ԱԼ. ԹՈՓՉՅԱՆԻ «ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆ»-Ը` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


 

Օրերս Մոսկվայի «Յունիպրես» հրատարակչությունը ռուսերեն լույս ընծայեց Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ և փոքր-ինչ փոխված վերնագրով. «Բանկ Օտոմանի գրավումը» («իՈւՉՈՑ ըՈվՍՈ ԿՑՑՏՎՈվ»):

Վեպի ռուսերեն հրատարակության առթիվ, հավանաբար, տեղին է հիշել, որ խորհրդային տարիներին հայ հեղինակներից առնվազն 10-12 գիրք էր տպագրվում Մոսկվայում: Պատկերն այսօր կտրուկ փոխվել է: Մոսկվան առաջվա պես այլևս պարտավորված չէ թարգմանել և ներկայացնել անկախացած հանրապետությունների հեղինակներին: Այսօր որոշողը շուկան է կամ գործի գեղարվեստական մակարդակը: Տվյալ դեպքում, կարծում ենք, որոշիչը եղել է վերջինը:

Ապացույց, որ անկախությունից հետո ստեղծված արձակ կամ չափածո գործերից թերևս ոչ մեկն այսպիսի ուշադրության չարժանացավ թե´ Հայաստանում, թե´ դրսում: 2008թ. Երևանում տպագրվելուց հետո, վեց ամիս անց` 2009թ., վեպը, դասական ուղղագրությամբ Բեյրութում լույս ընծայեց «Արծիվ» հրատարակչությունը, իսկ 2010թ. թերթոնով, ամբողջությամբ տպագրեց ՀՅԴ օրգան «Երկիր» օրաթերթը: Երևույթ, որ հավանաբար հազվագյուտ է, քանի որ լրագրերը գեղարվեստական երկերը թերթոնով սովորաբար ներկայացնում են գրքով հրատարակվելուց առաջ, մինչդեռ այս անգամ թերթը հաջորդեց գրքին:

Գուցե տեղին է հիշել, որ Ալ. Թոփչյանի նախորդ վեպերը նույնպես լույս տեսան պարբերական մամուլում և առանձին գրքով: «Կիրկե կղզի»-ն 1996թ. գրքով տպագրվելուց առաջ, 1995-ին միաժամանակ ու ամբողջությամբ ներկայացրեցին «Գարուն»-ը և Բեյրութի «Շիրակ»-ը, իսկ «Եվ անգամ մահից հետո»-ն առանձին գրքով ընթերցող հանրությանը մատուցվելուց առաջ տեղ գտավ «Նոր Դար» հանդեսի էջերում: «Բանկ Օտոման»-ի վերոնշյալ ռուսերեն թարգմանությունն էլ նախ ամբողջությամբ տպագրվեց «Լիտերատուրնայա Արմենիա» (2010թ. N3-4) հանդեսում: Նախկինում սովորական այս լավ ավանդույթն այսօր, ցավոք, գնալով դառնում է ավելի ու ավելի հազվադեպ:

Ինչ վերաբերում է օտար ընթերցողներին ներկայացվելուն, ապա 2010թ. «Բանկ Օտոման»-ը թարգմանվեց ռումիներեն և տպագրվեց Բուխարեստում, 2011թ.` ֆրանսերեն, Փարիզում, և, վերջապես, 2012թ. ռուսերեն` Մոսկվայում: