Թագուհին` անվայելուչ գովազդում


 

Իսպանիո թագուհի Սոֆյան դատական հայց է ներկայացրել Ashley MΖdison ծանոթությունների խոշորագույն կայքի պատասխանատուների դեմ: Նորին մեծությունը պնդում է, որ կանադական կայքը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը` հրապարակելով անպարկեշտ մի ֆոտոմոնտաժ: Գովազդային այդ հայտարարությունը պատկերում է թագուհուն, ով համբուրվում է մինչև գոտկատեղը մերկ մի տղամարդու հետ. դրան «ուղեկցում» է բազմախոստում ու խորհրդավոր մի մակագրություն. «Այլևս ձեզ պետք է գիշերներն անցկացնել միայնության մեջ»:

Վիրավորանքն ավելի է խորանում, երբ ակնհայտվում է, որ անպարկեշտ այդ գովազդն ասես շարունակությունն է վերջերս Իսպանիայում լույս տեսած` «Թագուհու միայնութ յունը» գրքի: Այն Սոֆյայի կենսագրությունն է, որը պատմում է նրա տխուր ամուսնության մասին:

Արդարացիորեն պնդելով, որ նման գովազդը որևէ մեկն իրավունք չուներ տեղադրել` առանց իր համաձայնության, հայցվորուհին նաև պահանջում է անհապաղ կայքից հանել իր պատկերով գովազդը: Տարօրինակն այն է, որ այդ գովազդ կոչեցյալը կայքում տեղադրված է փետրվար ամսից, իսկ թագուհին միայն հիմա է պահանջ ներկայացնում:

Ի դեպ, Իսպանիայի թագավորական ընտանիքն առաջին անգամ չէ, որ հայտնվել է Ashley MΖdison-ի տեսահորիզոնում: Անցյալ տարի էլ այն տեղադրել էր գովազդային մեկ այլ ազդագիր` Խուան Կառլոս թագավորի, թագաժառանգ Չառլզի և Բիլ Քլինթոնի պատկերներով: Այդ անգամ խոսքը նրանց արտաամուսնական կապերի մասին էր: