Քաղաքավարությունն էլ քաղաքակրթություն է


Երևանի փողոցներում քաոսային իրավիճակը սպառնում է «հավերժական» դառնալ: Թող չփորձեն քաղաքի կառուցապատման ջատագովները մեզ դաս-խորուրդ տալ, թե պետք է միայն ու միայն ուրախանալ քաղաքում ընթացող լայնածավալ շինարարության համար, թե վերակառուցումն ի վերջո իրականացվում է ի շահ քաղաքի, ի շահ երևանցիների: Միայն խոսքով ջատագով լինելը դեռ շատ քիչ է: Մենք կընդունեինք այդ խորհուրդը, եթե քաղաքային իշխանությունները անհանգստություն և մտահոգութ յուն դրսևորեին նման իրավիճակի համար, եթե նրանց թերացումների արդյունքում վերջնաժամկետներին չհաջորդեին նոր վերջնաժամկետներ: Ի վերջո, եթե նաև մտածեին իրենց ապաշնորհ աշխատանքի հետևանքները փոքր-ինչ մեղմելու մասին: Սակայն ամեն ինչ` հերթով: Նախ ասել, թե քաղաքային տրանսպորտի աշխատանքը պարալիզված է, դարձյալ ներկայացրած չենք լինի տրանսպորտի իրական վիճակը: Դա ամեն օր և արդեն ահա քանի¯ ամիս, սեփական աչքով տեսնում են երևանցիները. թե° քաղաքացիները և թե° տրանսպորտային միջոցներ վարողները: Անանցանելի փողոցների, խցանումների պատկերն օրեցօր ավելի մռայլ է դառնում, թեև պիտի որ դրանց վերջին սպասեինք: Մարդկանց վրդովվեցնում է անգամ այն, որ առօրյա անցուդարձի ժամանակ ակամա նկատվող անգործությունը: Շինհրապարակներում աշխատանքն ընդհատված է. աշխատող չկա, մեխանիզմները լռում են: Հիշո՞ւմ եք` քաղաքապետարանի հայտարարությունը եռահերթ աշխատանքի մասին: Էստեղ են ասել. իբր ցերեկը աշխատում են, մնաց` գիշերը: Աշխատանքների ճիշտ ու արդյունավետ կազմակերպման դեպքում շատ շինհրապարակներում վաղուց ամեն ինչ պետք է ավարտված լիներ: Կենդանաբանական այգու մոտ կառուցվող անցումը արդեն 4-5 ամիս է` կառուցվում է: «Անզեն աչքով» էլ կարելի է տեսնել ու հասկանալ, որ դա այն ժամանակահատվածը չէ, որի ընթացքում մի գետնանցում պիտի կառուցվեր: Կառուցվեր ու չավարտվեր: Օրինակներ էլի կարելի է բերել: Բայց մեր խնդիրը դրանց թվարկումը չէ: Մեր խնդիրն այն տառապալից վիճակն է, անհարմարությունների այն «խուրձը», որ այս ամենի «շնորհիվ» բաժին է ընկել մեզ` երևանցիներիս: Վատնվում է ժամանակ, վատնվում են նյարդեր, վատնվում են ֆինանսներ: Չափազանցություն չէ նշվածներից և ոչ մեկը: Կարծում եք` ուշացումներով (իսկ ուշանում են, որովհետև ոչ ոք չի կարող պլանավորել իր օրն ու ժամանակը) աշխատանքի հասած, դիտողություն ստացած մարդն իր աշխատանքային օրն ի վիճակի՞ է նորմալ շարունակել: Կարծում եք` վատնված ժամանակն ու նյարդերը, ինչպես ասում են, մարդու «ջանի՞ց» չի դուրս գալիս: Գանք տրանսպորտային միջոցներին: Վարորդներին այս օրերին պողպատյա նյարդեր են հարկավոր: Սա` մի կողմ: Բա խցանումների վրա կորսված ժամանա՞կը: Բա անանցանելիության պատճառով երթուղին փոխելով` փողոցից-փողոց ու թաղամասից-թաղամաս դեգերելու վնասնե՞րը: Երթուղիների թիվը մի քանի անգամ կրճատվում է, իսկ հարկուտուրքը, ահա, նույնն է մնում: Հարցնում ենք` արդյոք այդպես ճի՞շտ է, արդյո՞ք բարոյական է ակնհայտորեն նվազած վաստակից նույնքան տուրք գանձելը: Մի՞թե սա խնդիր չէ: Մի՞թե չարժեր այս մասով վարորդների «սիրտը առնել»` ազատել նրանց հանիրավի վճարումներից: Ե°վ արժեր, և° հնարավոր էր: Իսկ ավելի շատ արժե քաղաքակիրթ լինել: Քաղաքա-վարությո°ւնն էլ քաղաքակրթություն է:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ