ՊԼԱՍԻԴՈ ԴՈՄԻՆԳՈՆ «ԱՆՈՒՇ» Է ԲԵՄԱԴՐԵԼՈՒ


ԻՍԿ արդյո՞ք իտալացի նշանավոր երգիչը ծանոթ է տիպիկ ազգային օպերայի առանձնահատկություններին և երաժշտական յուրատիպություններին: Լոս-Անջելեսում հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Պլասիդո Դոմինգոն խոսել է իր հայ բարեկամների, Հայաստանից ստացած տպավորությունների մասին: Նա եթե իմանար, թե ինչ ճակատագրական նշանակություն ունեցավ իր հյուրախաղը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար` գուցե այդ մասին էլ խոսեր, իսկապես պատմական համարելով իր երևանյան համերգը: Սակայն տպավորությունների մասին խոսելուց զատ, Դոմինգոն ուրախությամբ հայտնել է, թե կամենում է Լոս-Անջելեսում բեմադրել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Իհարկե, շեշտադրությունը չանելով միայն «Անուշին», Դոմինգոն տեղեկացրել է, որ հնարավոր է նաև «Անուշը» փոխարինվի «Դավիթ Բեկով»: «Դավիթ Բեկն» իհարկե, Տիգրանյանի լավագույն ստեղծագործությունը չէ և իր կլավիրով, երաժշտական կտավի միօրինակությամբ զիջում է «Անուշին», սակայն հետաքրքիր հարցեր են ծնվում երգչի հայտարարությունից հետո: Որքան մեզ հայտնի է, Դոմինգոն օպերային ռեժիսուրայով չի զբաղվում, նա երբևէ չի բեմադրել որևէ մեծակտավ երաժշտական ստեղծագործություն: Ավելին, նրա նախասիրությունները հեռու են հայկական ազգային երաժշտական ձևերից ու մտածողությունից: Եվս մի խնդիր. Լոս-Անջելեսը երբեք էլ չի համարվել օպերային քաղաք, այստեղ անգամ մշտական գործող սիմֆոնիկ նվագախումբ չկա: Լորիս Ճգնավորյանի գլխավորած Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը չի կարելի ռեպերտուարային համարել, որովհետև այն հանդես է գալիս տարեկան մի քանի անգամ` կրոնական և համաժողովրդական տոների առթիվ լոկ: Ուրեմն, այդ ի՞նչ խթան կարող էր Դոմինգոյին նպատակաուղղել օպերայի բեմադրությանը: Իհարկե, դժվար չէ ենթադրել, որ այս գաղափարը ծնված կարող էր լինել Լորիս Ճգնավորյանի հուշումով: Չէ՞ որ վերջինիս ցանկություններից մեկն է Լոս-Անջելեսում հիմնավորել հայկական օպերաների բեմադրությունների ավանդույթը և կիսով չափ հայերով բնակեցված նահանգը վերածել դասական երաժշտության յուրօրինակ կենտրոնի: Ժամանակ առաջ հենց Ճգնավորյանը հայտարարեց, որ նպատակ ունի անդրադարձ կատարելու «Անուշ» օպերային: Այս օպերայի բեմադրությունն, անտարակույս, կարող է պատկերացում ձևավորել հայկական մոնոդիկ երաժշտության մասին, նպաստել մեր երաժշտության միջազգայնացմանը: Սակայն հազիվ թե գրեթե սիրողական ուժերով, այս դեպքում` ոչ պրոֆեսիոնալ ռեժիսուրայով ներկայացվող բերմադրությունն ի զորու լինի գոյավորել միջազգայնացման և ճանաչման գործընթացը: Լոս-Անջելեսում կարելի է բեմադրություն իրականացնել հրավիրյալ երգիչների ու երգչախմբի միջոցով, բայց, հավանաբար, ոչ` «Անուշը,», որի մեղեդային համակարգը պահանջում է ազգային երգի և երգեցողության կանոնների ճշգրիտ իմացություն: Գուցե այն տպավորությունը ձևավորվի, թե մենք դեմ ենք, որ մեր ազգային անդրանիկ օպերան հայտնի դառնա նաև օտարներին: Բնա´վ: Միջազգայնացման ամեն մի ջանք կարելի է միայն ողջունել, բայց ոչ` այս դեպքում: Այս նախաձեռնությունը կամ էլ ցանկությունը շատ ավելի դիտարկվում է որպես աշխարհահռչակ երգչի ստեղծագործա կան կամակորություն կամ էլ պահի մեջ հայտաբերված ռևերանս Հայաստանի նախագահին ու ամերիկաբնակ հայությանը, որի մի զգալի մասը պատրաստ է հանուն սնապարծության` մեծ գումարներ ծախսել ու ազգային օպերայի բեմադրության պատմության մեջ արձանագրել նաև Պլասիդո Դոմինգոյի անունը: Շատ ավելի լավ կլինի, եթե, ինչպես վերջին շրջանում ընդունված է, ՀՀ նախագահի «բարձր հովանու ներքո» Դոմինգոն հրավիրվի Երևան և նրա մասնակցությամբ բեմադրվի որևէ դասական օպերա` այսպես մեծացնելով ոչ բնավ իր վերելքի ճանապարհով ընթացող մեր օպերային թատրոնի հեղինակությունն ու ճանաչումը: Դոմինգոյի ներկայությունը բավական կլինի ակնկալվող բեմադրությունը ցուցադրելու աշխարհի տարբեր երկրներում: Իսկ «Անուշի» բեմադրության գաղափարն ամերիկյան հողում կարելի է ողջունել և հրավիրելով պրոֆեսիոնալ օպերային բեմադրիչի` ներկայացման մեջ ընդգրկել ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական օպերայի ճանաչված դեմքերի: Այս դեպքում միայն կարդարացվի ձեռնարկը, իսկ ամերիկյան հայ համայնքին էլ այլևս չեն նայի որպես մշակութային ժառանգություն չունեցող զանգվածի, որի երաժշտական նախասիրությունների մեջ առաջնայինը Արմենչիկի ու Հայաստանից մեկնող «կլկլացնող» երգիչների յուրատեսակ պաշտամունքն է: Ազգային արվեստի, հատկապես դասական երաժշտության միջազգայնացումը պետք է տեղի ունենա միայն ու միայն բարձր դրսևորումների հիման վրա, որպեսզի ամերիկյան ժողովրդագիրները հանկարծ չզարմանան, որ մարդահամարի ժամանակ հայերն իրենց ներկայացնում են որպես սպիտակներ` առաջին անգամ կարևորելով ազգային ինքնության և ծագումնաբանության առանձնահատկությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ