ԲԱՐԵՍԻՐՈՒԹՅՈՒՆ


Հուլիսին ԱՄՆ-ում Project harmony կազմակերպության կողմից իրականացվող «Առաջնորդներ առանց սահմանների» ծրագրին Հայաստանից մասնակցել են 16-ամյա Դավիթ Պետրոսյանը և Վահան Կոստանյանը: Հայաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը ներկայացնող դպրոցականների առօրյան հագեցած էր զանազան ծրագրերով` 16 օր համատեղ անցկացված ճամբարային օրեր, ապա հյուրընկալ ընտանիքների ջերմ ընդունելություն: Դավիթը և Վահանն արդեն ճանաչում էին միմյանց, քանի որ նախկինում մասնակցել էին նմանատիպ այլ ծրագրերի: Վերադառնալով հայրենիք` պատանիներնը ստացած գիտելիքներն ու հմտություններն ի նպաստ դնելով, իրականացրին իրենց իսկ մտահղացած ծրագիրը: Նպատակն անապահով ընտանիքների երեխաների համար գրենական պիտույքներ հայթայթելն էր: Անշուշտ, նախաձեռնությունը ոգևորող էր, իսկ իրականացնողների կամքն ու պատրաստակամությունը` մեծ: Ուստի, ստանալով Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության համաձայնությունն ու թույլտվությունը` անմիջապես ձեռնարկեցին առաջին քայլերը: Կամավոր դպրոցականների ուժերով հանգանակության արկղեր պատրաստեցին և տեղադրեցին մի շարք հասարակական վայրերում: - Մասնակցելով ծրագրին, ներկայացնելով մեր երկիրը, մենք մեծ պատասխանատվություն էինք զգում: Բացի այդ, չէինք ցանկանա, որ մեր ստացած գիտելիքներն անարդյունավետ լինեին: Փորձեցինք ամեն ինչ անել, որ մեր նպատակն իրականանա: Ժամանակային առումով ծրագիրը համընկավ նոր ուսումնական տարվա սկզբի հետ: Մտածեցինք, որ այնքան երեխաներ կան, ովքեր գրենական պիտույքների անհրաժեշտություն ունեն: Իսկ նրանց օգնելու ցանկությունը մեծ էր,- պատմում է Վահանը: Պատանիների նախաձեռնությունը մեծ արձագանք ստացավ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: Ստեղծված` «Նրանց միայն գրենական պիտույքներ են անհրաժեշտ» խմբի անդամներն ակտիվ մասնակցություն ունեցան կատարվող աշխատանքներին` իրենց կողմից ևս գրենական պիտույքներ նվիրելով անապահով ընտանիքների երեխաներին: Հանգանակության արկղեր տեղադրվեցին նաև պատանիների կրթօջախներում: Բացի գոյացած գումարը, ձեռք բերվեց շուրջ 100 տետր, 200 գրիչ: Եվս 100 տետր տրամադրեց ՀՀ ոստիկանության տպարանը: Ապա, ՀՀ սոցիալական հարցերի նախարարության և «Ար» հեռուստաընկերության օգնությամբ ընտրելով առավել կարիքավոր ընտանիքներին, երեխաները ձեռք բերած գրենական պիտույքները և պայուսակները հասցրեցին նոր տերերին: - Մինչ օրս օգնել ենք 35 աշակերտների: Բայց ավելացած գումարով այդ թիվը կարող ենք հասցնել 50-ի: Ցանկություն ունենք, որ ծրագիրը շարունակական լինի: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել բոլոր հասարակական վայրերի տնօրեններին, որտեղ տեղադրվել են մեր հանգանակության արկղերը: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին, ով օգնեց իր խորհուրդներով և կապեր հաստատելու առումով: Երևանի թիվ 78 դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանին, ով մեզ թույլ տվեց հանգանակության արկղ տեղադրել դպրոցում` բացառության կարգով, քանի որ բարեգործական բնույթ ուներ: Կարծում եմ` դպրոցական երեխաների մեջ էլ ձևավորվեց հասակակիցներին օգնելու մշակույթը և այն գիտակցումը, որ իրենց նվիրաբերած 50 կամ 100 դրամները կարող են մեծ գործերի սկիզբ դառնալ և երջանկացնել իրենց տարեկիցներին,- համոզված է Դավիթը: Դավիթը և Վահանը նաև աչքի են ընկնում ուսման մեջ ունեցած մեծ հաջողություններով, իրենց նախասիրություններով ու մտածելակերպով, նախաձեռնող ու պրպտուն բնավորությամբ: Դավիթը հետաքրքված է պատմությամբ և քաղաքականությամբ: Մասնակցում է տարբեր ծրագրերի` համոզված լինելով, որ ապագան երիտասարդ սերնդինն է: Մեծ ցանկություն ունի դառնալ քաղաքական գործիչ. Վահանը մի քանի օլիմպիադաների հաղթող է: Իսկ 2010-ին ՀՀ Նախագահի կողմից արժանացել է տարվա լավագույն աշակերտ կոչմանը: Սիրում է պատմական գրքեր ընթերցել: Նաև բանաստեղծություններ է գրում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ