Հսկա արջերը պաշարել են


Նովոսիբիրսկի Կույբիշևի շրջանի գյուղերը տայգայի հարևանությամբ են, և տեղաբնակները միշտ օգտվել են տեղանքի բարենպաստությունից: Այս տարի, սակայն, նույնիսկ ամենափորձառու սունկ հավաքողները վախենում են անտառ մտնել: Որսորդները նույնիսկ վախենում են, որ իրենք կարող են որս դառնալ. ամեն քայլափոխի` կեչիների ու եղևնիների արանքում հիմա որս են որոնում կատաղի արջերը: - Եթե իրենց ճամփին մարդ հանդիպեն` անպայման կհարձակվեն: Հատկապես էգերը. նրանք հիմա իրենց ձագուկների հետ են շրջում և ամենքին կարող են ընդունել որպես նրանց համար սպառնալիք,¬ ասել է վերահսկողության շրջանային բաժնի պետտեսուչ Ալ. Կորովինը, ով չի հոգնում` անվերջ նախազգուշացնել հայրենակիցներին: Իսկ ծուռթաթ ավազակներն արդեն մի քանի տարի է` հարձակվում են գյուղերի վրա: Տեղաբնակներն, իհարկե, զգուշանում են, սակայն ընտանի կենդանիների անվտանգությունն ապահովել չի հաջողվում: Միայն այս ամառ ֆերմերների նախիրներից 14 կով է արջի բաժին դարձել: Չորքոտանի հսկաներին որսալու հնարամիտ մի եղանակ գտնվել է: Հերթական զոհին խեղդամահ անելուց հետո, հաճախ արջը դիակը թողնում է, որ «ապխտվի», և որսորդները մի քանի օր դիրքավորվում են` մինչև նրա վերադարձը, ու որսում գազանին: Թեև երբեմն դա էլ չի հաջողվում, որովհետև, պարզվում է` արջերը շատ զգուշավոր են ու խելացի: Նրանց վարքագծի վրա ազդում են եղանակային փոփոխություններն ու հրդեհները. դրանցից նրանք ավելի անհանգիստ ու կատաղի են դառնում: Դե, իսկ ձմռանը դրանք կրկնակի վտանգավոր են դառնում: