Հայտնաբերվել է գլադիատորների դպրոց


Ավստրիացի հնէաբանները ծանուցել են, որ հայտնաբերել են մեծ, լավ պահպանված հռոմեական գլադիատորների դպրոց: Դպրոցը գտնվել է հին հռոմեական Կառնունտ քաղաքի ծայրամասում, որը ռազմական և առևտրական կարևոր կենտրոն էր: Ինչպես տեղեկացրել է BBC¬ն` թեև պեղումները դեռ չեն սկսվել, բայց ռադիոլոկացիոն տեխնոլոգիաներով կատարված նկարահանումները հայտածել են համալիրի շուրջ եղած հաստ պատերը, որոնց ներսում եղած 40 նեղ սենյակներում ապրել են գլադիատորները: Տարածքում նաև հատուկ տարածք է առանձնացված մարզումների համար, և կա մեծ բաղնիք: Եթե նկարները ճիշտ են վերծանել, ապա դպրոցի պատերի կողքին` դրսի կողմից, կա գերեզմանատուն, ուր հուղարկավորվել են մարզումների ժամանակ զոհված մարտիկները: Ենթադրվում է, որ 1700 տարի առաջ բարգավաճում ապրած Կառնունտի բնակչությունը կազմել է 50 հազար մարդ: Քյոլնում գտնվող Հռոմեա-գերմանական թանգարանի մասնագետների կարծիքով` գլադիատորների դպրոցի եռաչափ պատկերը հուշում է, որ դա եղել է մասամբ զորանոցի, մասամբ էլ բանտի նման ինչ¬որ հաստատություն: Գլադիատորներից շատերը եղել են դատապարտյալներ` քրեական կամ ռազմական հանցագործությունների համար ու գրեթե միշտ` ստրուկներ: Հայտնաբերվածը մի հատվածն է այն հսկայական տարածքի, որտեղ 1870¬ական թվականներից պեղումներ են կատարվում. սակայն ուսումնասիրված է դրա հազիվ 1 տոկոսը: