13-րդը` «Զգացողությունների թանգարան»


«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական 13-րդ փառատոնի վարագույրը կբացվի վաղը երեկոյան, ՆՓԱԿ-ում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահան Բադալյանի «Զգացողությունների թանգարան» արդիաոճ բեմադրության ներկայացմամբ: Խախտելով ավանդական դարձած ձևաչափը` այս տարի կազմակերպիչները նախկին ԽՍՀՄ տարածքում խոշորագույն (բացառությամբ Մոսկվայի) փառատոնը բացում են ոչ թե նշանավոր արտասահմանյան որևէ ներկայացմամբ, այլ` հայկական: Ամենևին էլ ոչ պատահաբար:

«Հայֆեստի» պատվերով և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ է ստեղծվել այս արտասովոր ներկայացում-ցուցասրահը: Եվ ՆՓԱԿ-ում 26 երկրներից ժամանած փառատոնի 250 մասնակիցներին և հյուրերին (հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային մի շարք փառատոների նախագահներ) դիտարժան և դյուրընկալ կփոխանվի 2015-ի գլխավոր ասելիքը: «Հայֆեստի» հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանի հավաստմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առանձին ծրագրով, թատերարվեստի ներազդու արտահայտչամիջոցներով խորացնելով համարժեք տպավորությունները, փառատոնն էապես կնպաստի Մեծ Եղեռնի պատմական փաստի միջազգային հարկավոր ճանաչմանը: Ինչու ոչ, նաև ցանկացած այլ ազգի ցեղասպանության դեմ միջազգային լրջագույն ընդվզմանը:

Այս անթաքույց միտումով էլ «Զգացողությունների թանգարան» խորագրով է ներկայանում հոկտեմբերի 1-ից 8-ը 13-րդ «Հայֆեստը», որը 75 անուններով ձևավորված իր խաղացանկային բազմազանությամբ ( հիմնական, հիշատակի, հարակից կամ ֆրինջ, պարսկական, ուսանողական, տիկնիկային ծրագրեր) խոստանում է առավել ուշագրավ լինել: Մայրաքաղաքային 12 բեմահարթակներում հնարավորություն կընձեռվի անմիջականորեն հաղորդակցվելու կատարողական արվեստների միջազգային խճանկարի մեկուկես տասնյակ ցայտուն նրբերանգներին` դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մենա, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների ներկայացումներ, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, բացօթյա ներկայացումներ, մենախաղեր: Միջազգային ասպարեզում բարձր համարում վայելող թատերախաղերից 13-րդում կցուցադրվեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակումը» (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետը» (Մեծ Բրիտանիա) և «Գիբնի» պարային ընկերության «Հատող գիծը» (ԱՄՆ):

- Մեր ծրագիրն այս տարի ոչ միայն հետաքրքիր է ու հզոր, - ասում է դիպուկ բնորոշումներ պրպտող Արթուր Ղուկասյանը: -Մեր ծրագիրը պարզապես շլացուցիչ է և վեհ: Ինչո՞ւ: Որովհետև մենք ունենք 52 նշանակալից անվանում: Միայն Մեծ Բրիտանիայից 5 տարբեր ներկայացումներ ունենք խաղացանկում: Անհամեմատ գունեղ է լինելու «Հայֆեստի» անբաժան մասը դարձած իրանական ծրագիրը: Ի դեպ, «Հայֆեստի» շնորհիվ Իրանում բավական զարգացում են ի հայտ բերում կատարողական արվեստները: Ինչպես նաև Հայաստանում: Տաղանդավոր երիտասարդներին ներկայանալի հնարավորություն ընձեռելով` «Հայֆեստը» փաստորեն խթանում է նաև նրանց մասնագիտական առաջխաղացումը, ինչը շատերի համար ակնհայտ կլինի նրանց նոր աշխատանքներով: Եվրոպական մակարդակի 4-5 նոր բեմադրություններ: Չի կարելի, զորօրինակ, չհիանալ Արամ Կարախանյանի խաղով` Տաթև Մելքոնյանի «Ես այստեղ եմ» կամերային անսովոր հետաքրքիր բեմադրության ներկայացման մեջ: Գրիգոր Խաչատրյանի «Մեդեայի» առաջնախաղը Դրամատիկի փորձասենյակում, ինչպես և` «Բարձ-մարդունը», կլինի «Հայֆեստի» շրջանակներում: Սա «Հայֆեստի» և մեր գործընկեր մյուս փառատոների մեծ նվաճումներից է: Ցավալի է, իհարկե, որ չի ընդլայնվում հայկական մասնակից-թատրոնների շրջանակը: Մեր 35 թատրոններից մի քանիսն են ան-ընդմեջ ակտիվություն հանդես բերում: Մարզային մեր լավագույն թատրոններն առհասարակ որևէ քայլ չեն անում: Պարզապես զարմանալի է... Ես սա ասում եմ որպես միջազգային պատկառելի փորձառություն ունեցող թատրոնի փորձագետ և արվեստի կառավարման մասնագետ: Ինչևէ: Կրկին կանցկացվեն վարպետության բացառիկ արժեքավոր դասեր, որոնց դրական արդյունքն ակնհայտ է` ընդհանուր զարգացումների տեսակետից նաև: Մեկ հանդիպման տիրույթում անկարելի է հանգամանալից պատկերացում տալ ամբողջի մասին: Ասեմ միայն, որ բացմանը հաջորդած 7 օրերի ընթացքում կխաղացվեն ավելի քան 75 ներկայացումներ: 6-ից 12 տարատեսակ բեմադրություններ են ցուցադրվելու ամեն օր: Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ հանդիսատեսը 13-րդ «Հայֆեստից» բարձրագույն գեղագիտական հաճույք կստանա: Զգուշացնեմ, որ բացի «Գլոբուսի» և հայկական թատրոնների ներկայացումներից, մյուսների մուտքն անվճար է:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ