ԱՆԵԼԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ


Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանում իշխանության և ընդդիմության միջև քաղաքական պայքար իսկապես գոյություն ունի: Սակայն, եթե մի փոքր ավելի իրատես լինենք, ապա դժվար չի լինի եզրակացնել, որ նման պնդումների համար կամ լրիվ պետք է անտեղյակ լինել ներկա քաղաքական գործընթացներից, կամ էլ նորից է պետք քննության առնել Նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանը: Այլապես վաղուց արդեն ակնհայտ է, որ իրականում իշխանության համար մրցավազքն ավարտվել է հենց ընտրությունների օրը, երբ սկսեցին հրապարակվել քվեարկության նախնական արդյունքները, երբ հայտնի դարձավ, որ իշխանության թեկնածուն շեշտակի առավելությամբ առաջ է անցել իր բոլոր մյուս մրցակիցներից: Այստեղ էր, որ Լ. Տեր-Պետրոսյանի թիմը գործեց հետագայում ճակատագրական դարձած սխալը` հայտարարելով, թե քվեարկության արդյունքները կեղծվել են: Հուսահատության արդյունքում առաջ քաշված այս պնդումն ավելի ուշ բացահայտեց, որ ժամանակավրեպ և, մեղմ ասած, ոչ հավատընծա այդ գնահատականն իրականում գծագրելու էր հետագա պայքարի այն կարճատև շրջանը, որն ընդամենը տասնօրյա «երկարակեցություն» ունեցավ և տասը մարդու կյանք արժեցավ: Համենայն դեպս, մարտի 1-ից հետո ինչ-որ լարվածության մասին խոսելն արդեն ավելորդ է, և հաջորդող ամեն մի օր ավելի ու ավելի է հաստատում, որ ՀՀ 3-րդ Նախագահի ընտրությունների պատմական էջն արդեն փակված է, հետագա պայքարի հիմքեր չկան, և Հայկական լեռնաշխարհը դարձյալ անառիկ է մնացել տարաբնույթ հեղափոխական ներգործությունների համար: Ասել է թե` լարվածության ու ճգնաժամի հասունացման համար (ընդ որում, ոչ այնքան վատ կազմակերպված կատարմամբ) ամեն ինչ արվեց նախքան քվեարկությունը, բայց անելանելի հետընտրական իրավիճակը, որում հայտնվեցին հայրենի արմատականները, արդեն իսկ ինքնաբերաբար հանգեցնելու էր նույն այդ լարված մթնոլորտի լիցքաթափմանը: Ահա թե ինչու են հաջորդող ամիսներին ակտիվության վերականգնման բոլոր փորձերը հաջորդարար ձախողվում` իբրև հետևանք նոր թափ հաղորդելով համակիրների փոքրաքանակ խմբի հետզհետե ավելի ու ավելի ագրեսիվ դարձող տրամադրություններին: Այլ կերպ դժվար է բացատրել Հյուսիսային պողոտան բացօթյա հավաքատեղի դարձրած այն մի քանի տասնյակ մարդկանց պահվածքը, ովքեր ծայրահեղ անհանդուրժող են դարձել շրջապատում կատարվող անցուդարձի հանդեպ: Իրավիճակի հաղթահարման հարցում լուրջ դժվարությունների առաջ է կանգնել անգամ Լ. Տեր-Պետրոսյանը: Եվ չի բացառվում, որ նա հնարավոր ելքն առաջադրելիս երկրորդ ճակատագրական սխալը գործի: Հանրահավաքային շարժման` օգոստոսի 1-ից հռչակվելիք նոր կարգախոսն, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը պետք է դառնա: Հարց, որի քննարկումն անգամ վաղուց արդեն նույնքան անհեթեթ է, որքան ընտրությունների կեղծված լինելու թեման: Ճիշտ է, Լ. Տեր-Պետրոսյանն օգոստոսի 1-ին կպնդի, թե քաղաքական քաղաքավարությամբ առաջնորդվելով` ինքը հարյուր օր համբերել ու նոր Նախագահին գրեթե չի քննադատել, սակայն բարեկիրթ վարքականոնի ցուցադրական արտահայտությունը ևս ոչինչ չի փոխի պայքարի ծավալուն ընթացքը վերագտնելու հարցում: Վերջին հաշվով, հարցն ավելի շատ ոչ թե օրվա ելույթի մատուցման ձևին, այլ պայքարի հունը վերագտնելուն է առնչվում: Եվ այստեղ բոլորովին էլ նշանակություն չունի, թե գլխավոր բանախոսը հատկապես ում է ավելի շատ քննադատում: Առավել ևս` նա բազմիցս է համոզվել, որ ոչ քննադատության հաճախականությունը, ոչ էլ բարձր դոզան այլևս ի զորու չեն ավելացնելու այդպես էլ կրիտիկական չդարձած զանգվածի` հանրահավաքից-հանրահավաք նոսրացող շարքերը: