Անպարտելի ոգու ջահակիրները


Ժամանակի խորացող և համընդգրկուն ռազմական բախումների տրամաբանությունը ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքի կատարելագործման և պաշտպանական համակարգի է´լ ավելի ամրապնդման պահանջ է առաջադրում: Այդ նպատակով իրականացված կարևոր միջոցառումներից մեկն էլ Սիսիանում գործող երկրապահ կամավորականների ջոկատի հիմքի վրա 1992 թ. օգոստոսին 142¬րդ պայմանագրային մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար` Հովիկ Ազոյան, շտաբի պետ` Աշոտ Մինասյան (Երկաթ)) վերակազմավորումն էր` իր չորս վաշտերով (Արայիկ Մուրադյան (Դուման), Վոլոդյա Հովհաննիսյան, Վուրգ Ոսկանյան, Մանվել Հովհաննիսյան (Ասկոլկա): Շարունակում էր գործել Արցախը Հայաստանին կապող դեռևս միակ ցամաքային ուղին` «կյանքի ճանապարհը»` չնայած պահվում էր հսկայական ջանքերի գնով, քանզի սեպտեմբերին անասելի ծանր վիճակ էր ստեղծվել Լաչինի միջանցքի և վերջինիս անվտանգությունն ապահովող կրակակետերի համար: Թշնամու ռազմաօդային ավիացիան խոշոր ռազմահարվածներով զգալի կորուստներ էր պատճառում ռազմական ու կենսական օգնություն բերող ուժերին և հարակից պաշտպանական հենակետերին: Լաչինի մարդասիրական միջանցքի հարավային ճակատագծի Կոռնիձոր-Բերդաձոր գոտու պաշտպանությունը վստահվել էր 142¬րդ պայմանագրային մոտոհրաձգային գումարտակին, որի 2¬րդ վաշտը դիրքեր էր զբաղեցրել «Կոբրայի բարձունքից» մինչև Բերդաձոր: Հակառակորդն Աշաղի և Յուխարի Ֆարաջա գյուղերում կենտրոնացրել էր հսկայական քանակությամբ կենդանի ուժ և ռազմական տեխնիկա: 1992 թ. սեպտեմբերի 12¬ին, առավոտյան ժամը 10¬ին թշնամին «Գրադ» կայանքներից ու հինգ մարտական տանկերից ուժգին հրետակոծություն է սկսում 2¬րդ վաշտի դիրքերի վրա: Ուժերն անհավասար էին, իրավիճակն օրհասական: Ճակատագրական պահին, հրաժարվելով թողնել մարտադաշտը ու մինչ կմիացնեին անջատված թրթուրը, ՀՄՄ հրամանատարը մտնում է մեքենայի մեջ ու առաջին իսկ դիպուկ կրակոցով շարքից հանում դեպի ազատամարտիկների զբաղեցրած առաջավոր բնագծեր սրընթաց շարժվող առջևի տանկը: Դա հնարավորություն է տալիս կասեցնելու հակառակորդի հետևակի ևս մեկ գրոհ: Սակայն առավել ծանր ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվում առաջին պահակակետում, որտեղ մարտի էին հանվել թշնամու հատուկ նշանակության հետախուզական զորամասի հարյուրից ավելի զինվորներ: Ոսոխը սկզբում աննկատ մոտենում է առաջին գծի խրամատներին և փորձում հանկարծակիի բերել պաշտպանվողներին, սակայն, հանդիպելով կազմակերպված և ուժեղ դիմադրության, առաջխաղա ցումը կասեցվում է: Վերախմբավորելով իրենց ուժերը, օգտվելով մեր պաշտպանվող անձնակազմի նկատմամբ ունեցած թվային զգալի գերակշռությունից ու տեղանքի ընձեռած հնարավորություններից, փորձելով ճնշել կամավորական քաջերի հզոր դիմադրությունը, թշնամին նորից գրոհի է նետվում: Մարտն ավելի կատաղի բնույթ է ստանում: Այդ ընթացքում պաշտպանվողներին օգնության են հասնում Ժորա Հակոբյանի ջոկի մարտիկները, որից մարտն ավելի է թեժանում, դառնում երկարատև ու դիրքային: …Կամավորականների` տեղանքին ոչ լրիվ ծանոթ լինելու հանգամանքը որոշակի դժվարություններ էր ստեղծել դարանների տեղակայման համար: Եվ մինչև հարձակման անցնելը, հակառակորդին հաջողվում է մի քանի գիշերային հետախուզություն անցկացնել: Ավելին: Որոշ հատվածներում կարողանում է նույնիսկ ծանր տեխնիկա կենտրոնաց նել: Դա է հաստատում թեկուզ այն փաստը, որ գնդապետ Ռ. Մարդանյանի մոտ գտնվելու ընթացքում Սասուն Միրզոյանը, որպես նախկին հրետանավոր, տեղում եղած ինքնագնաց հրետանային տեղակայանքից ուղիղ նշանառության դիպուկ կրակոցով շարքից հանում է հակառակորդի մեկ տանկ: Դրանից հետո հենակետում ու բազայում ստեղծվում է հոգեբանական ծանր ու լարված մթնոլորտ, իրավիճակը դառնում է օրհասական: Այստեղ շրջադարձային նշանակություն են ունենում նույն Ս. Միրզոյանի աներեր կամքը, խելահեղ խենթության հասած վճռականությունն ու օպերատիվ սառնասրտությունը: Քաջ հայորդուն հետևում են Վոլոդյա Հովհաննիսյանը, Պետյա Մովսիսյանը, Վարդան Ղալումյանը, Արմեն Գրիգորյանը, Գրիշա Հարությունյանը: Առաջին հենակետին օգնության շտապող խմբից 15¬20 մետր առաջ ընթացող Սասունը, ինքնաբերաբար, դառնում է խմբի առաջապահը և դեմ առ դեմ հանդիպում է հակառակորդին: - Ո՞վ ես,¬ լսվում է թշնամու առաջապահի հարցը: - Իսկ դո՞ւ ով ես,¬ հնչում է ակնթարթորեն կողմնորոշված ու իր սառնասիրտ վճռականությունը չկորցրած Սասունի պատասխանը` թշնամու իսկ լեզվով: Ահա այստեղ է, որ հակառակորդը թույլ է տալիս ճակատագրական, տակտիկական սխալ. մինչև 150¬ի հասնող լավ սպառազինված հակառակորդի անձնակազմը դուրս է գալիս ծառերի ետևից դեպի բաց տարածություն: Եվ ինչ գերբնական կամքի տեր պետք է լիներ մեր ազատամարտիկը, որպեսզի, հայտնվելով թշնամանական օղակի մեջ, կարողանար դրսևորել աներևակայելի սառնասրտություն ու վճռականություն: Հայտնվելով թշնամու հետ անմիջական շփման մեջ, ժամանակ և հնարավորություն է ստեղծում` իր հետևից եկող զինակից ընկերների դիրքավորման ու մի քանի տասնյակ անգամ գերազանցող թշնամու ուժերի վրա ճակատային, կործանարար ու փոթորկալից կրակ բացելու համար: Անակնկալի եկած հակառակորդը, տալով մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, դիմում է անփառունակ փախուստի: Անբեկանելի իրողություն է այլևս, որ անմահություն տանող հերոսական ոգին չի լքում Արցախի ռազմավարական թատերաբեմում բազմաթիվ փորձություններ հաղթահարած և Սյունյաց աշխարհի պատմական Անգեղակոթ գյուղում ծնված ու սնված երկրապահ կամավորականին` մահվան սև երախում հայտնվելուց հետո անգամ: Ծնողական անմնացորդ սիրով ու ջերմ հայրենասիրությամբ դաստիարակված և հայ գոյին բնորոշ վեհ գաղափարներով զինված, հայ ազատագրական պայքարի ոգեղեն կրակներ տված երկրամասի անունը կրող խիզախ հայորդին կամ այդ նույն օրն իր երկրորդ ծնունդն արձանագրած Պետյան մի՞թե կարող են մոռանալ փոքրիկ թվացող մի միջադեպ: Մերձամարտում հայտնված թշնամու զինվորներից մեկը փորձում է ձեռքի նռնակը գործի դնելով` նետել իրենից ձախ, որտեղ ազատամարտիկ Պետյա Մովսիսյանն էր: Նկատելով դա, արհամարհելով մահը, Սասունը բռնում է իր իսկ ինքնաձիգի բազմաթիվ կրակահերթերից գերտաքացած փողից ու աներևակայելի արագությամբ և թռիչքով հայտնվում թշնամու կողքին: Գերբնական ուժի հարվածից թշնամու զինվորը, չհասցնելով գործի դնել նռնակը, անշնչացած ընկնում է: Այնուհետև վնասազերծելով նռնակը` այն տալիս է Պետյային` ի հիշատակ ու խորհրդանիշ վերածննդի և մարտական հավատարմության` մոռանալով փողից բռնելու հետևանքով առաջացած ձեռքերի այրվածքներն ու ցավի զգացումը: …Հակառակորդից առգրավված նռնակներով մի քանի րոպե անց հաղթահարելով բարձունքը, հայ կամավորականները համոզվում են ոչ միայն թշնամու մեծաթիվ զոհեր ու վիրավորներ տալու փաստի իրական լինելուն, այլև, որ ոչ պակաս կարևոր է, փախուստի էր դիմել հակառակորդի «գորշ գայլ» հայտնի հետախուզական ջոկատը: Բայց, ավաղ: Հաղթությունը նվաճվել էր չափազանց ծանր գնով: Համառ ու անզիջում մարտից հետո բացվում է դժոխային մի տեսարան, որի վերհուշն անգամ սրտի մեծ ցավ ու տառապանք է պատճառում մասնակից ականատեսներին` նույնիսկ դեպքերից 19 տարի անց: Լաչինի մարդասիրական միջանցքի պահակակետերից մեկը` Սուարասին, վերջին հողակտորն էր, որտեղ, ավաղ, իրենց երկրային ուղու և հերոսական պայքարի վերջակետը դրեցին սիսիանցի յոթ քաջերը: 1992 թ. սեպտեմբերի 12¬ին անողոք ցավը պատեց բոլորին, Սյունյաց լեռները մեկեն ճերմակեցին և ծովացած վիշտն ու արյան վրեժը, ցասման ալիք տալով, տարածվեցին Լաչինից Սիսական աշխարհ ու նրա սահմաններից դուրս: Մարտում ընկած զինվոր չէր տվել Սիսիանը, կյանքի ու մահվան անհավասար ու ահեղ գոտեմարտում, Սասնա աջին ապավինած, միշտ հաղթանակով էին դուրս եկել ռազմական գործողությունների թատերաբեմից: Այդ օրն, ավաղ, անգութ ու դաժան բոթը Սիսիան էլ մտավ: Մտավ ամեն տուն և օջախ, մտավ մեծ ու փոքրի սիրտ: Հավերժ ծալվեցին Ժորա Հակոբյանի, Սեյրան Միքայելյանի, Սամվել Խաչատրյանի, Սեյրան Ստեփանյանի, Ալեքսանդր Իսայանի, Վանիկ Խաչատրյանի, Սլավիկ Ամիրաքյանի բազուկները… Ու ծնունդ առավ ապրողներին, մարտնչողներին զգոնության ու հաղթության, ազատագրական ըմբոստ պայքարի ու անկախության մունետիկ Սյունյաց աշխարհի անպարտելի ոգու և պատմական ավանդույթներին հավատարմության կոչող սիսիանցի հերոսների սուրբ ուխտատեղի Պանթեոնը: Այն հավերժացող քարակերտ թռիչքն է Սիսականի քաջակորով արծիվների, ովքեր իրենց արյամբ, սեփական ամենազոր խղճի ձայնին ունկնդիր` անմահություն նվաճեցին ու… զինակիցների պրկված բազուկներին առնված` վահանների վրա հանգրվանեցին Պանթեոնում:

Մարատ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ