ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ


Թուրքական մամուլը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադառնալու հեռանկարին, ենթադրություններ է անում, որ Հայաստանում նույնպես կարող է իրականացվել նարնջագույն հեղափոխություն, ինչպես եղավ Ուկրաինայում: «Զաման»-ը պնդում է, որ նախկինում ԱՄՆ-ի իշխանություններն էին Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքին, եւ այսօր էլ, երբ վերջինս պաշտոնապես նախագահության թեկնածու է, ապահովված է նրան ԱՄՆ-ի զորակցությունը: Թերթը նշում է, թե ԱՄՆ-ն Լ.Տեր-Պետրոսյանին առաջ է մղում` Քոչարյանի իշխանությունը տապալելու եւ նրա կողմից աջակցվող Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հավանականությունը նվազեցնելու համար: - Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը ռուսամետ քաղաքականություն են վարում, իսկ Լ.Տեր-Պետրոսյանը արեւմտամետ է,- գրում է թերթը` ավելացնելով, որ ռուսները մտահոգված են, որովհետեւ վախենում են, որ եթե Քոչարյանին կորցնեն, վիճելի կդառնա Հայաստանում ռուսական ռազմակայանների հարցը: Լ. Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման կողմնակից է եւ պնդում է, որ Հայաստանը չի կարող զարգանալ առանց այդ հարցը լուծելու: Իսկ Վաշինգտոնը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի, եւ Երեւանը կանգնի իր կողքին` թուլացնելով ռուսական ազդեցությունը Հայաստանում: Ինչպես նշում է «Միլլիյեթ»-ը, Լ.Տեր-Պետրոսյանը 9 տարի առաջ հրաժարական տվեց ծայրահեղականների եւ դաշնակցականների ճնշմամբ, որովհետեւ նա կողմ էր Ղարաբաղի տարածքի մի մասը վերադարձնելուն: Սակայն ժողովուրդը, որքան էլ ձանձրացած լինի կղզիացումից, Ղարաբաղի հարցում հողային զիջման կողմնակից չէ: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: