ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 

Հայաստանը դասվում է աշխարհի ծերացող երկրների շարքին: Հայաստանում ծնելիության ճգնաժամը վտանգում է ազգային անվտանգությանը: Ամեն անգամ նման հայտարարություններ լսելուց հետո սկսում ենք կարճաժամկետ բանավեճեր ծավալել, ապա ամեն ինչ մոռացության տալ` բավարարվելով ձևական այն քայլերով, որոնք իբրև թե մեր կառավարությունը ձեռնարկում է` խթանելու համար ծնելիությունը: Այսօր ողջ աշխարհն է ապրում ժողովրդագրական փոփոխությունների փուլում, փոփոխություններ, որոնք իրենց նմանը չեն ունեցել պատմության ողջ ընթացքում:

Հայաստանը գտնվում է այն պետությունների ցանկում, որոնք համարվում են ճգնաժամային: Ընդունված է, որ ճգնաժամային չեն համարվում այն երկրները, որտեղ մեկ կնոջը բաժին է ընկնում առնվազն 2.1 երեխա: Հայաստանում, ըստ վիճակագրության, ցուցանիշը կազմում է 1.55: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այս ցուցանիշը կազմում է 1.58, Ռուսաստանում` 1.4, իսկ ահա Ադրբեջանում և Թուրքիայում համեմատաբար` 2.16 և 2.15:

2012 թվականի փետրվարի 1-ի ցուցանիշներով Հայաստանի բնակչությունն աճել է 0,4 %-ով, սակայն 3 տոկոսով նվազել է ծնելիությունը: Այսինքն, Հայաստանում կանգ է առել վերարտադրությունը:

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում մեր երկրում ծնվել է 31.962 երեխա, ինչը 2011 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ նվազել է 2.9 տոկոսով: 2010 թվականի նույն ժամանակամիջոցում ծնվել է 32.917 երեխա:

Այս ամենը հաստատում է, որ տարիներ հետո մենք չենք կարողանա ապահովել տնտեսական աճ, լուծել երկրի պաշտպանության հարցերը: Այսինքն, բանակը կմնա առանց զինվորի: Ուրեմն, իսկապես կանգնած ենք լուրջ մարտահրավերների և լուրջ խնդիրների առջև: Նշենք, որ այս իրավիճակի պահպանման դեպքում, 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կնվազի 20 տոկոսով, մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի բնակչությունը կաճի 35.20 տոկոսով: Թե այս ամենն ինչ հետևանքներ կարող է ունենալ` ինքնին հասկանալի է:

Իհարկե, 2009 թվականին կառավարությունը մշակել է ծրագիր, որը փաստում է, թե այնքան էլ ֆինանսական խնդիրները չեն խոչընդոտող: Երբ մարդը հազիվ է լուծում հաց հանապազօրյայի խնդիրը, երբ կառավարությունը քամահրական վերաբերմունք է դրսևորում աշխատատեղեր ստեղծելու խնդրին` հայաստանցին այլևս չի կարող մտածել վերարտադրության մասին` չվտանգելու համար իր երեխաների ապագան:

Սակայն աղքատությունից զատ գոյություն ունի նաև երիտասարդության միգրացիայի խնդիրը: Այսօր արտագաղթողների հիմնական մասը նրանք են, ովքեր պիտի ապահովեն վերարտադրողականությունը: Սակայն Հայաստանից հեռանում են հենց երիտասարդները, ովքեր հեռանկար և ապագա չեն տեսնում մեր երկրում: Որքան էլ փորձենք խույս տալ ճշմարտությունից, այնուհանդերձ չենք կարող չասել, որ մեր երկրում բացարձակապես չի տարվում երիտասարդությանը միտված քաղաքականություն: Ստեղծել ենք Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություն, սակայն այդ նախարարությունը շարունակում է իրականացնել Սպորտկոմիտեի գործառույթները` այդպես էլ չմտածելով երիտասարդութ յան մասին: ԱԺ-ում, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, բացակայում են երիտասարդությանն ուղղված օրինագծերը, մինչդեռ այս նոր խորհրդարանում քիչ չեն երիտասարդ պատգամավորները, որոնց առաջնային խնդիրը պիտի լիներ երիտասարդությանը միտված օրենքների ստեղծումը:

Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ երիտասարդները հեռանում են երկրից, որ նրանցից շատերը բուհերն ավարտելուց հետո` հայտնվում են անորոշության մեջ, անիմաստ համարում իրենց կեցությունը Հայաստանում: Ուրեմն, իսկապես անհրաժեշտ է, որպեսզի մեր իշխանություններն ու Ազգային ժողովը անհապաղ միջոցներ ձեռնարկեն, համընդհանուր քննարկման նյութ դարձնեն երիտասարդության զբաղվածության և մասնագիտական օգտակարության հարցերը: Ի վերջո, ժամանակն է, որպեսզի ձևական մոտեցում ներից և հռետորաբանությունից անցում կատարենք դեպի գործնականությունը և տագնապենք, որ երկրի ապագան, իսկապես, վտանգված է: Եվ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մենք չկորցնենք մեր երկիրն ու մեր երիտասարդությանը...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ