1 ՀԱՐՑ


 

«Ավանգարդի» հարցին պատասխանում է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ

Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԸ.

- Յուրաքանչյուր շաբաթավերջի մենք ծանուցում ենք ստանում այն մասին, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է դիցուք` 300 կամ 250 անգամ և այսպես շարունակ: Խնդրում եմ` ներկայացրեք առաջնագծում տիրող իրավիճակը: Մասնավորապես` հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի և մեր պատասխան կրակների հարաբերակցությունը :

- Հոկտեմբերի 1-ի դրությամբ` հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 12 հազար անգամ, անցյալ տարի` այս նույն ժամանակահատվածում, արձանագրվել է հրադադարի խախտման 9519 դեպք: Պաշտպանության բանակի կողմից պատասխան կրակ է տրվել այս տարի` 755, անցյալ տարի` 641 անգամ: Հիմնականում նաև աճել է հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառումը. խոսքս վերաբերում է ծանր և խոշոր տրամաչափի զենքերին: Այսինքն` առաջնագծում հակառակորդն անընդհատ փորձում է իրավիճակը լարված պահել: Ես միշտ ասել եմ, և կարծիքը դեռ չի փոխվել. հակառակորդն անընդհատ փորձում է ամեն գնով հայ զինվորին վնաս պատճառել: Եվ բոլոր կրակոցներն առաջին հերթին ուղղված են այդ նպատակին: Երկրորդ` հակառակորդը փորձում է այդ կերպ բարելավել իր զորքի բարոյահոգեբանական վիճակն ու մարզել զորքին և երրորդ` այդ կրակոցների միջոցով առավել նպաստավոր դիրքեր և բնագծեր զբաղեցնել: Ես չգիտեմ` ինչքանով է նրանց հաջողվել զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնել, բայց մնացած բոլոր ուղղություններով նրանց կրակոցները որևէ արդյունք չեն տվել: