ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԵՎ ՎԵ´ՐՋ


Մի համասեռամոլ որ հանկարծ ծղրտա, թե հասե˜ք, էսինչ երկրում «թանիս թթու են ասում», միջազգային կառույցներն այնպե˜ս կոլորեն այդինչ երկրի ականջները` մարդու իրավունքները չոտնահարելու մասին հազարումի փաստաթուղթ խոթելով նրա աչքը: Բայց նույն այդ իրավունքներից ամենաբարձրագույնն արհամարհելով` մարդկային կյանքեր են խլում Հայաստանի ելուզակ հարևանները, իսկ միջազգայինները մունջ են: Չէ´, խոսում են, բայց արջի գիտեցած յոթ երգերի նման` միայն տանձի մասին: Այսինքն, կողմերի միջև հավասարության նշան դնելով` կարգի են հրավիրում թե´ հրոսակին, թե´ նրա դավադիր գնդակներից իր տան ու բակում սպանվողներին:

Բայց ինչո՞ւ եք այսքան կույր ու խուլ, աշխարհի հզորներ: Իր երկրում խաղաղ ապրել ցանկացող արդարին և նրա հողը խլել ցանկացող վայրագին նույն հարթության մեջ դիտարկելը քիչ էր, հիմա էլ փորձում եք զսպել իր Տունը պաշտպանողին, թե` տե˜ս, հանկարծ դուշմանիդ չվնասես: Թող հեռու մնա մեր տնից` նրա հե´րն էլ անիծած:

Հասկացանք, դուք շահեր ունեք, Ադրբեջան կոչված քոչվորապետությունն էլ` հարստություն: Վայելեք իրար: Բայց ինչո՞ւ ամեն անգամ հայկական տարածքներն եք հաղթաթուղթ դարձնում:

Այո, Հայաստանն այսօր ծանր կացության մեջ է, բայց բոլորն են համոզվել (այն էլ` քանի˜-քանի անգամ), որ Սասնա հսկայի ոգին ամեն հայ մարտիկի մեջ է: Որ Ադրբեջան անվանյալ քոչվորապետությունը թքա´ծ ունի միջազգային բոլոր օրենքների ու մարդկային ազնիվ հարաբերությունների վրա` բացահայտ է: Բացահայտ է նաև, որ Հայաստանը հարգում է այդ ամենը: Ստացվում է` իզո՞ւր:

Այո, ծանր կացության մեջ է երկիրը Հայոց, բայց փյունիկ թռչունի նման վերհառնումի առեղծվածը մենք վաղուց ենք լուծել: Մանավանդ` հայի համբերության ծով-բաժակն էլ լիքն է արդեն պռնկեպռունկ: Վկա` ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը.

- ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժ:

Սա արդեն կատակ չէ: Ոչ էլ` հորդոր: Ապացույցը խավիարաբաշխ նախիրի վերջին հանդգնությանը հաջորդած արժանի պատասխանն էր, որը գուցե ոմանց ցավացրեց, բայց որևէ մեկին հաստա´տ չզարմացրեց:

Այնպես որ` այսուհետ ևս մաքառող մեր մարտիկների ձայնով միշտ հիշեցնելու ենք`

- Սա Հայաստանն է ու վե´րջ: