ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ


Վերջին օրերին հայաստանյան քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների քննարկումների գլխավոր նյութը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է: Ավելի ճիշտ` վերադարձի հավանականությունը: Երբ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը հայտարարեց, որ 2012-ի նախագահական ընտրություններին ինքը չի առաջադրվելու` փոխարենը սատարելու է Պուտինին` այսպիսով յուրովի փակելով այդ երկրում ընտրությունների թեման, մեզ մոտ սկսվեցին քննարկել Քոչարյանի հնարավոր վերադարձի և ռուսաստանյան սցենարի կրկնության հարցերը: ԸՍՏ որոշ վերլուծաբանների և քաղաքական գործիչների` որոշակի անհարթություններ կան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերոթյուններում: Եվ, նրանց իսկ պնդմամբ` սա ոչ միայն քաղաքական բախում է` «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետական» կուսակցությունների, այլ նաև բնական մրցակցություն է նախկին և գործող նախագահների միջև: Ուշագրավ է այն, որ Հայաստանում քաղաքականությունը մեծապես կապված է մեր երկրի երեք նախագահների հետ: Սա բացահայտում է նաև Հայաստանի քաղաքական համակարգի փակ բնույթը, և այն իրողությունը, երբ իրական կոնֆլիկտն անձերի մեջ է, այլ ոչ թե քաղաքականությունների կամ գաղափարախոսությունների: Հետաքրքրական է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձը քաղաքականություն կարող է լինել այն խթանը, որից կխաթարվի ուժերի բավական թույլ և փխրուն հավասարակշռությունը Հայաստանի քաղաքական դաշտում: Այլ կերպ ասած` երբ ասում են, թե դիցուք ՀՀԿ¬ն կոնֆլիկտ ունի ԲՀԿ հետ, ապա դա նշանակում է որ այդ կոնֆլիկտը տվյալ քաղուժերի ներկայացուցիչների միջև է: Սա ոչ այնքան հայաստանյան, որքան արևմտյան վերլուծաբանների գնահատականն ու տեսակետն է, որը մասամբ է մերձենում իրականությանը: Արևմտյան քաղաքագետները մասնավորաբար համոզված են, որ անմիջական կոնֆլիկտը, որ հիմա զարգանում է, անձնապես Սարգսյանի և Քոչարյանի միջև է: Եվ սա ամենահետաքրքիրն է, որովհետև շատ դեպքերում ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը կողմ չեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին քաղաքականություն, քանզի Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չէին ցանկանա անկայուն Հայաստան: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձը կարող է դառնալ այն խթանը, որը կհանգեցնի բնակչության ըմբոստությանը և հավանաբար հեղափոխական արձագանքին` հատկապես Մարտի 1-ի և հետընտրական ճգնաժամի պատճառով: Բայց ավելի շատ` Քոչարյանի իշխանության ժառանգության պատճառով, որը ներառում էր տնտեսական խնդիրները, կոռուպցիան և իշխանության անընդունելի «գոռոզությունը»: Եվս մեկ հետաքրքիր զարգացում էր Լևոն Տեր-Պետրոսյանը` որպես առաջին նախագահ, ով ներգրավված է Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության մեջ, որը հնարավոր է շուտով վերականգնվի: Իսկապես երկխոսության վերականգնման լավատեսությունը կա, որովհետև դա առաջին հերթին անհրաժեշտ է ՀԱԿ-ին` հանրության շրջանում վստահությունն ամրապնդելու և քաղաքական գործընթացները շարունակելու համար: Տեր-Պետրոսյանի կազմակերպած վերջին հանրահավաքում հնչած քաղաքացիական անհնազանդության պատրաստվելու կոչերը շատ հետաքրքիր են ու միաժամանակ` կասկածելի: Քաղաքացիական անհնազանդության ժամանակը երկու տարի առաջ էր` որպես հետընտրական ճգնաժամի հետևանք, բայց առանց հստակ կազմված ծրագրի, առանց պարզ և փոխհամաձայնեցված մարտավարության այս պահին այդ կոչը հավանաբար չի «աշխատի»: Ներքաղաքական զարգացումներից զատ, սակայն հետաքրքիր է նաև հասարակական-տնտեսական պայմանների ուսումնասիրումը: Տնտեսական առկա ճգնաժամը սպառնում է քայքայել Հայաստանում անվտանգությունն ու կայունությունը: Ավելի կոնկրետ` մենք վտանգավոր միտումներ տեսնում ենք պետական պարտքի աճի առումով, ինչը ներկայիս կառավարությունից ապագա հայ սերունդներին «նվեր» կլինի: Մենք տեսնում ենք նաև բավական փոքր չափերի դրամի արժեզրկում, բայց շատ ավելի վտանգավոր և մահացու է մթերքների գների աճը, ինչի պատճառը հիմնականում օլիգարխների կողմից շուկայական տնտեսության վերահսկումն է: Ակնհայտ է նաև հարստության և շահույթի մեծացող անհամաչափությունը` ինչպես տնտեսական, այնպես էլ տարածաշրջանային-աշխարհագրական առումով: Եվ այդ հարստությունը շատ ավելի անձնական է, քան պետական ու պետռեսուրսները: Հարստություն, որ ավելին է, քան պետական ռեսուրսները կամ Հայաստանի բյուջեն: Մեկ այլ կարևոր տնտեսական խնդիր է կենսաթոշակային բարեփոխումները, ինչը արևմտյան շատ շուկայական տնտեսություններում համարվում է ամենամեծ մարտահրավերը կամ խնդիրը: Հայաստանը դանդաղում է այդ խնդրի հետ առնչվել, թեև լուրջ և ահագնացող այս մարտահրավերը ծառանալու է ինչպես Հայաստանի ներկայիս, այնպես էլ հաջորդ կառավարության առջև: