով դասավանդողներն ընդմիշտ կարող են զրկվել աշխատանքից (տեղեկացրել է rbc.ru¬ն): Ամերիկյան մակքարտիզմի ժամանակները հիշեցնող «Մասնագիտական արգելանք» արտահայտությունը առօրեական ու օրախնդիր կարող է դառնալ հազարավոր շվեդ ուսուցիչների համար: Մանկավարժների մեծ մասն աշակերտական իրավունքների այսպիսի ընդարձակումը համարում են մանկավարժին հասցվող վերջին հարված: Նրանց կարծիքով` առանց այդ էլ իրենց հեղինակությունն անհավատալիորեն ցածր է վերջին տարիներին: Ավելին, այսօրիսկ մանկավարժները վախենում են իրենց սաներից` ամեն կերպ խուսանավելով բախումներից` նրանց վատ ուսման կամ կարգապահության համար: