ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ


«Ավանգարդը» քանիցս անդրադարձել է զբոսաշրջության խնդիրներին, քանիցս նշել, որ հայ զբոսաշրջիկների արտահոսքը, դրսից եկող զբոսաշրջիկների տակավին ոչ մեծ ակտիվությունը պայմանավորված են Հայաստանում գործող բարձր գներով: Օրերս զբոսաշրջության խնդիրներին անդրադարձավ նաև Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը : Նա կրկնեց մտքեր և ներկայացրեց ցուցանիշներ, որոնք շատ վաղուց հայտնի են բոլորիս: Գնահատելով քսան տարիների ընթացքում Հայաստանում տուրիզմի զարգացումը, Ռ. Մինասյանը ոլորտում որակական առումով դրական տեղաշարժ է նկատում: Զբոսաշրջիկների քանակն ավելանում է, թեպետ խորհրդային տարիների շեմին հասնել չենք կարողանում: Ռ. Մինասյանը հավելում է, որ ծովը գերխնդիր չէ: Հայերը մեկնում են Վրաստան հանգստանալու, սակայն դա պայմանավորված է ոչ միայն ծովով, այլև տվյալ երկրի պայմաններով: Նրա գնահատմամբ` Չեխիան, Հունգարիան, Ավստրիան լավագույն զարգացած տուրիստական երկրներից են, թեև ծով չունեն: Հետևաբար կարևորը պայմաններն են, մշակութային արժեքներն ու դրանց ճիշտ ներկայացնելը: Սակայն Վրաստանի սևծովյան հանգստավայրեր մեկնող մեր հայրենակիցները չեն շփվում մշակութային արժեքներին, չեն հետաքրքրվում դրանց մատուցման ձևերով: Ռ. Մինասյանը հավելում է, որ այս տարի Սևանում անվճար լողափերի առկայության պարագայում շատ հայ զբոսաշրջիկներ նախընտրել են հանգստանալ ոչ թե Աջարիայում, այլ Սևանում: Անտարակույս ՀՀ նախագահի հրահանգով անվճար լողափերի ձևավորումը փոքր-ինչ մեղմեց սոցիալական լարվածությունը, շատերին հնարավորություն տվեց վայելել լեռնային գեղեցկուհու պարգևած հաճույքը: Սակայն անվճար լողափերը դեռևս չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ այստեղ չկան հստակ արտահայտված կանոնակարգումներ, հանգստացողների սպասարկումը չունի պատշաճ մակարդակ, ափամերձ շրջաններում տեղավորված սննդի վաճառքի տաղավարներում իշխում են չափազանց բարձր գները: Ընդունված է, որ պետությունը պետք է 30-40 տոկոս եկամուտ ստանա ներքին տուրիզմից: Հայաստանում դեռևս նման ցուցանիշի չեն հասել: Պատճառները բազմաթիվ են: Չգիտես ինչու, ոլորտի պատասխանատուներն ու Ռ. Մինասյանը խուսափում են խոսել Հայաստանի հյուրանոցների գների, սպասարկման ոչ բարձր մակարդակի մասին: Իհարկե, բանախոսի նշած գյուղատնտեսությունը, արդյունաբերությունն ու գիտությունը կարևոր ոլորտներ են, և նրանց զարգացումը պետք է ոչ միայն տուրիզմին: Սակայն խուսափելով հիմնական խնդիրներից և կենտրոնանալով փոքր-ինչ վերացական թվացող պատճառների վրա` տուրիզմի պատասխանատուներն ու նրա գիտական կազմակերպմամբ զբաղվողները մոռանում են, որ Ալբանիան Եվրոպայի թերզարգացած երկրներից մեկն է, որը չունի գիտություն, արդյունաբերություն, գյուղատն տեսությունն էլ գրեթե քայքայված է, սակայն այս երկիրը տարեկան զբոսաշրջությունից ստանում է մոտ 60 միլիարդ եվրո եկամուտ ու պետական բյուջի ձևավորման մեջ գերակա դարձնում զբոսաշրջային ինդուստրիայից եկող դրամական հոսքերը: Ուրեմն, խնդիրը բոլորովին այլ հարթությունում է, և ասուլիսներ հրավիրող մասնագետները պետք է նաև իրազեկ լինեն, ուսումնասիրեն հատկապես Եվրոպայի զբոսաշրջության սկզբունքները և նոր միայն հայտարարություններ անեն` չմոլորեցնելու համար առաջին հերթին հայաստանցիներին: Մենք ուսումնասիրեցինք մեր երկրի հյուրանոցների գնային քաղաքականությունը, հայացք հառեցինք անգամ Վանաձորում, Գյումրիում գտնվող ոչ առաջնակարգ հյուրանոցների գնացուցակներին և զայրույթով նկատեցինք, որ ամենուր տիրում է կամայականությունը: Կամայականությունից զատ` գերիշխում է պրոֆեսիոնալ մոտեցումների բացակայությունը: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահն ու Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորն այդպես էլ չբացատրեց, թե ինչ նկատի ունի` խոսելով նոր մոտեցումների անհրաժեշտության մասին: Որո՞նք են այդ նոր մոտեցումները, ինչպիսի՞ն են դրանք: Այս մասին չեն խոսում և բավարարվում են հռետորական հայտարարությու ններով: Մինչդեռ հենց նույն նոր մոտեցումների մեջ են մտնում գնային քաղաքականությունը, սպասարկման որակը, մշակութային զբոսաշրջության դրույթների կիրառումը: 2012 թ.-ին Հայաստանը դառնալու է Գրքի համաշխարհային կենտրոն, կազմակերպվելու են հայ տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումներ, իսկ այս տարվա դեկտեմբերին Երևանը վերածվելու մանկական Եվրատեսիլի եվրոպական կենտրոնի: Սրանք հրաշալի առիթներ են` Հայաստան բերելու մեծ թվով զբոսաշրջիկների, ընդլայնելու զբոսաշրջային քարտեզը: Սակայն մինչև օրս տուրիզմով զբաղվող մեր ընկերությունները չեն ներկայացրել համապատասխան ծրագրեր և հայեցակարգեր, չեն քննարկել միջոցառումների համալիր պլանները: Ավելին, քայլեր չեն կատարվել գնային քաղաքականության վերանայման ասպարեզում: Նշանակում է` ինչ-որ միություններ և ինստիտուտներ ինքնաբավ գործունեություն են ծավալում, տարփողում իրենց գոյությունը: Իսկ զբոսաշրջությամբ զբաղվողներն ու հյուրանոցների սեփականատերերը, ձևացնելով, թե տեղյակ չեն հայտարարություններին ու հանրային կարծիքին` շարունակում են իրենց գործունեությամբ երկիրը կանգնեցնել ծանր կացության առջև: Ժամանակն է, որպեսզի Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգից դուրս բերի Զբոսաշրջության և տուրիզմի վարչությունը, նրան հատուկ կարգավիճակ շնորհի և պահանջներ ներկայացնի` զբոսաշրջային ոլորտն օրենսդրական դաշտ բերելու և վերահսկողություն սահմանելու ուղղությամբ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ