Քաղգործիչների մուտքն արգելվում է
Փաստորեն նրանցից շատերն են խորշում: Եվ դրա բուն պատճառը հավանաբար ամենուր նույնն է` խոսում են, խոսում ու անվերջ խոսում` խոսքամիջին խոստումներ շռայլելով, իրենց չարածը որպես ազգափրկիչ գործեր ներկայացնելով: Հայ և իտալացի ժողովուրդները երևի իսկապե´ս իրար նման են: Այս պարագայում նաև` իրենց քաղաքական գործիչների կերպարով ու նրանց հանդեպ ժողովրդի հիասթափությամբ:
Բայց Իտալիայում կարծես ավելի կտրուկ են և իրենց հակակրանքը ոչ միայն խոսքերով, այլև կոնկրետ վերաբերմունքով էլ են արտահայտում: Օրինակ, Տոսկանայի պիցցարաններից մեկի տերերը որոշել են արգելել քաղգործիչների մուտքն իրենց խորտկարան: Այն էլ` ոչ թե շարքային գործիչների, այլ քաղաքական վերնախավի: Իրենց այդ «նորամու ծությունը» նրանք կատակով են մեկնաբանել.
- Քաղաքական գործիչները շատ են ուտում, քիչ վճարում:
Վա˜յ էն կատակին, որ գոնե կեսը ճիշտ չէ:
Սննդօբյեկտի տերերն այս որոշումը կիրագործեն 2013 թ. հունվարի 1-ից, բայց տեղական հեռուստաալիքներից մեկով արդեն տեսահոլովակ են ցուցադրում` այցելուներին տեղեկացնելով իրենց մտադրության մասին:
Անկեղծ ասած` իտալական քաղգործիչներն իրենց վարքագծով նսեմացնում են սեփական վարկանիշը: Բեռլուսկոնիի անվան շուրջ պտտվող բազմաթեմա պատմություններն ինքնին քիչ չէին, բայց ուրիշ անվանիներ ևս հետ չեն մնում նրանից: Վերջին շրջանում, օրինակ, բուռն քննարկվում է «Ազատության ժողովուրդ» կուսակցության ներկայացուցիչ (իհարկե` ո´չ շարքային անդամ) Անտոնիո Պյացայի «գզվռտոցը» մի հաշմանդամի հետ: Ավտոկայանատեղիում կատարված այդ միջադեպը տեսագրել են տեսախցիկները` է´լ ավելի խորացնելով ժողովրդի հիասթափությունը քաղաքական դաշտի խաղացողներից: