«Մենք հայհոյող կուսակցություն չենք»


Հայաստանում ներքաղաքական զարգացումները մտնում են մի փուլ, որը թերևս բնորոշվելու է վերընթաց զարգացումներով: Դրա վկայությունն էր նախորդ շաբաթ կայացած հանրահավաքը, որը, բնականաբար, չէր կարող մնալ անարձագանք և չմեկնաբանված մնալ քաղաքական ուժերի կողմից: Հանրահավաքի ընթացքում իշխանությանն ուղղված մեղադրանքները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը որակում է որպես հերյուրանք: -Հասարակությունն այլևս մեղադրանքների ճանապարհով չի գնում, ավելի որոշակի քայլերի է սպասում և պիտի ասեմ, որ միտինգը պետք է լինի ոչ թե մեղադրանք ների, այլ` ծրագրեր ներկայացնելու համար: Հանրապետականը երբեք որևէ քաղաքական թիմի մեղադրանքներով չի եկել իշխանության: Եթե մեղադրանքներով գնալու լինեինք այս անգամ և փորձեինք ինքներս դատապարտել նախկին իշխանություններին, թերևս այնքան հիմնավոր չէր լինի, ինչքան որ այդ միտինգը նպաստեց, որպեսզի ժողովուրդն իր մոռացած տարիները վերհիշի: ՀՀԿ-ն որևէ այլ կուսակցության պատասխանելու անհրաժեշտություն չունի, դրանք կհնչեն քարոզարշավի ընթացքում: Հանրապետականը, Գալուստ Սահակյանի փաստմամբ` միտված չէ փնովել որևէ քաղաքական ուժի, քանի որ այն «հանունի» համար է պայքարում: - ՀՀԿ-ն հայհոյող կուսակցություն չէ, բայց եթե հստակ մեղադրանքներ լինեն, պատասխաններ, անշուշտ, կլինեն: ՀՅԴ-ին ուղղված ՀՀ 1-ին նախագահի «փաղաքուշղ» բառերն, ինչ խոսք, ՀՀԿ հասցեին երբևէ չեն հնչի, քանի որ ակնհայտորեն ընդդիմության պայքարն ուղղված է լինելու ՀՀԿ-ի դեմ: Սակայն. - Եթե քաղաքական ուժն առաջնորդվելու է այս կամ այն կուսակցության հետ հանդիպումներով, ապա կարծում եմ, որ ընդհանրապես, թե° իշխանական և թե° ընդդիմադիր ճակատը որևէ խնդիր առանց ՀՀԿ-ի չի կարողանալու լուծել: Առավել ևս, խնդիրներն այլևս անհնար է լուծել հանրահավաքների միջոցով, քանի որ «միտինգը կանխորոշիչ չի կարող լինել Նախագահի ընտրությունների ընթացքում, հենց ինքը` ընտրություններն ինքն է կանխորոշիչ»: Գալուստ Սահակյանի համար անընդունելի է հայհոյանքներով ու մեղադրանքներով ընտրությունների գնալու տարբերակը, որոնց ժամանակը վաղուց է անցել: Այսօր արդեն հիմնավոր ծրագրերի և լուրջ գաղափարների, մոտեցումների կարիք ունի հասարակությունը: ՀՀ Նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը չի փոխի ՀՀԿ ռազմավարությունը: - Բայց կոնկրետ որևէ անձի կապակցությամբ նոր ռազմավարություն չի մշակվելու: Երբ արդեն կհստակեցվեն թեկնածուները, բնական է, ավելի որոշակի կդառնա նաև մեր մարտավարությունը: Ամեն օրը կանխորոշիչ է օպերատիվ գործողություններ կատարելու առումով, նկատի ունեմ քարոզչությունը: Առաջադրված բոլոր թեկնածուները կհամարվեն մեր մրցակիցները: Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային «դեբյուտը» կարող է գաղափարական լիցք հաղորդել հետագա գործընթացներին, ժամանակի խնդիր է, սակայն հանրահավաքի բովանդակությունից արդեն իսկ հիասթափված Գալուստ Սահակյանը գտնում է, որ. - Չկա քաղաքական բազա Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելու համար: Մտածում էի, որ կլինեն նոր մոտեցումներ, այսօր արդեն այդ կարծիքին չեմ: Հանրահավաքի մասնակիցների քանակը (50-60 հազար) իրականությանը չհամապատասխանող «վիճակագրություն» է, քանի որ` «Ամենամեծ թիվը եղել է 12.000, թող մի քիչ էլ ավելին լինի», սակայն. - Այստեղ քանակը կարևոր չէ, որակն է կարևորը: Փաստորեն, նավը դեռ ծով դուրս չեկած, սկսեց խորտակվել: Այդ պահին, արդեն, ճիչերին մենք չենք պատասխանում: Այսօր գործ ունենք խորտակված նավի հետ: ՀՀՇ-ի այն տեսակետը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը կնպաստի ՀՀԿ շարքերում սողանցքների առաջացմանը, Գալուստ Սահակյանը միանշանակ հերքում է. - Ես չեմ կարծում, թե լարվածությունն այնպիսին է, որ ուժգնացող մի նոր փոթորիկ է առաջանալու և հանրապետականներին ցաքուցրիվ անելու: Այդ խնդիրը բնավ չկա: Առավել ևս ՀՀԿ-ի ներսում ամեն ինչ խաղաղ է, մթնոլորտը` վստահելի, և այդ վստահությամբ էլ գնալու ենք ընտրությունների:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ