Ահաբեկիչները նույնպես լալիս են


Եվ նրանցից մեկի արցունքները տեսնելուց հետո միայն շատերը կարծես «հասկացել» են, որ մահ սփռող մահապարտները նույնպես չեն ուզում մեռնել: Իսկապես, սառնասրտորեն մարդ սպանող արարածները տեսնես երբևէ պատկերացնո՞ւմ են, որ մեկ ուրիշի ձեռքով էլ իրե´նք կարող են անշունչ դիակ դառնալ:

Օրերս համացանցում հայտնված տեսահոլովակը պատկերում էր, թե իր իսկ արած պայթյունից առաջ ինչպես է լաց լինում մահապարտ ահաբեկիչը: Ինչպես տեղեկացրել է Mirror-ը, արտասվողն «Ալ-Քաիդա»-ին առնչվող «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման անդամ Ջաֆար ալ-Թայարն է:

Տեսահոլովակը նկարահանվել էր Սիրիայում` գերազանցապես շիաներով բնակեցված Ֆուա քաղաքում իրականացված ահաբեկչությունից առաջ: Հեղինակը տեսախցիկով որսացել էր այն պահը, երբ ահաբեկիչը զրահամեքենա բարձրանալով` հանկարծ լաց էր եղել, գիտակցել էր, որ ինքն էլ պիտի մեռնի: Բախտակից մյուս մահապարտ ներն էլ խրախուսում էին նրան` ասելով.

- Ջաֆար, եղբայրս, մի´ վախեցիր: Երբ սարսափում ես` հիշիր Ալլահին:

- Ես վախենում եմ, որ գլուխ չհանեմ,- արդարացել էր Ջաֆարը` չնայած արդեն կատարել էր հանձնարարությունը:

Ի դեպ, Ջաֆարն առաջին մոջահեդն է` Միջին Ասիայից. որոշ տվյալներով նա Ուզբեկստանից է (տեղեկացրել է Vesti-ru-ն):