Դուք եք հայրենիքի տերը...


 

Ոլորապտույտ, անվերջանալի թվացող ճանապարհը ձգվում է դեպի ԼՂՀ Մարտունու պաշտպանական շրջան: Այստեղ ամեն ինչ այլ է, անգամ արևն է ավելի թեժ ու լույսն է առատ: Այստեղ սարերը հպարտ են ու հաղթանակած: Հարաբերական խաղաղություն է` փխրուն ու խոցելի խաղաղություն...

Անհնար է չհիշել, որ 2 տասնամյակ առաջ այս նույն ճանապարհով հրասայլեր են տեղաշարժվել: Արյուն է խառնվել այս հողին, սրբազան պայքար է մղվել, փառահեղ հաղթանակ է կերտվել: Հեռվում տեղ- տեղ հին խրամուղիների հետքերն են նշմարվում, որոնք զենքերի շաչյունի, թնդանոթների մահաշունչ որոտի ունկնդիրն ու վկան են եղել:

Մարտունու պաշտպանական շրջանն անխզելիորեն կապված է լեգենդար զորահրամանատար, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվան հետ: Մոնթեի շունչն այստեղ ամենուր է:

Հերոսի հիմնադրած զորամասն ստեղծվել է 1992-ին, իսկ նրա զոհվելուց հետո հրամանատարությունն ստանձնել է Արցախի հերոս, այսօր արդեն ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հիմա էլ կենսունակ են նրանց ստեղծած ավանդույթները, ու ժառանգած այդ արժեքներին հավատարիմ` զորամասը պատվով է իրականաց նում սահմանի մի ստվար հատվածի պաշտպանությունը: Իսկ զինվորները ողջ խորությամբ են գիտակցում այստեղ ծառայելու պատիվը, հպարտությամբ ուսերին կրում պատասխանատվության իրենց բաժինը, ոգեշնչվում զորամասի հերոսական անցյալով ու մեր հերոսների սխրանքներով: Այստեղ կոփվում են հայրենիքի իսկական պաշտպաններ` մեր խաղաղության երաշխավորները: Եվ այստեղ է, որ հայրենասիրությունն ավելորդ շպարի և պաճուճապատանքի կարիք չունի:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքերն է´լ ավելի են ոգեշնչում հայրենյաց պաշտպաններին.

- Իմացեք` որքան հպարտ ու խրոխտ կանգնեք մարտական հենակետում, այդքան հանգիստ կլինենք մենք: Որքան լավ ծառայեք, այնքան ավելի վստահորեն եմ ադրբեջանցիներին հասկացնելու, որ իրենց փոխարեն լոկ նավթն է խոսում: Դա իմ ամենօրյա աշխատանքի բնույթն է: Եվ ես այդ ամենն անում եմ միայն ձեր ուժի շնորհիվ: Ես վստահ եմ` դուք գիտեք, որ նավթը որևէ խնդիր չի լուծում, քանի որ կան ձեր նման տղաներ: Դուք հավանաբար գիտեք, թե քանի անգամ են հակառակորդի դիվերսիոն խմբերը փորձել ներթափանցել մեր տարածք, բայց մեր զինվորները մարտական հենակետերում կարողացել են կանխել նրանց առաջխաղացումը, որովհետև դուք մեր հողն եք պահում` Հայոց հողը: Երբ զենքը ձեռքներիդ կանգնած կլինեք մարտական հենակետում, հիշեք` այն հատվածը ինչքան ձեր աչքը տեսնում է, ձերն է, դուք եք տերն այդ ամենի: Հենց դուք եք հայրենիքի տերը: Իսկ այդ զենքը ձեզ դարձնում է ավելի զորեղ…

Այս զորամասում ամուր հիմքերի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Ինչպես 5-րդ գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանք ների գծով տեղակալ, մայոր Լորիս ՊՈՂՈՍՅԱՆՆ է հավաստիացնում.

- Պատերազմից տարիներ են անցել, բայց այսօր էլ մեր հերոսներն են զինվորին ուժ տալիս: Այդ հերոսական ոգին ենք ձգտում սերմանել ու միշտ արթուն պահել, քանի որ դա է առաջնայինը` մարտական հերթապահություն իրականացնող զինվորի համար: Մեր զորամասը պատվով է իրականացնում իր առաքելութ յունը: Եվ այն փաստը, որ մեր պաշտպանական շրջանի մարտական հենակետերում հակառակորդը չի կարողացել դիվերսիոն գործողություններ իրականացնել, բավական խոսուն է: Ես նաև ցանկանում եմ ողջունել նման այցերը և շեշտել դրանց կարևորությունը: Քանի որ դրանք զինվորի առօրյան ավելի հագեցած դարձնելուց զատ` նաև նրան հուշում են, որ ինքը միայնակ չէ, որ իր մասին մտածող ու հոգ տանող կա: Սակայն պետք է անկեղծանամ` կցանկանայի, որ նման միջոցառումներն ավելի հաճախակի լինեին: Իհարկե լինում են, բայց դա բավարար չէ:

Երեկոյանում է. զինվորական վաշտերը հպարտ կեցվածքով ու հաղթական երգերով շարահրապարակ են մտնում: Ապա ամբողջ զորքը խրոխտ ձայնով երգում է ՀՀ պետական օրհներգը` վերևում ծածանվող մեր Եռագույնի ներքո:

Ու մեկ անգամ ևս գիտակցում ես, որ այս տղաներն են իրական հերոսները: Նրանք, որ վաղը պիտի կանգնեն մարտական հենակետում: