«Չկարծեք, թե ես ատում եմ կյանքը»

...ԵՎ ՄԵԿ ԳԱՎԱԹ ՍՈՒՐՃ

Գրող, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԻ հետ հերթական «սրճախմության արարողությանն» այս անգամ «ներկա» էր նաև ձայնագրիչը: Իսկ այդ «արարողությունը», ինչպես միշտ, ոչ այլ ինչ էր, քան անկեղծ զրույց` մտավորականի համար հոգին թեթևացնող, ոչ ամենքի համար` մտորում ները բարձրաձայնող: Այս զրույցը պետք է որ փոքր-ինչ տոնական լիներ. մեկ օր առաջ բոլորել էր Ֆ. Բախչինյանի ծննդյան 65-րդ տարին, և նրա անդավաճան բարեկամները հավուր պատշաճի նշել էին նրա հոբելյանը: Ոչ թե ճոխ սեղանների շուրջ` բաժակաճառերով, այլ գրադարանում նրա վաստակը գնահատելով:

Նաև «Ավանգարդի» ընթերցողների անունից ևս մեկ անգամ շնորհավորելով թերթի հինավուրց բարեկամին, փորձում եմ նախ ճշտել, թե ինչպես է հրաժեշտ տվել իր կյանքի 65-րդ տարուն:

- Քո և քո նմանների պարագայում ապրած տարիները, անցած ճանապարհը հարստություն են, արժեք: Ի՞նչ մտորումներով, ի՞նչ հոգեվիճակով, ի՞նչ տրամադրությամբ դիմավորեցիր այն:

- Հոբելյանը ևս մեկ անգամ անցածիդ հետահայաց նայելն է: Դա արեցի իմ լավագույն բարեկամների հետ` նրանց ներկայացնելով կատարածս աշխատանքը. թարգմանություններ (հիմնականում` լիտվերենից), դիմանկարների շարք, վերջին մեկ տարում նաև` արձակ ստեղծագործություններ: Անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում էր լիտվական գեղարվեստական գրականության հիմնադիր Քր. Դոնելայտիսի ծննդյան 300-ամյակը, և ես լույս ընծայեցի նրա «Տարվա եղանակները»: Նաև հրատարակեցի Էդ. Մեժելայտիսի` Հայաստանի, հայ մշակույթի ու գրականության մասին հրապարակումներն ամփոփող «Իմ կրկնակի Արարատը» մեծածավալ ժողովածուն:

- «Դեժավյու» վեպը երևի վերջին տարիների քո ստեղծագործության գագաթը կարելի է համարել:

- «Դեժավյու. Հալեպ` սիրո և մահվան հովիտ» վեպը պատկերում է 1915 և 2015 թվականների Հալեպը: Եղեռնից մազապուրծ մի ընտանիք տեղափոխվում է Էրզրումից. մեկ այլ ընտանիք էլ` Ուրֆայից: Երկուսում էլ միայն տատն ու թոռն են ողջ մնացել: Եվ ծայր է առնում եղեռնը վերապրող թոռների սերը: 1915-ի սպանդը կրկնվում է 2015-ին. այս անգամ` Հալեպում: Կառանձնացնեի «Վագրի տարի կամ չեչենական օրագիր» վեպս նույնպես, որտեղ նկարագրել եմ 1998-ի Չեչնիան, որի անտառներում 29 օրս ապրել եմ որպես պատանդ: Հաջողել եմ հրատարակել նաև վերջին 15-20 տարիների ընթացքում գրած պատմվածքներս` «Թափառաշրջիկ» խորագրով:

- Դե, իսկ մեծ հայասեր Նանսենի անունն ու գործը նոր սերնդին սիրելի դարձնելու ուղղությամբ ջանքերդ բոլորին են հայտնի: Իսկ լավատեսությունդ շարունակո՞ւմ է հավատարիմ ուղեկցդ մնալ:

- Իմ շատ գրչընկերների, շատ մտավորականների նման այն ինձ նույնպես լքել է: Երբ ասելիքդ այրում է կոկորդդ` չես կարող չգրել, բայց գրել էլ դժվարանում ես` մտածելով, թե ո՞ւմ համար ես գրում: Եթե գրածդ ընթերցող չի ունենալու, ո՞ւմ համար ես գրում: Եվ այսպես` լքված, անտրամադիր ապրում եմ` գրել-չգրելու դժվարին երկվության մեջ:

- Նաև ինքնագնահատա՞նքդ ես կորցրել. չէ՞ որ դու ունե´ս ընթերցող:

- Ունեմ, և բարեբախտաբար նա ճիշտ է ընկալում ու ճիշտ է մեկնաբանում թղթին հանձնված ասելիքս: Ու դա փրկօղակ է` լճացումից: Օրինակ, երեկ ինձ համար հաճելի անակնկալ էր երիտասարդ բանասիրական գիտությունների թեկնածու Քնարիկ Աբրահամյանի կարծիքը` «Դեժավյու» վեպիս մասին: Այնքան խորն էր ուսումնասիրել և այնպես ճիշտ վերլուծեց, որ ևս մեկ անգամ մտածեցի` այսպիսի մեկ ընթերցողի համար էլ արժե գրել: Բայց ընթերցողների պակասը միայն ինձ չէ, որ ցավացնում է: Դասական գրողների ստեղծագործություններն են այսօր ընթերցողի կարոտ:

- Մեր ժամանակներում հոգևոր սովի համար հաճախ է քննադատության թիրախ դառնում մտավորականությունը: Ի՞նչ պիտի անի մտավորականը կամ ինչո՞ւ չի անում:

- Իմ կարծիքով լուրջ մտավորականները, կոպիտ ասած` անցել են «ջրի հատակ». երևի` անզորությունից: Քիչ թե շատ մտավոր ներուժ ունեցողների մի խումբ է միայն կարողանում իր նյութական ապահովվածությունը հոգալ և մնալ «ջրի երեսին»: Այսինքն` ինքնադրսևորվել, նկատվել, ազդեցիկ լինել: Մինչդեռ ճշմարիտ մտավորականը մարդկանց գոնե հոգու քաղցը կարող էր հագեցնել: Այսօր այդ վառ անհատականությունները պակասում են մեր եթերներում, թերթերի էջերում, հանրային փայրերում: Բայց նրա´նք են երկրիս այցեքարտը: Նույնիսկ հպանցիկ մի հանդիպումից նրանցից դրական լիցքեր են ստանում: Բայց… նրանք էլ են ընկճված: Ահա թե ինչու է ընկճախտն այսքան խորանում:

- Գրեթե ամեն օր, աշխարհի տարբեր ծագերից «ճգնաժամ» գույժն ենք լսում: Ամենավտանգավորը, սակայն, հոգու ճգնաժամն է, որի մեջ հայտնվել ենք ակամա: Աշխարհը որքան, այսպես կոչված քաղաքակրթվում է, այնքան ճգնաժամերը խորանում են:

- Դեռ անցյալ դարում Իսահակյանը նախազգուշացրել է. «Կգա ոգու սով»: Ահա վրա է հասել այդ սովը: Դրան նպաստում է նաև տնտեսական ճգնաժամը, բայց շատ ավելի դժվարին ժամանակներում մարդկային հոգին այսքան չի ամայացել: Ժամանակները երևի ազդել են մարդու հոգեկան աշխարհի վրա:

- Բայց մարդն է կերտում իր ապրած ժամանակը, այլ ոչ թե հակառակը:

- Խնդիրն էլ հենց այդ է` ո՞ր մարդիկ կարող են ազդել ժամանակի վրա: Եկեղեցում միայն մոմ վառելով` հոգիդ դրախտ չի գնա: Այսօր իշխողը նյութականն է: Վատն այն է, որ վաղվա օրը չեմ տեսնում, չես գտնում այն բանալին, որով հոգսերիդ թեթևացման դուռը կբանաս:

- Լավատեսությանդ պաշարը սպառվել է, սիրելի բարեկամ: Եվ ամենավատն այն է, որ միայն քեզ չէ, որ լքել է դիմակայության այդ կարևոր զենքը:

- Ես շատ լավատես եմ եղել ամբողջ կյանքում: Հիմա էլ ելքեր եմ փնտրում, բայց չեմ գտնում: Ինչպես ասում են` թունելի վերջում լույսը չի նշմարվում:

- Կուզենայի հակառակն ապացուցել, սակայն առանց փաստերի ապացույց չի լինում: Բայց մի մե˜ծ ճշմարտություն կա` դեպի լուսաբաց տանող միակ ուղին գիշերվա միջով է անցնում:

- Այդպես է, բայց միայն անձիս պատուհասած դժվարությունները չէ, որ հուսահատեցնում են: Մեր շուրջը նայենք…

- Ամենուր է այսպես` պատերազմները, ահաբեկչություններն ու զանազան աղետները մարմինն են սպանում, անիրավություններն ու անզորությունը` հոգին: Հավանաբար վերջի սկիզբն է հիմա. ասել է թե` շուտով գործելու է Արարչական ծրագիրը:

- Հույսներս միայն Աստծո հետ պիտի կապենք…

- Ստեղծագործություներից ո՞ր տողը կամ ո՞ր հատվածն է, որ ավելի հաճախ ես հիշում, և որը քո ներկա հոգեվիճակից է խոսում:

- Իմ «Դեժավյու»-ն ավարտում եմ այսպես. «Չկարծեք հանկարծ, մարդի´կ, թե ես ատում եմ կյանքը, ձեր աշխարհը, ո´չ: Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ ձեզ, բայց ասում եմ` այս ի՞նչ եք անում աշխարհի ազնիվ հոգիների հետ, մարդիկ… Ինչպե՞ս եք կարողանում նրանց նեղացնել, վիրավորել, դավաճանել, ծաղրել, տանջել ու սպանել… Նրանք խռովում են ձեզնից, մարդի´կ, ու սիրում են ձեզ… Ու կվերադառնան միայն այն ժամանակ, երբ կխաղաղվի ձեր փոթորկված հոգին, երբ դուք էլ իրար ու ազնիվ հոգիներին կկարողանաք պարգևել մի բան` պարզ ու մաքուր ներդաշնակություն… Եվ այդ ժամանակ մարդկային կյանքը կլցվի երկրային և երկնային օրհնություններով:

- «Դեժավյու» թարգմանաբար նշանակում է արդեն տեսած, այսինքն` տեսածի, ապրածի կրկնություն: Եվ քո իսկ ապրածի իմաստնությամբ ես փաստում, որ «մարդկային կյանքը կլցվի երկրային և երկնային օրհնություններով»: Ուրեմն պարտավորվենք և միմյանց պարտավորեցնենք` տոկալ մինչ այդ ժամանակները:

- Ջանա´նք:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ